«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2004-12-07 | #220, 2004-12-08 | #221, 2004-12-09


ԴՈԼԱՐԻ ՍՐԸՆԹԱՑ ԱՆԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԼՐՋՈՐԵՆ ՎՆԱՍԵԼ ՆԱԵՎ ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻՆ

Խորհրդարանում մեկնարկեցին 2005 թվականի բյուջեի քննարկումները

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի ներկայացմամբ, բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումներից հետո ԱԺ խմբակցություններից, անհատ պատգամավորներից ստացվել են 460 առաջարկներ: Դրանք հիմնականում վերաբերում են կամ ծախսերի կրճատմանը, կամ ավելացմանը:

Ծախսերի ավելացում նախատեսող առաջարկների բավարարման համար հարկ կլինի բյուջե «ներմուծել» եւս 11,4 մլրդ դրամ, որը, ըստ նախարարի, միայն մասնակի կբավարարվի:

Առաջարկների մի մասը, որոնց համաձայն է նաեւ կառավարությունը, վերաբերում է դպրոցաշինությանը, չնայած այս ոլորտին արդեն 4,8 մլրդ դրամ հասցեագրվել է: Հաջորդը ճանապարհաշինությունն է, գազաֆիկացիան, ջուրը, մշակույթի օբյեկտները:

2005 թվականի բյուջեում, ինչպես 2004 թվականին, նախատեսվում է հարկային եկամուտների ավելացում: Ընդ որում, կրկնապատկվելու են ե՛ւ եկամուտները, ե՛ւ ծախսերը: Այն իրականացվելու է ստվերային շրջանառությունը հարկման դաշտ բերելու միջոցով:

Դոլարի փոխարժեքի սրընթաց անկումը ինչպես կարող է անդրադառնալ բյուջեի վրա, եւ ինչպիսի փոխարժեք է սահմանվելու դոլարի համար այնտեղ: Նախարարը հայտնեց, որ Կենտրոնական բանկը նպատակահարմար է համարել բյուջեի հաշվարկների հիմքում դնել դեկտեմբերի 1-ի փոխարժեքային ցուցանիշները (1 դոլարը 500 դրամ):

Իհարկե, Վարդան Խաչատրյանը չի բացառում, որ դոլարի անկման աննախադեպ արագությունների պարագայում բյուջետային ցանկացած թիվ ու նախատեսում կարող են նույն արագությամբ հնանալ: Անշուշտ, այդ հանգամանքը մեծ չափով մեծացնելու է բյուջեի ռիսկայնության մակարդակը: Բայց «դա ավելի շատ մեր օրենքների անկատարության հետեւանք է: Մեր հիմնական ներմուծվող արտադրանքը, ծխախոտը, բենզինը, եւ այլ խոշոր ապրանքներ, գնահատված են ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Ճիշտ կլիներ հաշվարկը դրամով լիներ, քանի որ հաստատ կորուստներ ենք ունենալու:

Հիմնական բացասական ազդեցությունը ներմուծումների ասպարեզում է լինելու: Բայց մենք կփորձենք հնարավորինս նվազեցնել այդ ազդեցությունը բյուջեի վրա»:

Իսկ թե ինչքան կշարունակվի դոլարի վայրընթացը, եւ ինչպիսին կլինի հունվարին, նախարարը խուսափեց կանխատեսումներ անելուց: Նա միայն հիշեցրեց, որ նախորդ օրը եվրոպական մի քանի երկրների ֆինանսների նախարարներ դիմել են ԱՄՆ-ին` խնդրելով ավելի կանխատեսելի դարձնել իր հարկա-բյուջետային քաղաքականությունը:

Ի վերջո, աշխարհի ֆինանսական շուկան կարգավորվում է նաեւ որոշակի կանոններով: Դրանց ենթարկվում են, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ երկրները: Սակայն ԱՄՆ-ը դուրս է այդ շրջանակներից, եւ նրա ֆինանսական քաղաքականության վայրիվերումներն անմիջապես ազդում են աշխարհի երկրների վրա:

«Եթե ԱՄՆ-ը իրավիճակը կարգավորելու բարի կամք ցուցաբերի, այն ժամանակ գուցե հնարավոր լինի ինչ-որ ենթադրություններ անել: Բայց այս պահին որեւիցե ազդանշան կամ տեղեկություն չկա այդ մասին», ավարտեց Վարդան Խաչատրյանը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4