«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2004-12-01 | #216, 2004-12-02 | #217, 2004-12-03


ԿԿԱՌՈՒՑՎԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ 3-ՐԴ ԳԻԾ

Մոտ 25 մլն դոլար արժողությամբ

ԱՂԱՎՆի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեկ Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Էներգետիկայի նախարարները ստորագրեցին Հայաստանի եւ Իրանի միջեւ նոր երկշղթա էլեկտրահաղորդման գիծ կառուցելու փոխըմբռնման հուշագիր: Սա, ըստ էության 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման սկիզբն է:

Դեռեւս նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում շահագործման հանձնվեց «Ագարակ-Շինուհայր» էլեկտրահաղորդման բարձրավոլտ օդային երկրորդ գիծը: Այս գծով Հայաստան-Իրան էլեկտրաէներգիայի փոխհոսքերը ավելանում են 200 կվտ-ով, ինչով մինչեւ այժմ եղած հզորությունը հասցվել է 400 կվտ-ի:

Նոյեմբերի 30-ին մեկնարկեց նաեւ «Իրան-Հայաստան» գազամուղի շինարարությունը: Գազատարի առաջին 40 կմ-ը կառուցվելու է իրանական կողմի տրամադրած 30 մլն դոլար վարկով: Գազամուղը կսկսի գործել, ըստ ծրագրի, 2007 թ., երբ դրա իրանական եւ հայկական հատվածները կմիացվեն:

Գազամուղի կառուցման վերաբերյալ համաձայնությունների ձեռքբերման ժամանակ էլ պայմանավորվածություն էր հաստատվել բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման անհրաժեշտության առնչությամբ:

Էլեկտրահաղորդման 3-րդ գիծն, ըստ Իրանի էներգետիկայի նախարար Հաբիբոլլահ Բիթարաֆի, անհրաժեշտություն է` 1-ին եւ 2-րդ գծերի հետ մեկտեղ:

Հաբիբոլլահ Բիթարաֆը նշեց, որ նոր կառուցվելիք գիծը լինելու է երկշղթա եւ կունենա այնպիսի թողունակություն, ինչպիսին կլինի 1-ին եւ 2-րդ գծերի հանրագումարը: Նոր գիծը ոչ միայն էլեկտրաէներգիայի փոխհոսքեր կապահովի Հայաստանի եւ Իրանի միջեւ, այլեւ կգործի գազ էլեկտրաէներգիայի դիմաց բանաձեւի շրջանակներում:

Իրանի էներգետիկայի նախարարը կարեւորեց Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման բարձրավոլտ նոր գծի դերը երկկողմ հարաբերություններում էներգետիկ համագործակցության առումով:

Նախնական ծրագրմամբ, այս գիծը պետք է կառուցվի եւ շահագործման հանձնվի 2 տարում:

«Այս էլեկտրահաղորդման գծերի կառուցումը 3 նպատակ է հետապնդում: Առաջինը` ապահովել էլեկտրաէներգիայի փոխհոսքեր երկու երկրների միջեւ: Երկրորդ նպատակն է ապահովել գազ էլեկտրաէներգիայի դիմաց բանաձեւի իրականացումը, եւ երրորդը` Հայաստանի Հանրապետությունում մատուցել ինժեներատեխնիկական ծառայություններ իրանական կողմից, մատակարարել համապատասխան սարքավորումներ եւ դրա դիմաց հայկական կողմից ստանալ Էլեկտրաէներգիա», ասաց Հաբիբոլլահ Բիթարաֆը:

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ ըստ գազի ներմուծման պայմանագրի նախատեսվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց 1:3 հարաբերակցությամբ, այսինքնՙ 1 մետր խորանարդ գազի դիմաց` 3 կվտ հոսանք:

«Սահմանազատման կետեր երկու երկրների միջեւ կան, գոյություն ունեն, որոնցով այս երկու հոսքերը (արդեն գործող- Ա. Հ.) իրականանում են էլեկտրաէներգիայի մասով: Իսկ գազամուղի կառուցումից հետո կունենանք նաեւ գազամուղի սահմանազատման կետերը, որոնց միջոցով կիրականացվեն հաշվարկային ռեժիմները», ասաց ՀՀ էներգետիկայի նախարարը:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ավելացրեց, որ 2 տարուց կառուցված գազամուղով եւ 3-րդ էլեկտրահաղորդման գծով հնարավորություն կլինի կիրառել գազ էլեկտրաէներգիայի դիմաց բանաձեւը: Երրորդ գծի նախագծային արժեքը պարզ կդառնա նախագծային աշխատանքների ավարտից հետո, բայց, ըստ Արմեն Մովսիսյանի, թերեւս լինի մոտ 25 մլն դոլարի սահմաններում:

«Ագարակ-Շինուհայր» էլեկտրահաղորդման 2-րդ բարձրավոլտ գծի շինարարության մասին Իրանի եւ Հայաստանի էներգետիկայի նախարարությունները պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռեւս 2002 թ.-ին: 2-րդ գծի շինարարությունը արժեցել էր 8.4 մլն դոլար: Գումարը հատկացրել էր իրանական կողմը, իսկ հայկական կողմը այդ գումարը կհատուցի էլեկտրաէներգիայով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4