Հայաստանում գործող բրիտանական ընկերությունները երեկ իրենց ապրանքներն ու ծառայությունները ներկայացրին «Կոնգրես» հյուրանոցի սրահում: Ընդ որում, ցուցահանդեսում ներկայացված էին ինչպես բրիտանական կապիտալով Հայաստանում արտադրվող, այնպես էլ եվրոպական այդ երկրից ներմուծվող ապրանքները: Շուրջ երկու տասնյակ ընկերությունների թվում էին ներկերի, մեքենաների յուղերի, լվացող եւ մաքրող միջոցների, ոգելից խմիչքների, դեղերի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող, ավիափոխադրումներ, հրատարակչական գործունեություն իրականացնող եւ մի շարք այլ կազմակերպություններ:
Ավիացիայի ոլորտը ներկայացնում էր Հայաստանի շուկայում արդեն յոթ տարի օդային փոխադրումներ իրականացնող «Բրիտանական ավիաուղիների BMED ընկերությունը»: «Բուլվինոս քեմիկլզ» ընկերությունը արտադրում է մաքրող, լվացող եւ ախտահանող միջոցներ, որոնք, ընկերության ներկայացուցչի հավաստմամբ, բացի ներքին շուկայից վաճառվում են նաեւ Ռուսաստանում, Անգլիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում: «Ֆարմատեք» ընկերությունը հայտնի է ներերակային լուծույթների արտադրությամբ, դեղերի ներմուծմամբ եւ վաճառքով ու միաժամանակ մի շարք դեղագործական հայտնի ընկերությունների ներկայացուցիչն է Հայաստանում: Ոգելից խմիչքների խոշորագույն արտադրող «Դիաջո» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Ագենա» ընկերությունը ներկայացնում էր հանրաճանաչ ընկերության «Սմիռնով» օղին, «Ջոննի Ուոկեր» շոտլանդական վիսկին, «Գինես» մուգ գարեջուրը, «Բեյլեյս» լիկյորը եւ այլ խմիչքներ: Հրատարակչական գործունեությամբ է զբաղվում «Մակմիլան» ընկերությունը:
Բրիտանական ապրանքների եւ ծառայությունների ցուցահանդեսը կգործի նաեւ այսօր:
Ա. Մ.