Ֆրանսահայերի «Ալյանս արմենիեն» («Հայկական դաշինք») ընկերակցության հրապարակած փաստաթղթից տեղեկանում ենք, որ Հայաստանի քրիստոնեացմանը նվիրված հոբելյանական հանդիսությունների եզրափակման առիթով կաթոլիկ աշխարհի կենտրոնավայր Վատիկանում կանգնեցվելու է Սբ. Գրիգոր Լուսավորչի մոնումենտալ արձանը:
Փարիզի «Աշխարհ» թերթը նշում է, որ արձանի հանդիսավոր բացումը կատարելու է Հռոմի Հովհաննես-Պողոս Բ պապը: Սպիտակ մարմարից կերտվող արձանի հեղինակը հայ քանդակագործ Խաչիկ Ղազանչյանն է: 5,5 մետր բարձրություն ունեցող 26 տոննանոց արձանը տեղադրվելու է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին պատի վրա:
Արձանի տեղն ընտրվել է հայ կաթոլիկների Ներսես-Պետրոս 19-րդ Կիլիկիո կաթողիկոս-պատրիարքիՙ Հովհաննես-Պողոս Բ պապին հասցեագրված խնդրանքին համապատասխան:
Հաշվարկների համաձայն, հսկա արձանի կերտման եւ տեղադրման ծախսերը կազմելու են 250 հազար դոլար: Այս կապակցությամբ ընդունվում են նվիրատվություններ, որոնք կարելի է ուղարկել «Ալյանս արմենիեն» ընկերակցության հասցեովՙ 10bis, rue Thouin 75005 Paris.
Պ. Ք.