«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2004-11-27 | #214, 2004-11-30 | #215, 2004-12-01


ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Հայկական շախմատի նոր փառահեղ նվաճումը

Հնդկաստանի Կոչին քաղաքում իր վերջնագիծը հատեց մինչեւ 20 տարեկան պատանիների ու աղջիկների շախմատի աշխարհի հերթական առաջնությունը, որում գերազանց հանդես եկավ Հայաստանի միակ ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը: Տիգրանը շատ վստահ անցկացրեց ողջ մրցաշարըՙ կրելով ընդամենը մեկ պարտություն: Հատկապես տպավորիչ էր վերջնագիծը: 11-րդ եւ 12-րդ տուրերում կարեւոր հաղթանակներ տոնելով ռումինացի Քրիստիան Ջիանուի եւ չին Ցհե Ժուանի նկատմամբ, Պետրոսյանն ավարտական տուրից առաջ վաստակել էր 9 միավոր եւ նվազագույնն ապահովել բրոնզե մեդալըՙ մեկ միավորով առաջ անցնելով իրեն հետապնդողներից: Հայ շախմատիստը վերջին տուրից առաջ կես միավորով էր հետ մնում հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայից ու չին շախմատիստ Ցհաո Յունից: Հարիկրիշնան 11-րդ տուրում պարտության մատնեց Յան Սմեցին, իսկ հաջորդ տուրում ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Յուրի Դրոզդովսկու հետ: Իսկ ահա չին շախմատիստն իր օգտին երկու միավոր գրանցեցՙ առավելության հասնելով Սենգուրթա Դեպի եւ Պերես Քվեզադայի նկատմամբ:

Եվ այսպես, ավարտական տուրն անվանեց աշխարհի առաջնության մրցանակակիրներին: Հայ շախմատիստի մրցակիցն իրանցի միջազգային վարպետ Էլշան Մորադիաբադին էր: Գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Այսպիսով, Պետրոսյանը վաստակեց 9,5 միավոր: Նույնքան միավոր ուներ նաեւ չին Չհաո Յունը, որը պարտվեց Ռադոսլավ Վոյտաչեկին: Արծաթե մեդալը բաժին հասավ հայ շախմատիստին, քանի որ նրա անհատական գործակիցն ավելի բարձր էր: Իսկ աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացավ Պենտալա Հարիկրիշնան, որը ոչ-ոքի ավարտելով պարտիան Ֆերենց Բերկեշի հետՙ վաստակեց 10 միավոր: Ինչ խոսք, աշխարհի փոխչեմպիոնի կոչումը 19-ամյա Տիգրան Պետրոսյանի համար մեծ նվաճում է: Նշենք, որ հայ շախմատիստներից մինչեւ 20 տարեկան պատանիների աշխարհի առաջնություններում լավագույն արդյունքի է հասել Լեւոն Արոնյանըՙ նվաճելով ուժեղագույնի տիտղոսը:

Աղջիկների մրցաշարում ուժեղագույն ճանաչվեց ռուսաստանցի Եկատերինա Կորբուտը, որը 13 հնարավորից վաստակեց 10,5 միավոր: Ավարտական տուրում նա պարտության մատնեց Ալինա Մոտոցին: Արծաթե մրցանակակիր դարձավ գերմանուհի Էլիզաբեթ Պյոտցը: Նա եւս հավակնում էր չեմպիոնի կոչմանը, սակայն վերջին տուրում Կրուտիկա Նադիգի հետ պարտիայում պարտություն կրեց: 9,5 միավոր վաստակեց նաեւ բրոնզե մրցանակակիր, հնդիկ շախմատիստուհի Կարավադե Եշան, որն առավելության հաավ Ժիլին Չանգի նկատմամբ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4