ԼՂՀ կառավարությունը իր հերթական նիստում քննարկեց 2005 թ. պետբյուջեի օրենքի նախագիծը: Այն կառավարության անդամներին ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը: Նոր տարվա բյուջեն, ըստ Ս. Թեւոսյանի, ֆինանսավորվելու է 100 տոկոսով: Մասնավորապես, համախմբված բյուջեն եկամուտների գծով (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի փոխանցումների) կկազմի 7053.4 մլն դրամ, ծախսերի գծով (առանց միջբյուջետային փոխանցումների)ՙ 14864.3 մլն դրամ, ընդ որում, դեֆիցիտը կազմելու է նույնքան գումար: Համայնքների բյուջեները եկամուտների գծով կկազմեն 1186.0 մլն, ծախսերի գծովՙ եւս նույնքան դրամ: Այսպիսով, ԼՂՀ պետբյուջեն եկամուտների գծով կազմելու է 6 մլրդ 460 մլն դրամ, ծախսերի գծովՙ 21 մլրդ 325 մլն դրամ: Նշենք, որ նախորդ տարում ծախսերի գծով այս թիվը եղել է 15 մլրդ 249 մլն 140 հազար դրամ: Միջպետական վարկը, համաձայն նախագծի, կազմելու է 13 մլրդ 636 մլն 600 հազար դրամ:
Նախարարը նշեց, որ ակնկալվող եկամուտները հնարավորություն կտան տնտեսական ու սոցիալական էական աճ գրանցել համարյա բոլոր ոլորտներում: Համախառն արտադրության աճի տեմպերը կգերազանցեն նախորդ տարիների մակարդակը, շոշափելիորեն կաճեն ապրանքների արտահանման ծավալները: Կառավարությունը նաեւ հնարավորություն կունենա շոշափելի աջակցություն ցույց տալու փոքր եւ միջին ձեռնարկատերերին:
Բյուջեով նախատեսված է բարձրացնել ուսուցիչների եւ առողջապահության համակարգի աշխատողների աշխատավարձերը, համապատասխանաբար 65 եւ 39 տոկոսով: Կավելանան նաեւ կենսաթոշակները: Բյուջե-2005-ը միաժամանակ նախատեսում է հետեւողականորեն շարունակել հանրապետությունում տնտեսական բարեփոխումները:
Գնահատելով գալիք տարվա բյուջեի նախագիծը, վարչապետ Անուշավան Դանիելյանը նշել է, որ դրանով իսկ ԼՂՀ-ում լայնածավալ նոր ծրագրերի իրականացման սկիզբը կդրվի: Քննարկումներով եւ վերլուծություններով հիմնավորվածՙ 2005 թ. բյուջեի նախագիծը հավանության արժանացավ եւ երաշխավորվեց Ազգային ժողովի քննարկմանը:
Նույն նիստում հավանություն գտավ նաեւ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, համաձայն որի ամսական նվազագույն աշխատավարձը սահմանվում է 15 հազար դրամ: Իսկ մեկ այլ որոշմամբ առնվազն կրկնակի կավելանան հաշմանդամ եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին տրվող նպաստները:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ