Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակից Ռումինիայի հավաքականի ղեկը կստանձնի Վիկտոր Պիցուրկեն: Վերջինս ռումինացիների մարզիչն է եղել չորս տարի առաջ: Պաշտոնապես նա հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակվի մոտ օրերս:
Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականի հետ երեւանյան հանդիպումից հետո ռումինացիների գլխավոր մարզիչ Անգել Յորդանեսկուն հրաժարական էր տվել: Հրաժարականն ընդունելով, երկրի ֆուտբոլի ֆեդերացիան որպես գլխավոր մարզչի թեկնածուներ ընտրել էր Միրչա Լուչեսկուին, Լասլու Բելենիին, Գեորգե Հաջիին եւ Վիկտոր Պիցուրկեին: Առաջին երեքը հրաժարվել էին հեռանալ իրենց ակումբներից, ուստի միակ թեկնածուն մնացել էր Պիցուրկեն: Չնայած վերջինս այլ կարծիքի է. «Ես վերջին մարզիչն եմ, որը շատ թե քիչ դրական արդյունք է ցույց տվել հավաքականում: Հուսով եմ, որ կդառնամ առաջինը, որին կհաջողվի կրկին դրական արդյունքի հասնել»:
Որպես ֆուտբոլիստ Պիցուրկեն Ռումինիայում բավական հայտնի է: Նա Բուխարեստի «Ստյաուայի» առաջատար ֆուտբոլիստներից էր: 1986 թ. նա էլ թիմի հետ արժանացել է չեմպիոնների լիգայի հաղթողի կոչմանը, իսկ կես տարի անց մասնակցելու է նաեւ Եվրոպայի Սուպերգավաթի մրցախաղին Կիեւի «Դինամոյի» հետ: Պիցուրկեն տարիքի պատճառով չմասնակցեց 1990 թ. աշխարհի առաջնությանը:
Որպես մարզիչ Պիցուրկեն վերջինն էր, որի գլխավորությամբ Ռումինիայի ազգային հավաքականը մտել է խոշոր մրցաշարի եզրափակիչ: Ճիշտ է, ընտրական մրցաշարի ավարտից հետո, երբ Պիցուրկեի գլխավորությամբ հավաքականը Եվրո-2000-ի ուղեգիր նվաճեց, ֆեդերացիայի ղեկավարությունը որոշեց հավաքականի ղեկը հանձնել ավելի փորձառու Էմերիխ Ենեյին: Նրա գլխավորությամբ ռումինացիները վատ հանդես չեկանՙ մտնելով քառորդ եզրափակիչ: Դա ռումինացիների վերջին հաջողությունն էր: Աշխարհի 2002 թ. ընտրական մրցաշարում ռումինացիները Գեորգե Հաջիի գլխավորությամբ անցումային խաղում եզրափակիչի ուղեգիրը զիջեցին Սլովենիայի հավաքականին: Իսկ 2004 թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Անգել Յորդանեսկու գլխավորությամբ ռումինացիներն անհաջող հանդես եկան:
Աշխարհի առաջնության ընտրական ներկա փուլում Ռումինիայի ազգային հավաքականը 10 միավորով Հոլանդիայի հավաքականի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Պիցուրկեի գլխավորությամբ հավաքականի առաջին պաշտոնական հանդիպումը կկայանա 2005 թ., մարտի 26-ին: Այդ օրը ռումինացիները կմրցեն հոլանդացիների հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ