«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2004-11-27 | #214, 2004-11-30 | #215, 2004-12-01


ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արցախի պետհամալսարանը կոչված է ապահովելու ԼՂՀ կադրային պահանջարկը: Այստեղ սովորող ուսանողների թիվը, որն անցնում է 4000-ից, այս առումով կարծես թե հուսալի հենակետեր է ենթադրում: Համենայն դեպս, ամեն տարի հանրապետության ժողովրդական տնտեսությանն անհրաժեշտ մասնագիտությունների գծով կադրեր պատրաստվում են: Այլ խնդիր է, սակայն, որակը:

Օրերս իր ընտրողների առջեւ հանդես գալով տարեկան հաշվետվությամբՙ ԱրՊՀ ռեկտոր Համլետ Գրիգորյանը գլխավորպես անդրադարձել է այս խնդրին: Մասնավորապես նա նշել է, որ համալսարանն ունի 21 ամբիոնՙ 7 ֆակուլտետներով, որոնք կադրեր են տալիս 30 մասնագիտությունների գծով, սակայն այդ 21 ամբիոնից ռեկտորը ընդամենը 7-ն է կայացած համարել:

Բուհի արդյունավետ գործունեության խոչընդոտներից առաջինը ռեկտորը նշել է ուսման ցածր որակը: Հ. Գրիգորյանի ներկայացրած տվյալներով, գերազանց սովորողների թիվը հասնում է յոթ տասնյակիՙ առավելապես հումանիտար մասնագիտությունների հոսքում: Այս թիվն, անշուշտ, ուսանողների ընդհանուր քանակի համամասնությամբ գոհացուցիչ լինել չի կարող:

Նույն մտահոգության շրջանակում ռեկտորը միաժամանակ նշեց, որ մեկ ուսումնական տարում բացթողումների եւ դասընթացը չյուրացնելու պատճառով ԱրՊՀ-ից հեռացվել է 108 ուսանող:

Հ. Գրիգորյանը առանձնացրել է նաեւ համալսարանը որակյալ մասնագետներով ապահովելու խնդիրը: ԱրՊՀ-ում դրսից մասնագետներ հրավիրելու ավանդույթը բնավ չի արդարացվում, մանավանդ երբ այդ ներուժը կա տեղում: Համալսարանի ղեկավարությունը հակված է հենց տեղական մասնագետների վրա հենվելու, որովհետեւ հրավիրվածների դասախոսական գործունեությունը ժամանակավոր բնույթ է կրում եւ չունի այն հետեւողականությունը, որը կարող են դրսեւորել տեղացի դասախոսները: Այլ խնդիր է առանձին դասընթացների գծով մեծահամբավ մասնագետների դասախոսությունների կազմակերպումը բուհում:

Գնահատելով գիտական աշխատանքների վիճակը համալսարանումՙ ռեկտորը այս ուղղությամբ եւս մտահոգություն հայտնեց: Մասնավորապես, բուհի վերստեղծման անցած տարիներին պետության տրամադրած ասպիրանտուրական տեղերի մի զգալի մասը թափուր է մնում: Իսկ վերջերս ռեկտորի հրամանով 15 հայցորդ հեռացվել է համալսարանիցՙ բուհի չափանիշներին չհամապատասխանելու պատճառով:

Ինչ մնում է գիտության հիմնախնդիրներինՙ ապա այստեղ եւս պատկերը մխիթարական չէ: Ուսումնափորձնական աշխատանքները ոչ միայն չեն նյութականանումՙ կապվելով արտադրության հետ, այլեւ չեն դառնում գիտական աշխատանքների թեմա: Իսկ կուրսային աշխատանքները դասախոսների թողտվությամբ հիմնականում ստեղծվում են արտագրությունների, հաճախ էլՙ նախորդ տարիների նմանատիպ աշխատանքները շրջանառության մեջ դնելու միջոցով:

Համալսարանում առկա գիտական հրատարակչության հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում: «Համալսարանի տեղեկատուի» տարվա կտրվածքով նախատեսված երկու համարի փոխարեն առայժմ մեկն է տպագրվելՙ դասախոսների գիտական հոդվածներ չտրամադրելու պատճառով:

Իհարկե, Արցախի մայր բուհում, առանձնապես վերջին տարիներին, ձեռքբերումներ կան, որոնց թվում արժե հիշատակել գիտակրթական կենտրոնի ստեղծումըՙ հայագիտական, ագրարային¬փորձարարական եւ ստոմատոլոգիական: Այսուհանդերձ, հետեւությունը խարսխելով համալսարանի ռեկտորի վերոհիշյալ մտահոգությունների վրաՙ համոզիչ է դառնում, որ որակյալ կադրերի հարցը դարձյալ օրակարգային է ԼՂՀ-ում: Արցախում աստիճանաբար արմատավորվում է կադրերի ընտրության մրցութային սկզբունքը, ուստի շրջանավարտների համար դժվար է լինելու նման մասնագիտական որակներով անհրաժեշտ աշխատանք գտնել: Մնում է հուսալ, որ ԱրՊՀ-ում եւ ԼՂՀ-ում գործող մյուս բուհերում կկարողանան շուտափույթ հաղթահարել դժվարությունները եւ պատրաստել աշխատանքի շուկայի պահանջները բավարարող մրցունակ կադրեր:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4