Պարզվում էՙ ինֆորմացիոն տեխնոլոգիաների շուկան դեռեւս բավարար մասնագետներ չունի
Հայաստանյան ինֆորմացիոն տեխնոլոգիաների շուկայում մոտ երկու տարի գործում է «Լայկոս» ընկերությունը: Վերջինս նախկինում որոնման էլեկտրոնային համակարգ էր, որ ստեղծվել էր 1995 թ. Միացյալ Նահանգներում: 1998 թ. ստեղծվում է «Լայկոս-Յուրոփ»-ը` որպես ամերիկյան «Լայկոս»-ի եւ եվրոպական «Բերտելսման» ընկերության միավորում:
2002 թ. «Լայկոս-Յուրոփ»-ը գնեց Հայաստանում գործող «Բրինս» ընկերությունը, որի հիման վրա էլ ստեղծվեց «Լայկոս-Հայաստանը»: Այն վարձակալել է Հայաստանում ամերիկյան համալսարանի երկու մասնաշենքերի մոտ 70 տոկոսը, ներառյալ մեկ մասնաշենքն ամբողջությամբ:
Հայաստանում գործող «Լայկոս» ընկերությունն արդեն 150 աշխատող ունի, որոնցից մոտ 80-ը ծրագրավորողներ են, մյուսները` օպերատորներ, օպերացիոն ինժեներներ: Հայաստանում «Լայկոս»-ը հիմնականում զբաղվում է եվրոպական շուկայի համար տարատեսակ ծրագրերի մշակմամբ:
Ընկերությունը ծրագրում է ավելացնել իր աշխատողների թիվը: Հաջորդ տարվա վերջին նախատեսվում է աշխատողների թիվը հասցնել 250-ի: Այս թիվը որոշվել է ոչ թե ելնելով ընկերության ցանկություններից, այլ Հայաստանում համապատասխան մասնագետներ գտնելու հնարավորության սահմանափակությունից: Պարզվում է, ինֆորմացիոն տեխնոլոգիաների շուկան բավարար մասնագետներ չունի:
Ընկերությունը ծրագրում է ավելացնել իր աշխատողների թիվը: Հաջորդ տարվա վերջին նախատեսվում է աշխատողների թիվը հասցնել 250-ի: Այս թիվը որոշվել է ոչ թե ելնելով ընկերության ցանկություններից եւ հնարավորությունից, այլ Հայաստանում համապատասխան մասնագետներ գտնելու հնարավորության սահմանափակությունից: Պարզվում է, ինֆորմացիոն տեխնոլոգիաների շուկան բավարար մասնագետներ չունի:
Ընկերության մենեջեր-տնօրեն Հովհաննես Ավոյանի ներկայացմամբ, ընկերությունը ունի ծրագրերի մշակման 5 հիմնական կատեգորիաներ:
Առաջինը վճարումային օպերացիաների ապահովման ծրագրերն են, երկրորդը` կոմունիկացիոն արտադրանքները: Վերջինս այն ծրագրերն են, որոնք ապահովում են ինտերնետով կարճ հաղորդագրություններ եւ էլեկտրոնային նամակներ ուղարկելու ծառայություններ:
Երրորդ կատեգորիայի ծրագրերը վերաբերում են ժամանցային եւ մարդկանց շփման ու ծանոթությունների հնարավորություն տվող ծրագրերին:
Ընկերությունը որպես ծրագրերի 4-րդ խումբ մշակում է էլեկտրոնային կոմերցիայի ծրագրեր, որոնք թույլ են տալիս Եվրոպայում վաճառել տարբեր ձեռնարկությունների, խանութների ապրանքային տեսականին:
5-րդ խմբում առանձնացված են այն ծրագրերը, որոնք վերաբերում են ինտերնետային էջեր եւ վեբ ծավալ տրամադրելու հնարավորություններին: Եվս մի փոքր խմբում առանձնացվում են ընկերության ստեղծած բջջային հեռախոսակապի եւ ինտերնետի հետ կապված ծրագրերը:
«Լայկոս- Յուրոփ» ընկերությունը երկու տարում արդեն Հայաստանում ներդրել է մոտ 6 մլն եվրո: Մյուս տարի, Հովհաննես Ավոյանի խոսքերով, կներդրվի եւս մոտ 5 մլն եվրո: Հետաքրքրական է, որ ընկերությունը պատրաստ է եւ ծախսեր է կատարում` կրթելու երիտասարդ մասնագետներին: Ընկերության անձնակազմի զգալի մասը երիտասարդներ են:
Չնայած դրան, «Լայկոս»-ը Հայաստանում կարող է մշակել այնպիսի ծրագրեր, որոնք, Հովհաննես Ավոյանի խոսքերով, կարող են ապահովել օրական 25 մլն էլեկտրոնային նամակների սպասարկում:
Ինչեւէ, առավել հետաքրքրական է, թե ինչու եվրոպական ընկերությունը նախընտրել է գործունեություն ծավալել հենց Հայաստանում: Ըստ ընկերության մենեջեր Հովհաննես Ավոյանի, Հայաստանում նույն որակի աշխատանքը, երբեմն էլ ավելի բարձր որակի, բավականին էժան է Եվրոպայի համեմատությամբ:
Բացի այդ, կան մենթալիտետի ընդհանրություններ, իսկ մասնագետներն էլ Հայաստանում բավականին ստեղծագործաբար են մոտենում աշխատանքին, ինչն ինֆորմացիոն տեխնոլոգիաների կտրվածքով կարեւոր որակ է:
Ինչ վերաբերում է ընկերության գործունեության համար մեծ նշանակություն ունեցող ինտերնետ կապի ապահովմանը, ապա ընկերությունը շուտով կունենա արբանյակով ինտերնետային առանձին կապ:
Ընկերությունը կրթական ծրագրեր է իրականացնում Երեւանի պետական համալսարանի եւ պետական ճարտարագիտական համալսարանի հետ: Գործում են ընկերության ֆինանսավորած երկու լաբորատորիաներ` համակարգիչներով, ինտերնետ կապով:
Ընկերության մասնագետները դասախոսում են այդ համալսարաններում, իսկ ուսանողական կազմից մրցույթներում հաղթող ուսանողները հայտնվել են ընկերության աշխատակազմում:
Կրթական տարբեր ծրագրերի ու միջոցառումների համար ընկերությունը մինչեւ 2005 թ. ավարտը նախատեսել է մոտ 500.000 դոլար:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ