Իր պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով 2005 թ. քաղաքապետարանի բյուջեում նախատեսվող փոփոխություններին, Է. Աղաբեկյանը նշեց, որ ինչքան էլ միջոցների հատկացումներն ավելանան, դարձյալ դրանք քիչ են լինելուՙ լուծելու համար մայրաքաղաքի բոլոր խնդիրները: Նա տեղեկացրեց, որ արդեն ավագանու նիստում մշակվել ու պատրաստ են քաղաքապետարանի ինչպես մեկամյա, այնպես էլՙ երեքամյա գործունեության ծրագրերը, որոնք ներառում են սոցիալ-տնտեսական եւ մյուս բոլոր ոլորտները: Քաղաքապետը կարեւորեց այն հանգամանքը, որ նոր տարվանից կառավարության որոշմամբ հողի հարկումը եւ գույքագրումը անցնելու են համայնքների իրավասությանը, ինչը հնարավորություն կտա, կոնկրետ իրենց պարագայում, քաղաքի համայնքի սեփական եկամուտների մասով 18-24 տոկոս աճ ունենալ:
Իբրեւ առաջնահերթ խնդիրներից մեկը, նա կարեւորեց բնակարանաշինությունը, նշելով, որ պետք է այս խնդրում աջակցել նախեւառաջ արցախյան գոյամարտում զոհվածների եւ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին: Այսօր Ստեփանակերտում 154 զոհվածների եւ 123 հաշմանդամ զինծառայողների ընտանիքներ կամ վարձով են ապրում, կամ էլՙ կոմունալ-կենցաղային վատ պայմաններում: Նրանց խնդիրների լուծման նպատակով, ըստ քաղաքապետի, հաջորդ տարի պաշտպանության նախարարությունը շուրջ 150 մլն դրամի օժանդակություն է ցույց տալու: Ենթադրում են նաեւ այլ օժանդակություններ: Մասնավորապես, նախատեսվում է քաղաքի տարբեր հատվածներում բազմաբնակարանոց մի քանի տներ կառուցել, որոնց մի մասը կհատկացվի վերոհիշյալ խավին:
Հարց եղավ քաղաքում ապօրինի շինությունների եւ ինքնակամ կառույցների վերաբերյալ, որոնց առնչությամբ Է. Աղաբեկյանը նշեց, որ որոշ քայլեր արդեն արվում են: Կոնկրետ, անցած 100 օրում նման ապօրինի շինարարությունների համար օրինազանց քաղաքացիներից 940.000 դրամի տուգանք է գանձվել, որից 860.000-ն արդեն մուծված է:
Ցավով նշելով, որ իրենք լծակներ չունեն մայրաքաղաքում նոր աշխատատեղերի բացման համար, Է. Աղաբեկյանը միաժամանակ ասաց, որ քաղաքապետարանը ձգտում է միջնորդավորված ձեւով այս հարցին հնարավորինս լուծում տալ:
Հարց եղավ նաեւ հանրապետության իշխանությունների հետ քաղաքապետի հարաբերությունների մասին: Այս առնչությամբ նա ասաց, որ ինքը բարձրագույն իշխանությունների առաջին դեմքերից օժանդակություն հիմնականում ստանում է, ինչը չի կարելի ասել որոշ մանր չինովնիկների մասին: Հենց նրանք են, Է. Աղաբեկյանի խոսքերով, ասեկոսեներ տարածում, դրանով իսկ փորձելով նսեմացնել քաղաքապետի իր գործունեությունը:
Էդուարդ Աղաբեկյանը լրագրողների խնդրանքով նաեւ անդրադարձավ ջրամատակարարման ու կոմունալ-կենցաղային խնդիրներին, որոնք քաղաքապետի բնութագրմամբՙ բավականին շատ են: Մի հետաքրքրական փաստ նրա ներկայացրած տվյալներից. Ստեփանակերտի ծայրամասում գտնվող 3-4 տներ առհասարակ զուրկ են էլեկտրական հոսանքից: Քաղաքապետը պարբերաբար շրջում է քաղաքումՙ այս շրջանակներում անելիքների ծրագիրն ավելի հստակեցնելու նպատակով: Նրա խոսքերով, ընթանում է քաղաքային համայնքին ենթակա գույքի ճշտման գործընթաց, որի ավարտից հետո պետք է առավել գործնական քայլեր ձեռնարկվեն վերոհիշյալ խնդիրների լուծման ուղղությամբ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ