«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2004-11-30 | #215, 2004-12-01 | #216, 2004-12-02


ԴԱՎ-Ի ՎԻՐՈՒՍԸ ՍԿՍԵԼ Է ԱԶԱՏ ՇՐՋԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 1-ը ԴԱՎ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն էր

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Երեկ ԴԱՎ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում մասնակցում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Արեւելյան Եվրոպայում ԴԱՎ-ի գծով հատուկ հանձնակատար Լարս Օլոֆ Քալլինգսը: Ներկա էին նաեւ ՀՀ առողջապահության նախարարը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիզ Գրանդեն եւ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

Վերջին տվյալներով այսօր աշխարհում ապրում է 40 մլն ԴԱՎ վարակակիր: Նրանց կեսից ավելին բնակվում է Սահարայից հարավ, իսկ Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ ներառվում է նաեւ Հայաստանը, վարակակիրների թիվը հասել է 1,2 մլն-ի:

ԴԱՎ-ի աճի ամենաբարձր ցուցանիշներն են նշվում մեր տարածաշրջանում: Այստեղ միայն այս տարվա ընթացքում վարակվել է 210 հզ. մարդ: ԴԱՎ-ի զոհերի թիվը մոլորակի վրա գերազանցում է 20 մլն-ը:

Հայաստանում 1988 թվականից առ այսօր հաշվառվել են 304 ԴԱՎ վարակակիրներ: Մասնագետների կարծիքով դա իրական թիվը չէ, եւ հիվանդների քանակը տասնապատիկ ավելի է:

Սամվել Գրիգորյանը հավաստում է, որ միայն այս տարի արձանագրվել է վարակի 53 դեպք, ինչն աննախադեպ թիվ է նախորդ ողջ ժամանակաշրջանի համեմատ: Հայաստանում ԴԱՎ-ով ավելի հաճախ հիվանդանում են տղամարդիկ, արձանագրվել է կանանց 64, երեխաների` 4 դեպք: Այս տարի վարակվել է նաեւ մի երեխա, ԴԱՎ-ի զոհ է դարձել 11 մարդ:

Այս ախտը երիտասարդ դիմագիծ ունի, վարակվում են հիմնականում 20-39 տարիքային միջակայքում գտնվող մարդիկ: ԴԱՎ-ով հիվանդները կենտրոնացած են Երեւանում (143 մարդ), երկրորդ հորիզոնականը գրավում է Լոռու մարզը, Արարատում 22 դեպք է արձանագրվել, Շիրակում` 21, Արմավիրում ու Գեղարքունիքում` 20-ական դեպք:

Այս տարի ԴԱՎ-ի կամ ինչպես ասում են` իմունաքաղցի դեմ պայքարի առանցքում 20-րդ դարի ժանտախտից կանանց ու աղջիկների պաշտպանությունն է: Համաձայն ՄԱԿ-ի ԴԱՎ-ի մասին զեկույցի, աշխարհում տարեցտարի ավելանում է կին վարակակիրների թիվը: Նրանք համարվում են առավել խոցելի խումբ: Նրանք առավել շատ են տուժում բռնություններից ու աղքատությունից: Նրանց մեջ շատ են գործազուրկները, որոնց անճար հատվածը հաճախ դիմում է մարմնավաճառության:

Հայաստանում ԴԱՎ-ի տարածվածության հիմնական պատճառը համարվում է աշխույժ միգրացիան: Ախտը Հայաստան է սողոսկում գլխավորապես Ռուսաստանից: Վարակը տարածվում է թմրանյութերի ներարկման, սեռական ճանապարհներով, արձանագրվել են նաեւ արյան միջոցով վարակի դեպքեր:

Մասնագետների դիտարկումներով, եթե առաջներում վիրուսը Հայաստան թափանցում էր բացառապես դրսից, ապա ներկա իրավիճակով սկսել է ազատ շրջել Հայաստանում:

ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում հավաքված բանախոսները միաբերան պնդում էին, որ քանի դեռ իրավիճակը սպառնալից չի դարձել, չի մոտեցել աղետի, ինչպես Ռուսաստանում եւ Ուկրաինայում, պետք է միջոցներ ձեռնարկել: Միջոցը ոչ միայն կառավարության հեղինակած ազգային պայքարի ռազմավարությունն է, այլեւ ֆինանսների ավելացումը: Միջազգային դոնոր կազմակերպության 3,2 մլն դոլարին պետությունը պիտի ավելացնի հատկացումներ նաեւ իր միջոցներից: Այսօր տարեկան 50 մլն դրամ է մասհանվում ԴԱՎ-ի բուժման աշխատանքներին:

Մինչեւ փետրվարի 1-ը Հայաստան կմտնի ԴԱՎ-ի դեմ դեղամիջոցների խմբաքանակ, որը կտրամադրվի հրատապ բուժման կարիք զգացող 20 վարակակիրների:

«Արմենիկումը» դեռ կլինիկական փորձարկումների ու գրանցման շրջանում է

Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը հայտնեց, որ արդեն 500 մարդ դիմել է «Արմենիկում» կենտրոն: Նրանք եղել են հիմնականում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, աֆրիկյան երկրների քաղաքացիներ:

Դեղամիջոցը դեռ կլինիկական փորձարկումների փուլում է, եւ մեր մասնագետները ջանում են գրանցման գործընթաց սկսել նաեւ Եվրոպայում:

Հայտնի է, որ «Արմենիկումը» խիստ բարերար է ներգործում մարդու դիմադրողականության վրա, բարձրացնում նրա աշխատունակությունը:

Արեւելյան Եվրոպայում ՄԱԿ-ի գծով հատուկ հանձնակատար Լարս Օլոֆ Քալլինգսը, սակայն, հերքելով շրջող լեգենդը, թե «Արմենիկումը» բուժում է նաեւ ԴԱՎ-ը, ասաց. «Արմենիկումը» ունակ չէ վերահսկելու ԴԱՎ-ի վիրուսը, այն ուղղված չէ բացառապես այս վիրուսի դեմ: Իհարկե, դրա շնորհիվ արյան միջից վիրուսը կարող է անհետանալ, բայց դա դեռ բուժում չի նշանակում»:

Սամվել Գրիգորյանի հավաստմամբՙ «Արմենիկումի» ազդեցությունը հղի կանանց վրա չի ուսումնասիրվել եւ չի էլ փորձարկվել, կանխարգելիչ բուժում իրականացվել է այլ դեղամիջոցներով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4