Լրագրողների հանդեպ դրսեւորված անհարգալից մոտեցման մի դեպքի առիթով
Տարբեր միջոցառումների ժամանակ հաճախակի ենք բախվում օտարերկրյա, մասնավորապես ամերիկյան ֆինանսավորմամբ գործող կազմակերպություններում աշխատող Հայաստանի քաղաքացիների անբարեկրթությանն ու լրագրողների հետ աշխատելիս դրսեւորած դիլետանտությանը: Սովորաբար այդ դրսեւորումներին փորձում ենք առանձնակի նշանակություն չտալ: Սակայն երեկ «Արմենիա» հյուրանոցում ԱՄՆ միջազգային կազմակերպության (USAID) ֆինանսավորմամբ գործող Կրթությամբ զարգացման ակադեմիայի (AED) կազմակերպած «Սպառողական զամբյուղ. սահմանում եւ զարգացման մոտեցումներ» սեմինարի ժամանակ AED-ի աշխատակիցների ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի մասին չենք կարող չգրել:
Միջոցառման կազմակերպիչները բացարձակապես չէին հոգացել լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ որեւէ պայման: Լրագրողների համար չկային նստելու տեղեր, թարգմանիչ սարքեր, անհրաժեշտ տեղեկատվություն սեմինարի մասին, եթե չհաշվենք տեղեկատվությունից զուրկ մեկ համակարգչային էջից պակաս գրված «Հակիրճ նկարագիրը»: Այս ամենը բավարար չէր, Կրթությամբ զարգացման ակադեմիայի երիտասարդ աշխատակիցը համառորեն փորձում էր լրագրողներից վերցնել մեկ-երկուսին հասած սեմինարի զեկույցները պարունակող թղթապանակը, դա բացատրելով այն հանգամանքով, որ լրագրողները սեմինարի մասնակիցներ չեն համարվում եւ այդ վիճաբանությունը վերածեց իսկական շուկայական առեւտրի: Մեր փորձերը հասկացնելու նրան, որ լրագրողներն իրենց անձնական հետաքրքրասիրությունը բավարարելու համար չեն գալիս նման միջոցառումների, եւ հասարակությանը դրանք լուսաբանելու համար միջոցառումը կազմակերպող եւ լրագրողներ հրավիրող կազմակերպությունը պարտավոր է ապահովել անհրաժեշտ պայմաններ, անօգուտ եղան: Ամերիկյան կազմակերպության հիշյալ հայ աշխատակիցը այդպես էլ չհասկացավ, թե ինչո՞ւ են հրավիրվում լրագրողները եւ ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի իրենց իսկ հրավիրած միջոցառումը լրատվամիջոցները լուսաբանեն:
Ելնելով վերոնշյալից, անիմաստ ենք համարում հիշյալ միջոցառման լուսաբանումը: ԱՄՆ զարգացման միջազգային գործակալության ուշադրությանն ենք հրավիրում այն փաստը, թե ինչպիսի որակավորման աշխատակիցներ են աշխատանքի ընդունվում իրենց կողմից ֆինանսավորվող կառույցներում, եւ որքանո՞վ է նպատակահարմար ամերիկյան հարկատուների հաշվին բարձր աշխատավարձ ստացող նման մարդկանց գործունեությունը այդ պաշտոններում: Մեր կողմից կարող ենք հավաստիացնել, որ համապատասխան մասնագիտական ունակություն ունեցող անձանց պակաս Հայաստանում չի զգացվում:
Ա. Մ.