«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2004-11-26 | #213, 2004-11-27 | #214, 2004-11-30


ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՐԲԱԳՐԵԼ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Թոշակների հաշվառման անձնավորված համակարգը 5 տարի անց կպայքարի աշխատաշուկայի արատավոր իրողությունների դեմ

Հայտնի է, որ հոկտեմբերի 1-ից կենսաթոշակներն ավելացան, երբ կառավարական որոշմամբ 1 տարվա ստաժի ապահովագրական արժեքը 140 դրամից դարձավ 160 դրամ: Թոշակների միջին չափը լրացավ 500-600 դրամով:

Բացի թոշակների խիստ համեստ չափերից այս ոլորտում չլուծված այլ խնդիրներ էլ կան, որոնք ուղղակի հարվածում են թոշակառուների շահերին: Կենսաթոշակների մասին օրենքը հաստատվել է` ակնհայտորեն չխորանալով բազմաթիվ խնդիրների էության մեջ, հանգամանալի չվերլուծելով ու չմանրամասնելով դրանք: Օրենսդրության համաձայն աշխատանքային տարիքի անձը կարող է զբաղեցնել միաժամանակ 2 կամ ավելի աշխատատեղ, այսինքն վճարումներ անել միանգամից 2 կամ 3 տեղ: Սակայն օրենքն անհասկանալիորեն շրջանցել է այս իրողության հավանականությունը, եւ 1 օրացուցային տարվա մեջ 1 տարուց ավելի ստաժ չի հաշվարկում: Այս մասին օրենսդրության մեջ ուղղումներ անելու բազմաթիվ բողոքներ են ներկայացնում թոշակառուները, այդ բովանդակությամբ նամակներ ստացել է նաեւ «Ազգը»:

Մեր հարցմանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության բաժնի պետ Ռոզա Մկրտչյանը պատասխանեց. «2005 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է ներդնել նորՙ անձնավորված հաշվառման համակարգ, այդ մասին այժմ կառավարությունում համապատասխան որոշման նախագիծ է նախապատրաստվում: Նոր համակարգի ներդրումից հետո միանգամից մի քանի տեղ աշխատող անձանց սոցիալական ապահովագրության հիմնադրամին վճարները կհավաքվեն նրանց անձնական հաշիվներում: Հետագայում թոշակների չափը հաշվարկելիս հաշվի կառնվի նաեւ սոցիալական մուծումների քանակը: Սակայն դրա գործնական կիրառումը կլինի ոչ պակաս 5 տարուց, նոր օրենք պիտի գրվի նաեւ կենսաթոշակի հաշվարկման համար: Այնպես որ, այս նորամուծությունից կշահեն միայն համակարգ նոր մտնող կենսաթոշակառուները»: Այսինքն, հիմնարկ-ձեռնարկություններից կենսաթոշակային գումարներ փոխանցումը կլինի ոչ թե մեկ ընդհանուր կաթսայում, այլ` հատ-հատ, յուրաքանչյուրի անուն- ազգանունով: Ինչքան աշխատավարձ են ստացել եւ ինչքան վճարումներ արել:

Ակնկալվում է, որ անձնավորված հաշվառումը կլուծի բարձիթողի մեկ այլ խնդիր եւս: Գաղտնիք չէ, որ հիմնարկ-ձեռնարկություններն ու կազմակերպությունները կենսաթոշակային հիմնադրամին փոքր գումարներ վճարելու համար ներկայացնում են աշխատողների աշխատավարձի նվազեցված գումարներ: Դա եւս անուղղակի հարվածելու է թոշակառուի շահերին, քանի որ հետագայում արհեստականորեն նվազեցված վճարների համապատասխան խղճուկ գումար է ստանալու: Բացի այդ, աշխատաշուկայում գործատիրոջ անսահմանափակ իրավունքների ու մենիշխանության պայմաններում աշխատողները նույնիսկ չգիտենՙ այդ վճարները արվո՞ւմ են հիմնադրամին, թե՞ ոչ, կամ եթե արվում են, ի՞նչ չափով:

Անձնավորված հաշվառումների ներդրումը աշխատողին նաեւ իրավունք է վերապահելու տարին մեկ անգամ գրավոր հարցում անել հիմնադրամին եւ տեղեկանալ, թե իր անձնական հաշվում ինչքան գումարներ են հավաքվել: Նույն նպատակով նա կարող է գրավոր դիմել գործատուին եւ գրավոր պատասխան պահանջել: Այս նորամուծությունը խիստ արժեքավոր է, եթե նկատի առնենք կառավարության 1990 թվականի այն որոշումը, որի համաձայն կենսաթոշակի ձեւակերպման ժամանակ անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ թոշակառուն պետք է ներկայացնի նաեւ սոցիալական ապահովության վճարները ժամանակին կատարելու մասին տեղեկանք: Ի՞նչ է լինելու այն մարդու վիճակը, եթե տվյալ կազմակերպությունը, ուր նա ժամանակին աշխատել է, վաղուց արդեն լուծարվել է կամ եթե գործում է, ապա ժամանակին տվյալ անձի անունով վճարումներ չի արել:

Արդեն հայտնի է, որ հունվարից սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից սոցվճարների հավաքումը կփոխանցվի հարկային պետական տեսչությանը: Վերջինիս անհամեմատ կոշտ վարքաձեւը հավանաբար կնպաստի այս ասպարեզում արմատավորված արատավոր իրողությունների նվազմանը:

Մեկ այլ, դարձյալ հեռահար օրենքով նախատեսվում է նաեւ կամավոր ապահովագրական վճարների ներդրում, որը թոշակառուին հնարավորություն կտա կամավոր, լրացուցիչ վճարների միջոցով ծերության տարիքում ապահովելու բարձր թոշակ:

Թոշակառուները շատ են բողոքում նաեւ թոշակների վճարման ժամկետներից: Դարձյալ անհասկանալի անփութությամբ գործող օրենքը թոշակների վճարման ժամկետ սահմանել է յուրաքանչյուր հաջորդ ամիսը, այսինքն նախորդ ամսվա թոշակը թոշակառուն կարող է ստանալ մինչեւ նույնիսկ հաջորդ ամսվա վերջին օրերը: Առաջներում թոշակառուն իր թոշակն ստանում էր հենց ամսվա սկզբում, որը հնարավորություն էր տալիս թեկուզ համեստ գումարների շրջանակում կարգավորելու իր համեստ բյուջեն: Վճարման կոնկրետ օրվա բացակայությունը նաեւ նյարդային սպասումների տեղիք է տալիս, քանի որ շատ-շատերի համար թոշակը ապրուստի գլխավոր միջոց է: Սովորաբար այս ուշացումը պատճառաբանում են մուտքերի անկանոն հավաքմամբ, սակայն եթե նույնիսկ այդպես է, ապա դա պետության եւ ոչ թե թոշակառուի խնդիրն է, տուժողը նա չպետք է լինի:

Ընդհանրապես, մեր պետությունը աններելի դանդաղկոտութուն է ցուցաբերում թոշակառուներին վերաբերող խնդիրների լուծման հանդեպ: Նույնիսկ թոշակների չափը որոշելիս անձնական գործակից կիրառելու կարգը սահմանվեց միայն անցած տարվա ապրիլին: Հիշեցնենք, որ այդ նորամուծությունը վերջապես տարբերակում դրեց 25 տարի եւ, ասենք, 40 կամ 50 տարի աշխատած մարդկանց թոշակների չափի միջեւ:

Հակառակ խորհրդային տարիների, այժմ գործող կենսաթոշակային օրենքը որեւէ արտոնավճար եւս չի նախատեսում թոշակառուների համար: Մինչեւ 1991 թվականը Հայաստանում գործում էին հանրապետական եւ միութենական անհատական կենսաթոշակները, որոնք նման արտոնություն սահմանում էին միայն կուսակցական ղեկավար անձանց` շրջկոմի քարտուղարներին, կառավարության աշխատողներին:

Իրենց աշխատանքային գործունեությամբ մեր պետության հանդեպ վաստակ ունեցող անձինք այսօր էլ կան, սակայն համահարթեցման սկզբունքով թոշակների վճարման ժամանակ որեւէ տարբերակում չի դրվում: Մինչդեռ թեկուզ ոչ հիմնադրամի, այլ պետական բյուջեի ոչ մեծ հատկացումներով կարելի էր արտոնավճարներ սահմանել, գոնե իբրեւ նրանց ծառայությունների բարոյական փոխհատուցում:

Գործող կենսաթոշակային օրենքը նման «ավելորդ» մանրամասների մեջ չի խորացել:

Մեր հասարակության ամենաանպաշտպան շերտն այսօր ծերացող ու ծերացած թոշակառուներն են: Անցած տարվա հունվարի 1-ի տվյալներովՙ նրանց թիվը հանրապետությունում 546 հազար էր:

Նրանցից շատերի զավակները ընտանիքների հետ հեռացել են Հայաստանից, շատերի զավակներն այստեղ են, բայց աշխատանք չունեն: Տարեցներն ավելորդ հոգս են դարձել հասարակության համար, որը նվաստացնում է նրանց փողոցում, տրանսպորտում, ընտանիքում: Պետությունից նրանց ստացած գումարի չափը խիստ հեռու է սպառողական զամբյուղի իրական բովանդակությունը բավարարելու հնարավորությունից:

Պետական ուշադրությունը մեր հասարակության տարեց անդամների հանդեպ առայժմ արտահայտվում է միայն ֆինանսական ժլատ մասհանումներով:

2005 թվականի բյուջեի նախագիծը մի փոքրիկ մխիթարանք եւս նախատեսում է նրանց համար` գալիք տարում հիմնական կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով, 3000-ը կդառնա 4000 դրամ:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4