Փողոցի մեր բարեկամներըՙ թափառող շները, շարունակում են մնալ անպաշտպան, չնայած Երեւանում կառուցվող առաջին շնաբուծարանի: Առանց որեւէ աջակցության, անհատական նախաձեռնությամբ Երեւանի Էրեբունի թաղամասի Արին-Բերդ փողոցի վրա նորակառույց շնաբուծարանը անբավարար ֆինանսների պատճառով առայժմ անավարտ է եւ բացի դրամական օգնությունից, շինանյութերի կարիք եւս ունի: Շինարարական աշխատանքներն ամբողջացնելուց հետո «SOS» շների պաշտպանության հասարակական կազմակերպությունը քաղաքապետարանի հայտարարած մրցույթին մասնակցելուց եւ շահելուց հետո միայն կարող է ակնկալել քաղաքապետարանի ֆինանսական աջակցությունը:
Խմբագրություն զանգահարած մի բնակչուհի հուզված եւ ծայրահեղ վրդովված իր բողոքն էր արտահայտում Ղուկասյան 17 հասցեում նորածին շան ձագերի նկատմամբ «Դամիարք» կազմակերպության երեկվա վայրենի արարքից: Մերժելով թափառող շների հարցը վանդալիզմի ճանապարհով լուծելու եղանակը, որից ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել մեր քաղաքի պատասխանատուները, տիկինն առաջարկում էր շներին սպանելու կամ վնասազերծելու համար քաղաքապետարանի նախատեսած գումարը փոխանցել վերոնշյալ նորակառույց շնաբուծարանինՙ շինաշխատանքներն արագացնելու համար, որպեսզի թափառող շները վերջապես ապաստան գտնեն եւ քաղաքակիրթ մարդասիրական վերաբերմունք եւ աջակցություն ստանան, այսպես կհանդարտվեն նաեւ այլեւայլ կրքեր այս խնդրի հետ կապված: Իսկ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն օգնել շնաբուծարանի կառուցման աշխատանքներին շինմիջոցներով կամ ֆինանսով խնդրում ենք դիմել Նունե Մեհրաբյանինՙ 55 47 88 կամ 09 41 24 59 հեռախոսահամարներով:
Մ. Բ.