«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2004-12-01 | #216, 2004-12-02 | #217, 2004-12-03


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆԴԱԲԵՐԴԻ ՎԱՆՔՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ԳՏԱԾՈՆԵՐ

Հեծյալ ռազմիկի պատկերով խաչքար, արձանագրակիր կղմինդրներ, հալեցրած կայծքարի նմուշներ

Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի տարածքումՙ Հանդաբերդին կից վանքային համալիրում այս տարվա օգոստոսին հնագիտական պեղումներ է կատարել ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Համլետ Պետրոսյանի գլխավորած արշավախումբը, որում ընդգրկվել են Երեւանի ճարտարապետական-շինարարական համալսարանի ավագ դասախոս Լյուբա Կիրակոսյանը եւ հնագետ, Արցախի պետական համալսարանի դասախոս Վարդգես Սաֆարյանը: «Երկիր» հասարակական կազմակերպության միջոցով պեղումները ֆինանսավորել է Հարությունյանների ընտանիքըՙ Մ. Նահանգների Նյու Ջերսի նահանգից:

Պեղումների հիմնական նպատակը աղբյուրագիտական բավարար հիմք ստեղծելն էՙ նորահայտ վանքային համալիրի պատմամշակութային բազմակողմանի հետազոտության, ինչպես նաեւ մասնակի վերականգնման եւ ամրակայման համար:

Արձանագրությունը վկայում է, որ համալիրի շինությունների հիմնական մասը 1276 թվականին կառուցել է Դավիթ վարդապետը: Ճարտարապետական քննությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ վանքը ստեղծվել է տեղում գոյություն ունեցող հին մատուռի շուրջը, հետագայում կառուցվել են ավանդատներ, մատուռներ, ժամատուն եւ զանգակատուն: Հյուսիսային մատուռ - եկեղեցին իր խաչաձեւ ծավալով եւ թաղակապ ծածկով, պատկերաքանդակներով հարուստ հին խաչքարերի օգտագործմամբ միջնադարյան ճարտարապետության եզակի կառույց է: Կառուցապատման հորինվածքով, ճեղքված եւ անտաշ քարերով ու կրաշաղախով արված շարվածքով, պարզ ու ժողովրդական ձեւերի լայն կիրառմամբ վանքային համալիրն առանձնանում է միջնադարի դասական վանքային համալիրներից եւ առատ նյութ է տալիս մանրամասնելու 13-րդ դարի երկրորդ կեսին եւ 14-րդ դարի առաջին կեսին Հայաստանի համար խիստ ծանր քաղաքական-տնտեսական պայմաններում մշակութային-կառուցողական կյանքի որոշ առանձնահատուկ կողմերը:

Մոտ մեկ ամսում լիովին պեղվել են հյուսիսային մատուռ-եկեղեցին, նրան կից ամրապատը եւ տապանաբակի մի հատվածը, ինչպես նաեւ զանգակատան հիմնական մասը: Իսկ հարավարեւելյան ավանդատանը կից պատմական բակի մաքրումով բացվել է դրան հարակից տապանաբակի հատվածըՙ չորս մեծադիր սրբատաշ տապանաքարերով: Լիովին բացվել է ժամատան հարավային պատըՙ դրսից եւ ներսից:

Պեղումների հիմնական արդյունքներից առաջնային կարելի է համարել 12-14-րդ դարերի մի շարք նոր արձանագրությունների, խաչքարերի եւ տապանաքարերի հայտնաբերումը: Համալիրի տարածքից հավաքվել են կղմինդրների հազարից ավելի բեկորներ, գտնվել են նաեւ արձանագրակիր բեկորներ, ինչը փաստում է հայերեն գրի օգտագործման տարածվածությունը նաեւ զուտ կենցաղային մակարդակով: Մասնագետները դա համարում են էթնիկ առանձնահատկության ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Ուշագրավ է խաչքարային պատկերաքանդակըՙ զինված հայ հեծյալ ռազմիկի պատկերով. նրա մի ձեռքին նիզակ է, մյուսինՙ գինու գավաթ: Արցախյան խաչքարերի քննությամբ արդեն հայտնի է դարձել հայրենիքի համար կռվող զինյալի պաշտամունքն Արցախում:

Քարից, մետաղից, ապակուց եւ կավից պատրաստված գտածոները զգալի չափով հարստացնում են Արցախի նյութական մշակույթի մասին հնագետների պատկերացումները: Գտնվել են նաեւ կայծքար հիշեցնող քարի մի քանի բեկորներ, որոնց ԳԱԱ երկրաբանության ինստիտուտում կատարված ստուգումները վկայում են, որ գործ ունենք հալեցրած կայծքարի հետ, որը կարելի է ստանալ միայն արհեստական ճանապարհովՙ այն էլ բարձր ջերմաստիճանի տակ:

Հայտնաբերված բոլոր իրերը պահվում են ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում: Հետազոտական աշխատանքներն ավարտելուց հետո պեղածո իրերը կհանձնվեն Լեռնային Ղարաբաղում ստեղծվելիք թանգարանին:

2005 թվականի գարնանը նախատեսվում է իրականացնել ամրակայման աշխատանքներ, իսկ ամռանը վերսկսել կիսատ մնացած պեղումները:

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4