«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2004-12-02 | #217, 2004-12-03 | #218, 2004-12-04


«ՓՅՈՒՆԻԿԻ» ԵՐԵՔ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

Սովորաբար ֆուտբոլային մրցաշրջանի ավարտից հետո մի շարք ֆուտբոլիստներ մեկնում են արտերկրների թիմերՙ փորձաշրջանի: «Փյունիկի» երեք ֆուտբոլիստներիՙ դարպասապահ Ապուլա Բետեի, հարձակվողներ Էդգար Մանուչարյանի եւ Գալուստ Պետրոսյանի համար նման փորձաշրջանը հաջող է ավարտվել եւ նշված խաղացողներն արդեն պայմանագրեր են կնքել: Ինչպես տեղեկացանք «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանից, Էդգար Մանուչարյանը պայմանագիր է կնքել հոլանդական «Այաքսի» հետ: Ամենայն հավանականությամբ խոսքը «Այաքսի» երիտասարդական թիմի մասին է, չնայած բացառված չէ, որ իրեն լավագույն ձեւով դրսեւորելու դեպքում Էդգարին հրավիրեն նաեւ գլխավոր թիմ: Ամեն դեպքում առաջնության լավագույն ռմբարկուներից մեկի համար մեծ պատիվ է «Այաքսի» պես հեղինակավոր ակումբի հետ պայմանագիր կնքելը: Հուսանք, որ Էդգարը կարդարացնի սպասելիքները:

Առաջնության մյուս ռմբարկունՙ Գալուստ Պետրոսյանը, պայմանագիր է կնքել Քիշնեւի «Զիմբրուի» հետ, իսկ Ապուլա Բետեն այսուհետեւ արդեն ֆրանսիական «Բորդոյի» խաղացող է եւ հիմնական կազմում տեղ գրավելու համար պետք է մրցակցի Ուլրիկ Ռամեի հետ: «Ազգի» թղթակցի հետ զրույցում Վարդան Մինասյանը նշեց, որ, իհարկե, «Փյունիկի» համար նրանց բացակայությունը մեծ կորուստ է, սակայն ուրախ է տղաների համար: Իսկ ակումբի ղեկավարությունն արդեն մտածում է նրանց արժանի փոխարինողներ գտնել: Նախապատրաստական փուլում հնարավոր է, որ «Փյունիկի» եւս մի քանի ֆուտբոլիստներ փորձաշրջանի մեկնեն: Մասնավորապես մի քանի ակումբներ հետաքրքրվում են Կառլ Լոմբեով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4