«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2004-12-07 | #220, 2004-12-08 | #221, 2004-12-09


ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԵՎՍ ԿԼԻՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

ԼՂՀ խորհրդարանը երեկ կայացած իր հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընտրական օրենսգիրքը: Նախորդ քննարկման ժամանակ վիճահարույց էր եղել ապագա խորհրդարանում համամասնական եւ մեծամասնական տեղերի ճշգրտման հարցը: Ազգային ժողովում մեծամասնություն կազմող ԺԱՄ խմբակցությունը գտնում էր, որ ԼՂՀ խորհրդարանում մեկ երրորդի չափով համամասնական ընտրակարգով տեղ հատկացնելը բավարար է, իսկ ՀՅԴ խմբակցությունը պնդում էր ամբողջապես համամասնական ընտրակարգ ներմուծելու ձեւը:

Երեկվա նիստում ելույթ ունենալով, երկու խմբակցությունների ներկայացուցիչները նշեցին, որ ընտրական օրենսգրքի նախագիծը համատեղ քննարկվել է եւ ընդհանուր համաձայնություն գտել, ընդ որումՙ ԺԱՄ խմբակցության ներկայացրած ձեւով: Միեւնույն ժամանակ որոշ կետեր վերջնական համաձայնության անհրաժեշտություն ունեին, որոնք եւս քննարկվելով երեկվա լիագումար նիստում, իրենց դրական լուծումը գտան:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքը: Ներկայացնելով օրենքի նախագիծը, պատգամավոր Վահրամ Աթանեսյանը նշեց, որ խորհրդարանի անդամների զգալի մասը դեռեւս ծանոթ չէ օրինագծին, եւ այս կապակցությամբ անհրաժեշտ է նրանց եւս հնարավորություն տալ լրիվ ծանոթանալու օրինագծին: Ճիշտ գտնելով այս մոտեցումը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանը միեւնույն ժամանակ առաջարկեց ապագա օմբուդսմենի աշխատավարձը սահմանել դատական մարմինների ղեկավար պաշտոնի դրույքաչափով: Օրինագիծն ընդունվեց առանց այլ առաջարկությունների:

Պատգամավորները հավանություն տվեցին նաեւ «Արցախտրանս» ՓԲԸ-ին եւ Ստեփանակերտի քաղաքապետարանի «Սանմաքրում-կանաչապատում» ՊՓԲԸ-ին հարկային պարտավորությունների կատարման արտոնություն սահմանելու օրենքների նախագծերին:

Փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին նաեւ դատաիրավական եւ սոցիալ-տնտեսական ոլորտներին վերաբերող մի շարք օրենքներում:

Վերջում պատգամավորները հանդես եկան հայտարարություններով:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4