Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով նոյեմբերի 23-ին Բուդապեշտում տեղի ունեցած դատաքննության մանրամասները երեկ հանրային ռադիոյի սրահում ներկայացրին Գուրգեն Մարգարյանի եւ Հայկ Մակուչյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, պատմաբան Հայկ Դեմոյանը:
Մարդասպան Ռամիլ Սաֆարովը մեղադրվել է 166 հոդվածի երկրորդ մասովՙ հայ ազգի ներկայացուցիչների դեմ կանխամտածված դաժան սպանություն եւ մահափորձ կատարելու համար: Մեղադրանքը հրապարակվելուց հետո Սաֆարովը փորձել է փոխել իր նախնական ցուցմունքըՙ դաժան ու կանխամտածված սպանության մեղադրանքը մեղմելու նպատակով, քանի որ 166 հոդվածի առաջին մասով նախատեսվում է 5 -15 տարի ազատազրկում, իսկ երկրորդ մասովՙ 10-15 տարի կամ ցմահ բանտարկություն: Նրա բոլոր ջանքերն անցել են ապարդյուն, որովհետեւ տեղազննության ընթացքում նկարահանված նյութի ցուցադրումն ապացուցել է սպանության ողջ դաժանությունը: Հետաքննության բոլոր նյութերը նաեւ ցույց են տվել, որ սպանությունը կատարվել է կանխամտածված: Կացինը կենցաղում օգտագործելու նպատակով գնելու նրա հորինած պատմությունը դատարանում հավատ չի ներշնչել, եւ Սաֆարովը դրանից հետո հրաժարվել է որեւէ հարցի պատասխանելուց: Այնուհետեւ հարցաքննության է հրավիրվել Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում ապրած հունգարացի սպան, որը սաստիկ հուզված նախ նկարագրել է դեպքի ահավոր մանրամասները, հետո խոսել Գուրգեն Մարգարյանի մասին, նրան բնութագրելով որպես ազնիվ ու հոգատար ընկերոջ: Զինծառայող Հայկ Մակուչյանը հարցաքննության է ներկայացել որպես տուժող եւ վկաՙ եւս մեկ անգամ ապացուցելով իր դեմ կատարված մահափորձը:
Տկն Վարդանյանը նշեց, որ «ազգային հերոս» դարձած Սաֆարովը վերջին դատավարության ժամանակ բավականին խեղճացած է եղել եւ նույնիսկ զղջացել իր արարքի համար: «Նա ձեռքերը փրփուրին էր գցել ու փորձում էր ինչ -որ կերպ մեղմել իր հանցանքը: Ադրբեջանցիները հոդվածի մասը փոխելու ճիգեր են անում, սակայն Սաֆարովի առաջին ցուցմունքները որեւէ կասկած չեն հարուցում, որ սպանությունը կատարվել է կանխամտածված եւ դաժանորեն», ասաց տկն Վարդանյանը: Ի տարբերություն նախորդ ցուցմունքների, այս անգամ դրանք եղել են խիստ հակասական, անհամոզիչ ու իրարամերժ:
Հոգեբանական ու բժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, «հոգեպես ու ֆիզիկապես առողջ» Սաֆարովը չնայած մի քանի ակադեմիա է ավարտել, սակայն նրա մտավոր զարգացումը միջնակարգ դպրոցի մակարդակից չի բարձրացել: Երբ Սաֆարովին հարցրել են, համաձա՞յն է այդ եզրակացությանը, պատասխանել է, թե իրեն ժամանակ է պետք դրա մասին մտածելու համար:
«Ի՞նչ արձագանք է ունեցել դատավարությունը Բուդապեշտում» հարցին պատասխանեց Հայկ Դեմոյանը, հիշեցնելով ադրբեջանական մամուլում տեղ գտած ստահոդ պատմությունները ադրբեջանական դրոշով հայ սպաների կոշիկները սրբելու կամ ադրբեջանուհիներին բռնաբարելու ձայներիզների մասին, որոնք ադրբեջանցիները տարբեր ֆորումներում ներկայացնում են որպես սպանության գլխավոր դրդապատճառ: Մինչդեռ Սաֆարովի ոչ մի ցուցմունքում այդ պատմությունների մասին որեւէ խոսք չի եղել: Հունգարական թերթերում տպագրված նյութերը առաջիկայում կթարգմանվեն հայերեն: Հայկ Դեմոյանը զարմանքով նշեց, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, առանց սկզբնաղբյուրը ստուգելու, միանգամից հղում են անում ադրբեջանական աղբյուրներին: Օրինակ, «Նովոյե վրեմյա» թերթը նույնությամբ արտատպել է «Զերկալո» թերթում տպագրված նյութըՙ տարածելով ապատեղեկատվություն: Իսկ «Գոլոս Արմենիի» թերթում կողք-կողքի են դրվել սպանվածի եւ հանցագործի լուսանկարները, որը, նրա խոսքերով, բարոյական խնդիր է եւ չափազանց վտանգավոր:
Սաֆարովի փաստաբանի միջնորդության պատճառով դատավարությունը հետաձգվել է մինչեւ փետրվարի 8-ը: Նա դատաքննության է հրավիրել ադրբեջանցի մյուս սպային, ինչպես նաեւ Հայկ Մակուչյանի հետ նույն սենյակում բնակված լիտվացի սպային: Նազելի Վարդանյանը նշեց, որ ինքը, որպես դատավորի օգնական, միջնորդություն կանի մարդասպանին 166 հոդվածի ամենախիստ կետովՙ ցմահ բանտարկության դատապարտելու համար: Թե ի՞նչ վճիռ կկայացնի դատարանը, դեռ վաղ է ասել: Հունգարիայի արդարադատության նախարարության թույլտվությունից է կախված նաեւ ոճրագործին Ադրբեջան տեղափոխելը, ինչը թույլ չտալու համար հայկական կողմը լուրջ աշխատանքներ պետք է տանի:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ