Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը, տեղի ունեցավ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Բնապահպանական տեղեկատվական հասարակական կենտրոնի կազմակերպած «Շրջակա միջավայր եւ մարդու իրավունքներ» մրցույթի մրցանակաբաշխությունը: «Պատահականություն չէ, որ մրցանակաբաշխությունը կազմակերպվել է դեկտեմբերի 10-ին, քանի որ բարենպաստ շրջակա միջավայրում ապրելը մարդու իրավունքների անքակտելի մասն է», նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը: Մրցույթին ներկայացվել են 24 հոդված եւ 16 հեռուստատեսային աշխատանք: Նման մրցույթ անցկացվում է երկրորդ տարին, 2 անվանակարգերում` մամուլ եւ հեռուստատեսություն: Մամուլի ներկայացուցիչներից առաջին մրցանակին արժանացել է Սյունիքի մարզի «Բան եւ գործ» թերթի լրագրող Սուսաննա Շահնազարյանը: Երկրորդ մրցանակին են արժանացել «Ազգ» օրաթերթի լրագրող Կարինե Դանիելյանը «Նոր տագնապներ Սեւանա լճի համար» հոդվածի համար, եւ Արթուր Սաքունցն ու Նարինե Բուլղադարյանը: «Ինֆորմացիան հզոր զենք է, եւ մեր հասարակությունը պետք է իրազեկված լինի, դա նրա իրավունքն է: Նման մրցույթները նպաստում են իրազեկ հասարակության կայացմանը», ասաց Կարինե Դանիելյանը: «Հեռուստատեսություն» անվանակարգում առաջին մրցանակին է արժանացել Էդիկ Բաղդասարյանը, երկրորդ մրցանակին է արժանացել Սաթենիկ Կաղզվանցյանը Շիրակի մարզից, իսկ երրորդին` Վալերի Գասպարյանը «Միր» հեռուստառադիոընկերությունից: «Անտառահատումները նույն թափով շարունակվում են, չնայած մենք շարունակում ենք բազմաթիվ նյութեր գրել: Ես կարծում եմ, որ մեր թիրախը պետք է դառնա հասարակական գիտակցությունը, ու ի վերջո նույն հասարակությունը պետք է պահանջի կառավարությունից վերահսկել անտառահատումները», ասաց Էդիկ Բաղդասարյանը: Կազմակերպիչների հավաստմամբ, այս տարի նկատելիորեն բարձրացել էին նյութերի մատուցման որակը, բավականին թվով հայտ էին ներկայացրել նաեւ մարզային լրագրողները:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ