Ռամկավար ազատական կուսակցության մամլո կենտրոնական դիվանի հաղորդագրությունից տեղեկացանք, որ «Հայկազուն եւ Անահիտ Վարդիվառյան «Զարթօնք» մամլո մրցանակին են արժանացել Զավեն Մսրլյանըՙ Բեյրութից եւ Հակոբ Ադամյանըՙ Լաթաքիայից: Բեյրութի Թեքեյան կենտրոնի «Գերսամ Ահարոնյան» սրահում նրանց մրցանակները հանձնեցին Նյու Ջերսիից ժամանած մեկենասներ Հակոբ եւ Մարիա Վարդիվառյանները: Միջոցառմանը ներկա են եղել Հակոբ Գասարճյանը, Լիբանանում Հայաստանի հյուպատոս Մուրադ Բարսեղյանը, այս օրերին Բեյրութում գտնվող Կառլեն Դալլաքյանը, ինչպես նաեւ Ռամկավար ազատական կուսակցության եւ Թեքեյան մշակութային միության լիբանանյան շրջանակի պատասխանատուներ, խմբագիրներ, լրագրողներ:
«Զարթօնք» թերթի պատասխանատու խմբագիր Պարույր Աղբաշյանը բացման խոսքում շեշտել է մրցանակի կարեւորությունը, ինչպես նաեւ հայ մամուլն ու նրա զինվորագրյալներին գնահատելու ավանդն ու ջանքերը: Պրն Վարդիվառյանը շնորհավորելով մրցանակակիրներին հույս է հայտնել, որ հայ մամուլն ու նրան ծառայողները կնպաստեն հայ գրի եւ հրապարակագրության բարգավաճմանը, միեւնույն պահին արժեւորվել է «Զարթօնքի» երկար տարիների հայրենասիրական ծառայությունը:
Ռ. Պ.