Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ֆեդերացիայի գործադիր կոմիտեի այս տարվա իններորդ նիստը, որի օրակարգում ընդգրկված էր հանրապետության ներֆուտբոլային կյանքին վերաբերող 12 հարց: Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, առաջին հարցով գործկոմն անդրադարձավ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դիմումին: Դրանով խնդրում են թույլատրել մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը, հաշվի առնելով, որ «Շիրակն» իրեն լավագույնս է դրսեւորել հանրապետության բոլոր առաջնություններում, միշտ գրավել է մրցանակային տեղեր, Շիրակի մարզի եւ Գյումրի քաղաքի միակ թիմն է բարձրագույն խմբում, ունի ֆուտբոլային հարուստ ավանդույթներ: ՀՖՖ նախագահը գործկոմին առաջարկեց քննարկել բարձրագույն խմբի թիմերի քանակը մեկով ավելացնելու հարցը, քանի որ ֆուտբոլի զարգացման անհրաժեշտությունից եւ առաջնության մրցունակությունից ելնելով տարեց տարի անհրաժեշտ է ավելացնել բարձրագույն խմբի թիմերի քանակը: Գործկոմը հավանություն տվեց առաջարկին:
ՀՖՖ-ի գործկոմն անդրադարձավ նաեւ Է.Գրիգորյանի անվան մասնագիտացված մարզադպրոցի կարգավիճակի հարցին: ՀՖՖ նախագահը ներկայացնելով ՀՖՖ-ի կազմում մարզադպրոցի շահագործման ֆինանսական աննպատակահարմարությունը, առաջարկեց քննարկել մարզադպրոցը 30 տարով «Բանանց» ֆուտբոլային ակումբին վարձակալության հանձնելու հարցը:
Նա տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է նաեւ «Բանանց» ակումբի հովանավորների հետ եւ «Բանանցը» միակ ակումբն է, որը ներկայացրել է կայուն զարգացման առաջարկ եւ ծրագիր: Լսելով բոլոր մեկնաբանությունները, գործկոմը միաձայն որոշեց մարզադպրոցը վարձակալության տրամադրել «Բանանց» ակումբին:
Քննարկվեց նաեւ ՀՀ բարձրագույն եւ առաջին խմբի առաջնությունների մասնակցության մուտքավճարների բարձրացման հարցը: ՀՖՖ նախագահը ներկայացրեց մուտքավճարների հավաքագրման եւ կատարված ծախսերի հանգամանալից վերլուծությունը, ըստ որի առաջնությունների կազմակերպման համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ծախսած գումարները տարեկան ավելի քան 64 հազար դոլարով գերազանցում են մուտքավճարներից գոյացած գումարներին: Առաջարկվեց մուտքավճարները դարձնել համապատասխանաբար 3,5 եւ 1,5 միլիոն դրամ: Այս որոշումը նույնպես միաձայն ընդունվեց գործկոմի կողմից:
Քննարկվեց նաեւ «Աչաջուր» ՖԱ ՀԿ-ի, «Էսթեղլալ-Կոտայք» եւ «Աբովյան» ՖԱ-երի ՀՖՖ իրավաբանական անձանց միությանն անդամագրվելու հարցը: Գործկոմը, ծանոթանալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերին, միաձայն քվեարկեց հարցի դրական լուծման օգտին:
Քննարկվեց նաեւ 2004 թ. ՀՀ բարձրագույն խմբի առաջնության ռմբարկուի որոշման կարգի մասին հարցը: Այսօր ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ ռմբարկուի կոչմանը հավակնում են երկու երիտասարդ շնորհալի ֆուտբոլիստներ, եւ որ կանոնակարգով ռմբարկուի միայն մեկ թեկնածուի համար է նախատեսված դրամական մրցանակ: ՀՖՖ-ի նախագահն առաջարկեց կատարել համապատասխան փոփոխություն եւ թույլ տալ կրկնապատկել մրցանակային ֆոնդը, ինչը գործադիր կոմիտեի անդամները ընդունեցին մեծ հավանությամբ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ