2005 թ. հունվարից Մոսկվայի տարածքում հաղորդումներ է սկսելու Ռուսաստանի համայնքների միության (ՌՀՄ) «Դիասպորա» արբանյակային հեռուստաընկերությունը: «Մենք արդեն ունենք հեռարձակման թույլտվություն եւ այժմ ավարտում ենք տեխնիկական հարցերի լրամշակումը, որպեսզի հունվարի վերջերին սկսենք կանոնավոր հաղորդումներ», Ինտերֆաքսի թղթակցին հայտնել է ՌՀՄ մամլո քարտուղար Նատալյա Սելիշչեւան:
Նրա խոսքերով, սկզբնական փուլում հաղորդումները բաղկացած կլինեն տարածաշրջանային լուրերից, մանկական ծրագրերից, զանազան հեռուստահանդեսներից եւ այլն: Ընդսմին նախատեսվում է ստեղծել սեփական հաղորդումներ, դրանք ֆինանսավորելով համապատասխան համայնքների ներկայացուցիչների հաշվին:
Ներկայումս ՌՀՄ կազմի մեջ մտնում են ռուսաստանյան 120 համայնքներ (ադրբեջանական, հայկական, վրացական, հունական, հրեական, չինական, կորեական, լիտվական, տաջիկական, ասորական, լեզգիական, քրդական եւ այլն):
Պ. Ք.