Կյանքի մեծ մասն արեւմուտքում անցկացրած, 7 լեզուների տիրապետող Վրաստանի առաջին տիկին Սանդրա Եղիսաբեթ Ռուլովսը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մոտ 10 տարի ապրելով Վրաստանում ինքն էլ է դարձել պահպանողական: Մինչ ուսանողների հարցերին պատասխանելը տիկին Ռուլովսն ասաց, որ Հայաստան կատարած այցելությունից հետո մեկնելու է նաեւ Ադրբեջան, Ռուսաստան եւ Թուրքիա: «Հայաստանի ու Վրաստանի միջեւ բավականին սերտ համագործակցություն է ծավալվում գրեթե բոլոր ոլորտներում: Հայաստանում կան վրացի ուսանողներ, ձեր կենտրոններում բուժվում են նաեւ մեր քաղաքացիները», ասաց Սանդրա Եղիսաբեթ Ռուլովսը: Նա նշեց, որ Վրաստանում կան ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր բուհեր, սակայն վերջինները հաճախ աչքի չեն ընկնում դասավանդման բարձր մակարդակով: Խոսելով ազգային փոքրամասնությունների մասին, նա նկատեց, որ այժմ քաղաքականություն է տարվում վերջինների ինտեգրման շուրջ, «կարեւոր է, որ նրանք տիրապետեն վրացերենին», իսկ որպեսզի ուսուցիչները մեկնեն պետության հեռավոր շրջաններ դասավանդելու, անհրաժեշտ է նրանց ապահովել պատշաճ աշխատավարձով:
Այն հարցին, թե ինչ է արվում, որ երիտասարդները չմեկնեն Սամցխե- Ջավախքի երկրամասից, տիկին Ռուլովսը պատասխանեց, որ վատ ճանապարհի, բժշկական սպասարկման ցածր որակի խնդիրներ կան Վրաստանի բոլոր հեռավոր շրջաններում եւ այս ամենի պատճառով երիտասարդները գերադասում են մեկնել: «Վարդերի հեղափոխությունից հետո որոշակի քայլեր այս ուղղությամբ ձեռնարկվել են: Մասնավորապես հաջորդ տարի կսկսվի ճանապարհների շինարարությունը: Ես գլխավորում եմ հումանիտար օգնության ֆոնդը եւ մենք հաճախ ծրագրեր ենք իրականացնում շրջաններում», ասաց Սանդրա Եղիսաբեթ Ռուլովսը:
Վրաստանի առաջին տիկնոջը հետաքրքրում էր, թե Հայաստանում որ մասնագիտություններն ունեն առավել բարձր վարկանիշ` նկատելով, որ Վրաստանում շատերը նախընտրում են սովորել տնտեսագիտության, իրավագիտության եւ միջազգային հարաբերությունների բաժիններում: ԵՊՀ ռեկտորը տեղեկացրեց, որ Հայաստանում եւս պատկերը նույնն է:
Ուսանողների այն հարցին, թե որքանով էր դյուրին արեւմուտքում ծնված կնոջ համար ապրել Կովկասում եւ ընդունել կովկասյան բարքերը, տիկին Ռուլովսը պատասխանեց, որ սկզբնական շրջանում իր համար դժվար է եղել: «Արեւմուտքում կանայք ուշ են ամուսնանում, նրանք որոշակի հաջողության են հասնում աշխատանքի բնագավառում եւ նոր միայն մտածում ամուսնության մասին: Կովկասում ճիշտ հակառակն է: Վրաստանում կնոջը տանն անվանում են սեղանի թագուհի, սակայն նա ստիպված է լինում տնային բոլոր գործերը կատարել միայնակ, մինչդեռ Հոլանդիայում կնոջը կոչում են պարզապես տնային տնտեսուհի, եւ ամուսինը հավասարապես օգնում է նրան տնային աշխատանքները կատարելիս»:
Ուսանողների հետ հանդիպումից հետո Սանդրա Եղիսաբեթ Ռուլովսը այցելեց նաեւ Էրեբունի բժշկական կենտրոն:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ