Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարին հաջորդեց արագ շախմատի Եվրոպայի հերթական առաջնությունը, որը կրկին անցկացվեց Երեւանի շախմատիստի կենտրոնական տանը: 96 մասնակիցներից 60-ը ներկայացնում էին Հայաստանը: Մասնակիցների թվում էին հուշամրցաշարին մասնակցած մի շարք շախմատիստներ: Ընդ որում, ՖԻԴԵ-ի վարկանիշային ցանկում 2600 եւ բարձր անհատական գործակից ունեցող շախմատիստները հանդես էին գալիս առանց մուտքավճարի, իսկ ավելի ցածր գործակից ունեցողները 20-ական եվրո էին վճարել: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 10 հազար եվրո էր, որը բաշխվելու էր լավագույն արդյունքի հասած 20 շախմատիստների միջեւ: Հաղթողին սպասում էր 2000 եվրո դրամական պարգեւ, 2-րդ եւ 3-րդ տեղերինՙ համապատասխանաբար 1500 եւ 1000-ական եվրո: 17–20-րդ տեղերը զբաղեցրածները պարգեւատրվելու էին նվազագույն գումարովՙ 150-ական եվրոյով:
Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Յուրաքանչյուր պարտիայի համար մրցակիցներին տրամադրվել էր 15-ական րոպե գումարած 10-ական վայրկյան յուրաքանչյուր քայլի դիմաց: Առաջին օրը մասնակիցներն անցկացրին 6 տուր: Առաջին օրվա արդյունքներով լավագույն ցուցանիշն ուներ վրացի շախմատիստ Զվիադ Իզորիան, որը վաստակել էր 5,5 միավոր: Առաջատարի հետ միակ ոչ-ոքին իր օգտին էր գրանցել ռուսաստանցի Դմիտրի Ֆրոլյանովը: Իզորիայից կեսական միավորով հետ էին մնում Լեւոն Բաբուջյանը, Դմիտրի Ֆրոլյանովը, Արթուր Չիբուխչյանը, Ալեքսանդր Եվդոկիմովը եւ Սերգեյ Իսկուշինը:
Մրցումների երկրորդ օրը շարունակվեց համառ մրցավեճն առաջնության պարգեւների համար: Ավարտական տուրից առաջ աղյուսակը 8,5 միավորով գլխավորում էր Վասիլի Իվանչուկը: Նրանից կես միավորով հետ էր մնում Զվիադ Իզորիան: 7,5-ական միավոր էին վաստակել Ալեքսեյ Իլյուշինն ու Արա Մինասյանը: Հենց նրանց մասնակցությամբ հանդիպումների ելքն էլ վճռորոշ դարձավ պարգեւների բաշխման հարցում: Մինասյանը սպիտակներով խաղում էր Իզորիայի, իսկ Իվանչուկըՙ Իլյուշինի հետ: Առաջին պարտիայում մրցակիցներն ընդամենը մի քանի քայլ կատարելուց հետո խաղաղ դաշն կնքեցին: Դա նշանակում էր, որ չեմպիոնի կոչմանն արժանանալու համար Իվանչուկին բավարարում էր ոչ-ոքի արդյունքը: Ուստի շուտով Իվանչուկն ու Իլյուշինն էլ խաղաղ բաժանվեցին: Արդյունքում ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը 9 միավորով հռչակվեց արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն եւ արժանացավ 2 հազար եվրո դրամական պարգեւի ու ոսկե մեդալի: Արծաթե մրցանակակիր դարձավ Զվիադ Իզորիան (8,5 միավոր)ՙ արժանանալով 1500 եվրոյի: 5 մասնակիցներՙ Բենիամին Գալստյանը, Ալեքսեյ Իլյուշինը, Արա Մինասյանը, Ալեքսանդր Արեշչենկոն, Արթուր Չիբուխչյանը վաստակեցին հավասարՙ 8-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով 3-րդ մրցանակակիր դարձավ Բենիամին Գալստյանըՙ արժանանալով 1000 եվրոյի: Իսկ ընդհանուր առմամբ, դրամական պարգեւների արժանացան լավագույն արդյունքի հասած մրցաշարի 20 մասնակիցներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ