«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2004-12-02 | #217, 2004-12-03 | #218, 2004-12-04


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է

Այս տարի լրանում է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հիմնադրման 130-ամյակը (ճեմարանը, որը 2001 թ.-ից կառավարությունը ճանաչել է նաեւ որպես Աստվածաբանական համալսարան, հիմնադրել է Գեւորգ Դ կաթողիկոսը 1874 թ.): Երեկ Հայաստանի ազգային արխիվը ճեմարանի 130-ամյա պատմությանը նվիրված փաստաթղթերի ցուցադրություն էր կազմակերպել (կտեւի 2 շաբաթ), ուր նյութերը ներկայացված էին թեմատիկ բաժանմամբ եւ ըստ ժամանակագրության: Ցուցադրված էին կոնդակներ (օրենսդիր փաստաթուղթ), ճեմարանն ավարտած ուսանողների, նիստերի, որոշումների մասին արձանագրություններ, շարադրություններ (Կոմիտասի շարադրությունը «Շնորհալին եւ նրա ժամանակի կրոնական խնդիրները» թեմայով), գրություններ (Սանկտ Պետերբուրգի հայոց եկեղեցիների խորհրդի նախագահ իշխան Աբամելիք Լազարեւի գրությունը Գեւորգյան ճեմարանի վարչությանը Լազարեւի անվան թոշակառու ուսանողների թիվը 40-ի հասցնելու մասին), վկայականներ, քաղվածքներ, կաթողիկոսների ձեռագրեր եւ վկայագրեր, ճեմարանի մատենադարանում եղած գրքերի ցանկը, Կոմիտասի կազմած եկեղեցական երգեցողության դասերի ծրագիրը, կաթողիկոսների (Գեւորգ Չորեքչյան, Գարեգին Հովսեփյան եւ այլք) եւ ճեմարանում ուսանած սաների նկարները, ինչպես նաեւ մեր պատմության վշտալի շրջանը ներկայացնող փաստաթղթերըՙ բռնադատված եկեղեցականների անձնական գործերը:

Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ տեր Եղիշեն Ամենայն հայոց հայրապետի օրհնությունը փոխանցելով արխիվի աշխատողներին եւ շնորհակալություն հայտնելովՙ համառոտ ներկայացրեց ճեմարանի պատմությունը, նրա կատարած կարեւոր դերը հայ մշակութային, գիտական, ինչպես նաեւ քաղաքական կյանքում: «Գեւորգյան հոգեւոր ճեմարանը տվել է մի շարք մտավորականներ, գիտնականներ, անգամ ատոմաբան: Ճեմարանում են ուսանել Հ. Աճառյանը, Ն. Աղբալյանը, Ավ. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Հ. Մանանդյանը, Մ. Աբեղյանը եւ շատ մեծեր», իր խոսքում նշեց ճեմարանի տեսուչը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4