«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2004-11-27 | #214, 2004-11-30 | #215, 2004-12-01


ԱՌԱՎԵԼ ՀԱՋՈՂԸ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ Է

Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքում անցկացվող շախմատի ԱՄՆ-ի առաջնության մասնակից չորս հայ շախմատիստներից առավել հաջող են հանդես գալիս միջազգային գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն ու միջազգային վարպետ Լեւոն Ալթունյանը, որոնք 4 հնարավորից վաստակել են 2,5-ական միավոր: 3-րդ եւ 4-րդ տուրերի հանդիպումները երկուսն էլ ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Վարուժանը հաշտություն կնքեց Ռայներ Գոնսալեսի եւ Ցիրուս Լակդավալայի հետ պարտիաներում, իսկ Ալթունյանը միավորը կիսեց Ալեքսանդր Օնիշչուկի եւ Հիլդար Իբրահիմովի հետ մրցախաղերում: Իսկ ահա հայ շախմատիստուհիներն առայժմ անհաջող են հանդես գալիս: Շուշանիկ Հայրապետյանը տանուլ է տվել բոլոր հանդիպումները եւ եզրափակում է աղյուսակը, իսկ Տաթեւ Աբրահամյանն ունի մեկ միավոր, որը վաստակեց Աննա Լեւինայի հետ 4-րդ տուրում անցկացրած պարտիայում:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, ինը տուրով: Չեմպիոնը կստանա 25 հազար դոլար: Թեեւ մրցաշարում տղամարդիկ եւ կանայք միասին են հանդես գալիս, սակայն կատարվում է միավորների առանձին հաշվարկ, որով էլ որոշվելու են երկրի չեմպիոնն ու չեմպիոնուհին: Տղամարդկանց հաշվարկում 4 տուրից հետո աղյուսակը 3,5-ական միավորով գլխավորում են Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կուդրինը եւ Ալեքս Ստրիպունսկին: Վերջինս չորրորդ տուրում պարտության մատնեց չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդներից մեկինՙ Գրեգորի Կայդանովին: Մրցաշարում իր առաջին հաղթանակը տոնեց հանրահայտ Գատա Կամսկին, որը վաստակել է 2,5 միավոր:

Կանանց մրցապայքարում առայժմ բոլորից հաջող են խաղում Աննա Զատոնսկին, Իրինա Կրաշը, Ռուսուդան Գոլեթիանին եւ Տսագան Բատցեցեգը, որոնք վաստակել են 2-ական միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4