«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2004-12-08 | #221, 2004-12-09 | #222, 2004-12-10


ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ

Ակադեմիկոս Պարիս Հերունին հրատարակել է «Հայերը եւ հնագույն Հայաստանը» գիրքը:

Ինչպիսի՞ն է գրքի ստեղծման պատմությունը: «Ավելի քան 15 տարի զբաղվել եմ հայոց պատմության ուսումնասիրմամբ, կարդացել եմ բոլոր սկզբնաղբյուրները եւ մտածել եմ, որ ինչ-որ բան այն չէ եւ այսօր մեզ մատուցված հայոց պատմության մեջ շատ հակասություններ կան: Սա է եղել գիրքը գրելու պատճառը», ներկայացրեց Պարիս Հերունին:

Գիրքը բաղկացած է երեք բաժիններիցՙ Հայաստանի նախապատմական հրաշքը (Քարահունջ), հայոց լեզվի վերլուծությունը, հին Հայաստանի պատմությունը: Գիրքը, ըստ ներկայացման, փաստորեն ընդգրկում է փաստեր, նյութեր, որոնք մեծ մասամբ հերքում են մինչ այժմ մեզ եւ աշխարհին հասած հայոց պատմությունը: Այն հրատարակվել է անգլերենով, շուտով կլինեն հայերեն եւ ռուսերեն տարբերակները: Իսկ անգլերեն է նրա համար, ընդգծում է հեղինակը, որ այս գիրքն ուղղված է ոչ միայն հայերին, այլեւ ամբողջ աշխարհին: «Իրականում համաշխարհային պատմությունը շատ է տուժել հայոց պատմության դեն գցման պատճառով, հայոց պատմությունը պետք է գտնի իր տեղը համաշխարհային պատմության մեջ», ավելացնում է Հերունին:

«Հայերը եւ հնագույն Հայաստանը» գրքում ներկայացված նյութերից է, օրինակ, այն, որ հայկական տառերը Մաշտոցը չի ստեղծել, այլ նրանից շատ առաջՙ Արտաշեսի ժամանակ եղած արամերեն լեզուն նույն հայերենն է, պարզապես արամերենում տառերը գրված էին խառը եւ շրջուն տեսքով: Մեկ այլ օրինակ: Հեղինակն ասում է, որ արեւապաշտությունն անվանել հեթանոսություն մեծ սխալ է: Հեթանոսները երկրպագում են կենդանիներ, արձաններ, կրակ եւ այլն, իսկ արեւապաշտները երկրպագում են արեւը: «Ես չեմ քարոզում իմ գրքում, թե արեւապաշտությունը քրիստոնեություն է: Ո՛չ, քրիստոնեությունը մեծ եւ բարի կրոն է, ես միայն ասում եմ, որ այն ծագել է արեւից, եւ այսօր էլ հոգեւորականները գիտեն, որ Հայր Աստվածը արեւն է», ավելացնում է Պարիս Հերունին:

Հեղինակը հերքում է նաեւ Ուրարտու թագավորության գոյությունը, նշում է, որ, ըստ իր գտած անտրոպոլոգիական տվյալների, աշխարհի ամենահին ռասան եղել է արմենոիդը (հայերը), որ հայ քաղաքակրթությունն առաջացել է 40 հազար տարի առաջ, երբ սկսել է խոսել հոմոսապիենսը, որ հայոց պատմության աղավաղումը սկսվել է Աստվածաշնչի գրելուց սկսած, երբ մեր Արամ թագավորի անունը գրել են Ադամ եւ նմանատիպ մի շարք հերքումներ:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4