«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2004-11-30 | #215, 2004-12-01 | #216, 2004-12-02


ՊԱՐՍԻՑ ԼԵԶՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Յուրաքանչյուր տարի Վարդանանց տոնին Իրանի հայկական գաղութում բեմադրվում է «Վարդանանց պատերազմ» ներկայացումը եւ դեռեւս ոչ մի անգամ Իրանի կառավարությունը չի մերժել դրա բեմականացումը: Նրանց համար կարեւոր նշանակություն ունի պահպանել եւ խորացնել ներկայիս հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, իսկ պատմական անցյալի դեպքերը թողնում են պատմաբանների ուսումնասիրությանը», ասում է սիրված դերասան եւ Պարսկահայերի միության նախագահ Երվանդ Մանարյանը:

«Պարսից լեզուն եւ մշակույթը Հայաստանում» խորագիրը կրող համաժողովի եւ պարսից լեզվի կատարելագործման երկրորդ փուլի շրջանակում նոյեմբերի 18-ից Հայաստանում էին գտնվում Թեհրանի համալսարանի դասախոսներ Սիմա Վազիրինիան եւ Ֆաթեմե Մոդառեսին: Նրանք դասախոսություններով հանդես են եկել ԵՊՀ-ում եւ Հ. Աճառյանի անվան համալսարանում եւ նշում էին, որ հիացած են հայ ուսանողների լեզվի իմացությամբ: Պարսից լեզվի եւ գրականության տարածմանը մեծապես նպաստել է 1940 թ. ԵՊՀ-ում բացված իրանագիտության ամբիոնը, իսկ 1982 թ. Երեւանի թիվ 59 միջնակարգ դպրոցում պարսից լեզուն սկսվեց դասավանդվել խորացված ուսուցմամբ: Անկախությունից եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո պարսից լեզուն սկսեցին դասավանդել նաեւ մարզերի դպրոցներում: Իրանի մի շարք համալսարաններում եւս գործում են հայագիտական ամբիոններ եւ հայերենի ուսուցման բաժիններ: Հ. Աճառյանի անվան համալսարանի ռեկտոր Ավագ Խաչատրյանի հավաստմամբ, 1996-2004 թթ. ընթացքում 250 դասախոսներ եւ ուսանողներ մասնակցել են Թեհրանում կազմակերպվող դասընթացներին: Դեկտեմբերի 1-ին պարսից լեզվի ուսուցման գործում նշանակալի ավանդ ցուցաբերած ուսուցիչներին եւ դասախոսներին Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից շնորհվեցին պատվոգրեր եւ դրամական պարգեւներ: Նվարդ Առաքելյանը թիվ 59 դպրոցում պարսից լեզու է դասավանդում 20 տարուց ավելի: Նա արժանացավ պատվոգրի եւ 1000 դոլարի չափով դրամական պարգեւի: «Ես սիրով աշխատել եմ եւ երբեւէ չէի էլ մտածում, թե կարժանանամ նման պատվի», ասում է Նվարդ Առաքելյանը: «Հայոց եւ պարսից լեզուները բավականին փոխկապակցված են, ասում է ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Ռեզա Աթուֆին, իսկ որպես ապացույց նշեմ այն հանգամանքը, որ ե՛ւ պարսկերենում, ե՛ւ հայերենում «ջան» բառը հնչում է միատեսակ եւ ունի միեւնույն իմաստը»:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4