«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2004-12-03 | #218, 2004-12-04 | #219, 2004-12-07


«ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԴԵՌԵՎՍ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ»

«Էրեբունի» հյուրանոցի երկրորդ մասնաշենքն արդեն 16 տարի դարձել է երկրաշարժից հետո Երեւան տեղափոխված գյումրեցիների բնակավայրը: Երկար միջանցքում կողք-կողքի դասավորված սենյակներում բնակվում են բազմաթիվ գյումրեցի ընտանիքներ, սակայն այս մասնաշենքը վաճառելուց հետո վերջիններիս այստեղ մնալը դարձել է կասկածելի:

Մարիետա Մանուկյանը իր տղայի հետ «Էրեբունի» հյուրանոցում է բնակվում 15 տարի: Ընտանիքի հետ Երեւան է տեղափոխվել 1988 թ. հունվարին: «Երկրաշարժի ժամանակ ես աշխատանքի էի, ամուսինս փողոցում էր, տղաս դպրոցում էր, իսկ աղջիկսՙ Երեւանում: Տղայիս դպրոցի մի մասը փլվեց: Նա դպրոցի կանգուն հատվածում էր այդ օրը դաս անում: Դեկտեմբերի 7-ին մեր ընտանիքում կորուստներ չեղան, սակայն կորցրինք մեր բնակարանը եւ լավ ապագայի հույսը», ասում է տիկին Մարիետան: Երկրաշարժի աղետալի հետեւանքն այս ընտանիքը զգում է մինչ օրս: Մարիետա Մանուկյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 5000 դրամ թոշակ: Ամուսինը զոհվել է 1992 թ. արցախյան պատերազմում: Որդին բանվորի աշխատանք է կատարում, ստացած գումարը հազիվ բավարարում է լույսի վարձին: Ապրում են մի փոքրիկ սենյակում, իսկ ողջ ունեցվածքը իրենց անկողինն է եւ հագուստները: «Գյումրիում հերթագրված ենք բնակարան ստանալու համար, սակայն, Աստված գիտի, թե երբ կստանանք: Այս սենյակում էլ պարզ չէ, թե որքան կբնակվենք: Ապրում ենք առանց վաղվա օրվա վրա վստահություն ունենալու, ասում է Մարիետան, միակ ցանկությունս է, որ սեփական անկյուն ունենամ, որդիս աշխատանք ունենա եւ վերջապես կարողանամ որդուս ամուսնացնել»:

Մարիամը եւ Արամը հանդիպել են, սիրահարվել ու ամուսնացել «Էրեբունի» հյուրանոցում: Արամ Կարապետյանին դուրս են բերել դպրոցի փլատակներից, իսկ Մարիամը բակում խաղալիս է եղել: Նրանք եւս իրենց ծնողների հետ Երեւան են տեղափոխվել երկրաշարժից անմիջապես հետո: «1988 թ. 9 տարեկան էի, ամուսինսՙ 12: Երկրաշարժից հետո ես դարձել եմ 3-րդ, իսկ ամուսինս 2-րդ կարգի հաշմանդամ, միասին ստանում ենք մոտ 6000 դրամ թոշակ: Ամուսինս էլ հիմնական աշխատանք չունի», ասում է Մարիամը: Նրանք 2 երեխա ունեն` 7-ամյա Սվետան եւ 5-ամյա Վրեժը: Ապրում են փոքրիկ սենյակում, որը ստացել են ամուսնությունից հետո: «Մենք եւս հաշվառված ենք Գյումրիում բնակարանի համար: Չգիտենք, թե երբ կստանանք, իսկ որքան կկարողանանք ապրել հյուրանոցումՙ անորոշ է», նշում է Մարիամը:

Երբ փորձեցինք հյուրանոցի տնօրենությունից ճշտել, թե ինչ ճակատագիր է սպասում երեւանաբնակ գյումրեցիներին, պատասխանեցին, որ այդ մասնաշենքը վաճառված է, եւ իրենք չեն կարող որեւէ տեղեկություն տրամադրել: «1988 թ. ես 15 տարեկան էի, բայց մինչ օրս երազումս տեսնում եմ այդ սարսափելի օրը: Ողջ քաղաքում փոշի էր բարձրացել, ամենուր փլատակներ էին, լացի ձայներ, իսկ մարդկանց դեմքին սարսափ էր դրոշմված, պատմում է տիկին Մարիետայի որդինՙ Արթուրը: Երբեմն մտածում եմ, որ երկրաշարժը մեզ համար այդպես էլ չի ավարտվել, այլ շարունակվում է այլ կերպարանքով»:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4