Անկարայում հայերը չունեն կազմակերպված համայնք
«Եթե ուզում եք Անկարայի հայերին գտնել, պիտի գնաք ֆրանսիական կաթոլիկ եկեղեցի: Հայերն այնտեղ հավաքվում են ամեն կիրակի: Անկարայում մոտ 1000 հայ կա, նրանք հիմնականում կաթոլիկ են ու թուրքախոս», ասաց Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավագյանը:
Անկարայի հայերին գտնելու համար նախ հարկ էր գտնել ֆրանսիական եկեղեցին: Թեեւ Ֆրանսիայի դեսպանատունը գտնվում էր Անկարայի կենտրոնական մասում, բայց ֆրանսիացիների եւ մյուս քրիստոնյաների համար միակ աղոթատեղին առեւտրային թաղամաս Ուլուսում էր:
Երկար փնտրտուքից հետո, ի վերջո, Անկարայի բերդից քիչ ներքեւ գտնվեց այսպես կոչված ֆրանսիական եկեղեցին: Եկեղեցի կոչվածը մի քանի հարկանի շենքի երկրորդ հարկում մի ընդարձակ սենյակ էր` կամարաձեւ պատուհաններով: Կիրակնօրյա առավոտը նոր էր բացվել, երբ սկսեցին հավաքվել ֆրանսիական եկեղեցի հաճախողները:
Թխահեր, սեւ աչքերով, արժանապատիվ կեցվածքով մի պարոն, ի թիվս ուրիշների, ներս մտավ եկեղեցի ու նստեց երկու նստարան առաջ: Առաջին իսկ պահին թվաց, թե նա հաստատապես հայ պիտի լինի: Իսկ նա, առանց շուրջբոլորը նայելու, թերեւս ներքաշվել էր ինքն իր մեջ ու անտարբեր էր շրջապատի նկատմամբ:
Կամաց-կամաց եկեղեցին լցվեց մարդկանցով: Մյուսների մեջ որեւէ մեկը, գոնե արտաքուստ, ենթադրել չէր տալիս, թե իր պապերը երբեւէ խոսել են հայերեն:
Ինչեւէ, սկսվեց ժամերգությունը: Սկզբում անսպասելիությունից դժվար էր ըմբռնել, որ ֆրանսիացի եկեղեցականը իր խոսքն ասում է թուրքերեն: Բայց եւ այնպես, ֆրանսիական եկեղեցու սպասավորն ու ներկաները բավականին երկար ժամանակ թուրքերենով մեկ երգում էին, մեկ աղոթում:
Մոտ մեկ ժամից Անկարայի ֆրանսիական եկեղեցին սկսեց դատարկվել: Հետեւելով արդեն ուշադրություն գրաված պարոնին` շենքի բակում նրան կանգնեցրինք: Թարգմանությամբ ճշտվեց, որ Հանրի Օսթերզին իսկապես հայ է, սակայն որեւէ բառ անգամ հայերեն չգիտի: Հանրին 51 տարեկան է, կաթոլիկ ու ֆրանսիական եկեղեցի էր հաճախում մանկությունից` «Աստվածաշունչը սովորելու համար»:
Մինչ ծանոթությունը կվերածվեր խոսակցության` շենքի բակում կանգնած խմբին միացավ մի տարեց մարդ: Նա ներկայացավ` ի ցույց դնելով իր իմացած թերեւս ողջ հայերենը. «Մարտիրոս Արատ, ես էլ հայ եմ»: Հետո Մարտիրոսը պատմեց, որ 76 տարի ապրում է Անկարայում եւ բնավ էլ կաթոլիկ չէ, այլ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ:
Մարտիրոսի ոգեւորությունը մեծանում էր, մինչդեռ Հանրին նախընտրում էր պատասխանել իրեն ուղղված հարցերին` մի տեսակ հեռու մնալով ընդհանուր խոսակցությունից: Մարտիրոս Արատը շարունակեց իր պատմությունը, որ տարիներ առաջ Անկարայի մոտ գտնվող Նալլըհանլըից իր հայրը տեղափոխվել է Անկարա:
«Հայրս հայերեն խոսում էր, նա հայկական դպրոց էր գնացել: Իսկ ես մի քանի բառ գիտեմ», ասաց Մարտիրոսը: Նա երկու զավակ ունի` որդի Թանիելն ու դուստր Թալիլը, 4 թոռ ունի: Որդին, ըստ Մարտիրոսի, բավականին երկար ժամանակ աշխատում է Մոսկվայում, զբաղվում է մթերքի մատակարարմամբ: Ամեն դեպքում, Մարտիրոսն իր զավակներին պսակադրել է Անկարայի ֆրանսիական եկեղեցում, այստեղ կնքելով նաեւ թոռներին:
Երկու զավակ էլ ուներ Հանրին` որդի Ալքընը եւ դուստր Իրեմը: Հանրիի ընտանիքում հայերենը վաղուց չեն լսել, որեւէ բան զուտ հայկական տանը չունեն, որեւէ հայկական ուտեստ չեն պատրաստում:
Մարտիրոսն իր ընտանիքում պահպանել էր որոշ հայկական ուտեստներ պատրաստելու ավանդույթը: «Ես չեմ խոսում հայերեն, բայց կուզենայի, որ իմ զավակները գիտենային մեր լեզուն: Անկարայում հայերը հայերեն չեն խոսում, իսկ Ստամբուլում հայերեն իմանալը կարող է պետք գալ: Եթե Անկարայում դպրոց լիներ, երեխաները կգնային: Իմ փոքր եղբայրը լավ գիտե հայերեն, բայց նա սովորել է Ստամբուլում», բացատրեց Մարտիրոսը:
Իսկ Հանրին բնավ էլ չէր ցանկանում, որ իր զավակները հայերեն իմանային: «Այստեղ ոչ մի տեղ հայերենը պետք չէ, դպրոց էլ չկա Անկարայում: Իմ զավակներին հայերենը ոչինչ չէր տա», ասաց Հանրին:
Հայաստանի հետ որեւէ կապ երկու անկարացիներն էլ չունեին: Իսկ իրենց հայ լինելը մեծապես պայմանավորում էին միայն «մեծ հայրերով ու մայրերով»: Անգամ հաստատուն կապեր չունեն Ստամբուլի եւ այնտեղ գործող հայ համայնքի հետ: Երբեմն միայն, որոշ տոների, Ստամբուլից հայ եկեղեցական է ուղարկվում` ֆրանսիական եկեղեցում պատարագ մատուցելու:
Ինչ վերաբերում է ընդհանրապես Անկարայում հայերի նկատմամբ վերաբերմունքին, ապա զրուցակիցները միաբերան պնդեցին, որ որպես հայ որեւէ խնդիր չունեն անկարացիների հետ, իրենց կյանքն էլ բավականին լավ է դասավորվել:
Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ կապված Հանրիի եւ Մարտիրոսի իմացությունն էլ սահմանափակվում էր Մարտիրոսի դժվարությամբ մտաբերած Ստեփանակերտ քաղաքի անունով:
Իսկ թե բավականին մոտ գտնվող հայրենիքում ի՞նչ է տեղի ունենում, հայերն ինչպե՞ս են ապրում այլ երկրներում կամ թեկուզ Ստամբուլում, չէր հետաքրքրում երկուսից եւ ոչ մեկին:
Ապրում են հայերն Անկարայում որպես Թուրքիայի քաղաքացիներ եւ միայն հայ լինելու մասին հիշում, երբ ինչ-որ մեկը պատահաբար հիշեցնում է: Հայերեն լեզուն էլ գործածական չլինելով` գնահատվում է զուտ շուկայական իրականության տեսակետից: Եվ բնավ էլ նման դեպքում կարեւոր չէ ոչ լեզվի, ոչ կրոնի եւ ոչ էլ մշակույթի ազգապահպան նշանակությունը, եթե ազգային պատկանելությունը միայն հայրերի ու պապերի թողած ոչ օգտակար ժառանգությունն է:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Անկարա-Երեւան