Արտահանող հայաստանյան ընկերությունների համար սա լուրջ խնդիր է
Վերջին ժամանակներս փոխարժեքի տատանումները տարատեսակ մեկնաբանությունների եւ ենթադրությունների տեղիք տվեցին: Ամեն դեպքում, անկախ նման իրավիճակում գերշահույթ ապահովողների, նման տեխնոլոգիաներով ֆինանսական գործարքներ իրականացնողների շարժառիթներից ու դրսեւորած վարքից, փոխարժեքի նման տատանումները զգալիորեն ազդում են նաեւ Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա:
Մասնավորապես, փոխարժեքի կտրուկ տատանումները որոշակի առումով ազդում են Հայաստանում գործող հատկապես այն ընկերությունների վրա, որոնք իրենց արտադրանքը արտահանում են: Ընդհանուր առմամբ, ազգային դրամի արժեւորման դեպքում արտահանման ծավալները նվազում են:
Արտաշատի պահածոների գործարանի առումով արտարժույթի փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադառնում ընկերության գործունեության վրա: Գործարանի փոխտնօրեն Վաչագան Կարապետյանի խոսքերով, գործարանի արտադրանքի մոտ 90 տոկոսն արտահանվում է եւ բնականաբար դրսում վաճառվում արտարժույթով:
Ըստ Վաչագան Կարապետյանի, արտահանումից ստացվող եկամուտը վերածվում է դրամի, որպեսզի դրանով կատարվեն հումքի վճարումները: Արտաշատի պահածոների գործարանի արտադրանքի արտահանման ծավալները մնում են նույնը, սակայն շահույթը զգալիորեն փոքրանում է:
«Ունենք ամիսներ առաջ կնքված պայմանագրեր, որոնցով ստանձնած մեր պարտավորությունները ամեն դեպքում մենք պիտի կատարենք, անգամ եթե վնաս կրենք», «Ազգ»-ի հետ զրույցում ասաց գործարանի փոխտնօրեն Վաչագան Կարապետյանը:
Ոսկերիչների միության լրատվական ծառայությունից Վոլոդյա Կիրակոսյանը «Ազգ»-ին տեղեկացրեց, որ միության անդամ Երեւանի ոսկերչական գործարանի տնօրինության համաձայն, արտահանման վրա փոխարժեքային տատանումները զգալիորեն են ազդում:
Ոսկերչության ոլորտում, ըստ Վոլոդյա Կիրակոսյանի, նման տատանումները առավելապես զգալի են: Դեռ ավելին, որքան անկում է ապրում դոլարի փոխարժեքը, նույն հարաբերակցությամբ էլ դրսեւորվում է արտահանման վրա փոխարժեքի տատանումների ազդեցությունը:
Հետաքրքրական է, որ «Մաքուր երկաթի գործարան» ընկերության առումով փոխարժեքային տատանումները չեն ազդում գործարանի արտադրանքի արտահանման վրա: Ըստ գործարանի տնօրեն Գենիկ Կարապետյանի, գործարանը բոլոր գործարքները կատարում է դոլարով` իրականացնելով համարժեք դրամով:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ