«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2004-11-27 | #214, 2004-11-30 | #215, 2004-12-01


Ո՞ՒՄ ԳՐՔԵՐՆ ԵՆ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ամեն տարի Հայաստանում տպագրվում են բազմաթիվ գրքեր, որոնց մի մասըՙ պետական աջակցությամբ (գրահրատարակման սուբսիդավորմամբ): Պետական պատվերով գիրք հրատարակելու մեխանիզմը հրատարակչական գործի գործակալության պետի տեղակալ Գուրգեն Պողոսյանը նկարագրեց հետեւյալ կերպ: Թերթերում նախապես տրվում են հայտարարություններ, եւ հեղինակներն իրենց ստեղծագործությունների բնագրերով ներկայանում են գործակալություն, որը գրքերի ցանկը ներկայացնում է մշակույթի նախարարության պետպատվերով հրատարակվող գրականության քննարկման հանձնաժողով: «Նշյալ հանձնաժողովն էլ ընտրում է այն գրքերը, որոնք պետք է հրատարակվեն պետպատվերի շրջանակներումՙ հաշվի առնելով ստեղծագործության արժեքը, ծավալը, գործակալության ներկայացրած նախահաշիվը եւ այլ չափորոշիչներ», ընդգծեց պրն Պողոսյանը: Ընտրված գրքերի ցուցակը հաստատվում է կառավարության հատուկ որոշմամբ: Սակայն կառավարության որոշմամբ հաստատված 2004 թ. եւ անգամ նախորդ տարիներին պետական աջակցությամբ հրատարակված գրքերի ցուցակը Գուրգեն Պողոսյանը չտվեցՙ պատճառաբանելով, որ դա անիմաստ է: Թերեւս հասկանալի է, թե ինչու գործակալության պետի տեղակալը չտվեց այդ ցուցակը, չէ՞ որ այդ դեպքում պարզ կդառնար, թե ում եւ ինչպիսի արժեքային ստեղծագործություններ են հրատարակվել: Փոխարենը պրն Պողոսյանը տվեց ընդհանուր տվյալներ եւ ասաց, որ դրանք բոլորը լավ կլինի նշել մոտավոր: Եվ այսպես, ըստ այդ տվյալների, 2003 թ. պետական աջակցությամբ հրատարակվել է 150 անուն գիրք, 122.600 տպաքանակով, որից մանկական գրականությունՙ 63 անուն, 66500 տպաքանակով (40 մլն դրամ), հանրագիտարանային գրականությունՙ 3 անուն, 2500 տպաքանակով (28 մլն դրամ), գիտահանրամատչելի գրականությունՙ 15 անուն, 10500 տպաքանակով (22,6 մլն դրամ), այլ գրականությունՙ 69 անուն, 43.100 տպաքանակով (15 մլն դրամ): Փաստորեն, 2003 թ. հրատարակված գրքերի համար ծախսվել է 105,6 մլն դրամ:

2004 թ. պետական աջակցությամբ հրատարակված գրքերի ցանկը հետեւյալն էՙ 165 անուն գիրք, 72,950 ընդհանուր տպաքանակով, 97,5 մլն դրամի շրջանակներում, որին ավելացվել է եւս 11 մլն դրամ հոբելյանական գրականության հրատարակման համար:

Այսպես, 2004 թ. հրատարակվել էՙ մանկական գրականությունՙ 71 անուն, 28.500 տպաքանակով (30 մլն դրամ), հանրագիտարանային գրականությունՙ 9 անուն, 10.900 տպաքանակով (28 մլն դրամ), գիտահանրամատչելի գրականությունՙ 27 անուն, 11.000 տպաքանակով (15 մլն դրամ), այլ գրականությունՙ 58 անուն, 22.550 տպաքանակով (24,5 մլն դրամ):

Փաստորեն, 2003 թ. համեմատ այս տարի հրատարակված գրքերի քանակն ավելացել է 15-ով:

Պրն Պողոսյանը 2004 թ. պետպատվերով հրատարակված գրքերի ցանկը տալու փոխարեն ընտրեց եւ թվեց մի քանի հեղինակի եւ ստեղծագործություն: Ըստ այդմ, այս տարի մանկական գրականության շարքում հրատարակվել է Ղազարոս Աղայանի «Արեգականը», Վազգեն Սարգսյանի պատմվածքները, Նարեկ Հովսեփյանի «Քաջ որսորդները», Հ. Թումանյանի «Շունն ու կատուն» գիրք-խաղալիքը: Հանրագիտարանային գրականության շարքում հրատարակվել է Հրավարդ Հակոբյանի «Հայ արվեստի պատմությունը», Հայաստանի ազգային պատկերասրահի կատալոգըՙ «Քանդակը Հայաստանի ազգային պատկերասրահում», գիտահանրամատչելիի շարքում հրատարակվել է Ստեփան Պողոսյանի «Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմություն» (3-րդ հատորը), Ազատ Եղիազարյանի «20-րդ դարի հայ գրականության ակնարկները», իսկ այլ գրականության շարքումՙ Սիլվա Կապուտիկյանի «Հատընտիրը», Պերճ Զեյթունցյանի «Մղձավանջներ» վիպակը, Զորի Բալայանի «Հոդվածների ժողովածուն», Մարկ Շագալի «Բանաստեղծություններ, արձակ, հոդվածներ, ելույթներ, նամակներ» գիրքը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4