Դրանցից 4459-ը առանձնատներ են
Վերջերս քաղաքապետարանը որոշեց ինքնակամ շինությունների ճակատագրի տնօրինմամբ անձամբ զբաղվել եւ այդ իրավասությունը «խլեց» թաղապետարաններից: Պատճառը վերջին տարում ինքնակամ շինությունների ծավալների աննախադեպ աճն է: Ընդհանրապես, անցած տարիներին, քաղաքապետների փոփոխության հետ, ապօրինի կառույցների վերաբերյալ տասնյակ որոշումներ ընդունվեցին, բայց մինչ հիմա դրանց դեմ պայքարը 1-2 շինություն կամ կրպակ հողին հավասարեցնելուց այն կողմ չի անցել: Այնպես որ քաղաքապետարանի նոր մարտավարության հետ էլ վարդագույն հույսեր չպետք է փայփայել:
Երեկ քաղաքապետարանում ճեպազրույցի թեման դարձյալ ինքնակամ կառուցապատումներն ու ապօրինի հողազավթումներն էին: Քաղաքապետի խորհրդական, քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության համակարգող Հրաչյա Մուրադյանը իբրեւ կարեւոր նորույթ նշեց վերահսկողության նոր կարգը, համաձայն որի վարչության տեսուչները նախապես իրենց ձեռքում կարող են ունենալ տվյալ կառույցի քաղաքաշինական փաստաթղթերը, մինչեւ քաղաքապետարանի կողմից դրանց հաստատումը: Նախկինում նրանք կառուցապատման օրինականությունը «ստուգում» էին կառուցապատողի կողմից այդ փաստաթղթերի տրամադրման դեպքում միայն: Այժմ նրանք համադրումներ ու սեփական եզրահանգումներ անելու հնարավորություն կունենան:
Այս տարվա ընթացքում քննվել է կառուցապատումների վերաբերյալ իրավախախտումների 170-180 գործ: Հրաչյա Մուրադյանի տեղեկացմամբ, քանդվել են 390 ինքնակամ կառույցներ: Նախորդ տարիներին նույն ցուցանիշը 100-ից չի անցել: Այնուամենայնիվ, ապամոնտաժվածների մեջ բենզակայաններից ու կրպակներից, ավտոտնակներից ու ձեղնահարկերից զատ որեւէ խոշոր շինություն չնշվեց: Մինչեւ դեկտեմբերի վերջը նախատեսվում է քանդել քաղաքաշինական նորմաներին հակասող եւս 15 բենզակայան (մինչ այդ 100-ից ավելի փոքրածավալ բենզալցման կետեր էին փակվել):
2003 թվականի նոյեմբերի 1-ի տվյալներով, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն քաղաքապետարան է ներկայացրել ինքնակամ կառույցների սարսափելի մեծ թիվ` 42 հզ. 946 շենքեր եւ շինություններ, որոնց թվում 27 հզ. 387-ն ավտոտնակներ են, 2611-ը` խանութներ եւ կրպակներ, 4459-ը` առանձնատներ, 5740-ը` կցակառույցներ, 1421 հողազավթումներ եւ այլն: Ինչ է լինելու նրանց ճակատագիրը, ինչպես է վերահսկողության վարչությունը վարվելու նրանց հետ:
Գործող օրենքի համաձայն ինքնակամ շինությունների տերերը մինչեւ 2005 թվականի փետրվարը պետք է օրինականացնեն իրենց ինքնագլուխ գործունեությունը:
Ապօրինի շինությունների օրինականացման առաջ կանաչ ճանապարհ բացելով, օրենքն ու իշխանությունները հաշվի չեն նստում այն իրողության հետ, որ ապօրինություն թույլ տված անձը ամեն ինչից զատ աղավաղել է նաեւ Երեւանի քաղաքաշինական կերպարը, եւ ոչ մի օրինականացմամբ այն շտկել չի լինի: Տուգանքների, պետականացման ու օրինականացման միջոցով փաստորեն վավերացվում է այս վտանգավոր օրինախախտումը եւս:
Ավելացնենք, որ առանց հողազավթման փաստի ապօրինություն հայտնաբերելու դեպքում (առանց թույլտվության շինարարության կամ նախագծային չափանիշներից շեղումների դեպքում), սեփականատիրոջը հենց տեղում սպառնում է 200 հզ. դրամ տուգանք, հողազավթմամբ ապօրինության դեպքում` 400 հզ. դրամ: Ասել է թե քաղաքապետարանի հետեւողական լինելու դեպքում գոնե քաղաքային բյուջեն կշահի: Քաղաքապետարանը ինքնակամների դեմ պայքարում ինչ-ինչ «ձեռքբերումներ» արձանագրելու համար «վերազինել» է վերահսկողական վարչությանը: Այստեղ ավելացվել է հաստիքների թիվը, տրամադրվել է տրանսպորտային 5 փոխադրամիջոց: Իր կողմից քաղաքապետը մի շարք որոշումներ է ընդունել փողոցների եւ մայթերի հարակից գոտիներում կառուցապատման կարգավորման, բազմաբնակարան շենքերի կցակառույցների շինարարության` ձեղնահարկերի, վերնահարկերի վերակառուցման կանոնակարգման, Երեւանի մուտքերի մոտ` մայրուղիներին հարող տարածքներում նախագծման ու կառուցապատման աշխատանքների նկատմամբ հատուկ հսկողություն սահմանելու մասին:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ