«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2004-12-10 | #223, 2004-12-11 | #224, 2004-12-14


«ԴՈԼԱՐԻ ՎԱՐՔԱԳԻԾՆ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ 2005 Թ. ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎՐԱ»

Կարծում է վարչապետը

Երեկ ԱԺ արտահերթ նստաշրջանում հարցադրումների առանցքը նաեւ դոլարի փոխարժեքի կտրուկ փոփոխության հետեւանքով բյուջեին սպասվող անակնկալներն էին: Հիշենք, որ բյուջեում այն հաշվարկվել է դեկտեմբերի 1-ի կուրսով, այսինքն` 500 դրամով: Մինչդեռ այս պահին էլ դոլարն ամրանալու մեծ հույսեր չի ներշնչում: Ակնհայտ է, որ միջազգային շուկայի նոր անակնկալները դեռ առջեւում են:

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ավելի լավատես է, քան իր ֆինանսների նախարարը, որն ընդամենը մի քանի օր առաջ մտավախություն հայտնեց, թե բյուջեի կատարումը դոլարի անկանխատեսելի վարքագծի պատճառով կարող է վտանգվել: «2004 թվականին էլ այդ փոփոխությունները եղան, բայց էական ազդեցություն չունեցան բյուջեի կատարման վրա: Չնայած մենք տարվա վերջին ստիպված եղանք փոխհատուցել դրանք այն վարկային ռեսուրսներով, որ դոլարով էինք ստացել: Հույս ունենք, որ 2005 թվականին էլ այդ տատանումներն էական ազդեցություն չեն ունենա»:

Պարտադի՞ր էր, որ հանրապետության նախագահը հանդիպեր Կենտրոնական բանկի նախագահի հետ, նոր միայն հայկական տարադրամի շուկայում կասեցվեին դոլարի աննախադեպ թռիչքները:

Վարչապետը կարծում է, որ այդ հանդիպումը չպետք է կապել դոլարի վարքագծի հետ, որ մինչ այդ էլ հանդիպումներ ու որոշակի գործողություններ են ձեռնարկվել: Ստացվում է, որ դրանց ներգործության ժամկետը համընկել է նախագահի հետ հանդիպմանը հաջորդող շրջանին:

Նույն հարցադրմանը Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ավելի կտրուկ պատասխան տվեց` «Հարցը կոռեկտ չեմ համարում»:

Ի դեպ, քննարկումների ժամանակ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենք նոր հայեցակարգ են մշակում, որի նպատակը պիտի լինի տարադրամի փոխանակման կետերի գործունեության կանոնակարգումը: Ուսումնասիրությունները պարզել են, որ մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում եւ Կասյան փողոցում տեղավորված փոխանակման կետերն այս ընթացքում, փաստորեն սպասարկել են ստվերային շրջանառությանը: Այսինքն, տարադրամի կտրուկ բարձրացումները մեզ մոտ պայմանավորված են եղել ոչ միայն միջազգային շուկայում տիրող իրադարձություններով:

2005 թվականի բյուջեի համար Անդրանիկ Մարգարյանը վրիպում է համարում սոցիալական ոլորտին ավելի նվազ գումարների տրամադրումը, քան իրենք ցանկանում են: Այնուամենայնիվ, ցանկությունների եւ հնարավորությունների այդ անհամապատասխանությունը չի խանգարում, որ վարչապետը նախորդ տարվա հետ համեմատելով` բավարար գնահատի նաեւ սոցիալական, առողջապահական, կրթական ոլորտներին հատկացումները: Նա ափսոսանքով նշեց միայն, որ չեն կարողացել բարձրացնել քաղաքացիական ծառայության աշխատողների աշխատավարձերը: Շեշտադրումները դրվել են այն ոլորտների վրա, որոնք վերջին տարիներին ընդհանրապես ուշադրությունից դուրս են մնացել: Դրանք ենՙ բանակ, ոստիկանությունը, անվտանգության ծառայությունները:

Գալիք տարիներին հաջորդաբար կբարձրացվեն ոչ միայն ուսուցիչների, այլեւ պետական ծառայության աշխատողների աշխատավարձերը` հարկային, մաքսային, դիվանագիտական:

Բյուջեում Անդրանիկ Մարգարյանը սոցիալական կարեւոր ներդրում համարում է ոչ միայն ուղղակիորեն թոշակների կամ նպաստների ավելացումը, այլեւ սոցիալական ենթակառուցվածքներին ուղղված միջոցների ծավալը` ճանապարհաշինության, ոռոգման ու խմելու ջրի, դպրոցները համակարգիչներով ապահովելու եւ այլն: Անմիջականորեն ընդգրկված չլինելով սոցիալական խնդիրների բլոկում, դրանք, այնուամենայնիվ, աղքատության մեղմացման գործառույթ են կատարում:

Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը 2005 թվականի բյուջեի համար բացասական բնորոշիչ է համարում ծախսերի տոկոսային նվազեցումը պաշտպանության ոլորտում: Չնայած այս ուղղությամբ 7 մլրդ դրամի ավելացումներ են արձանագրվել, բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ տոկոսային առումով 2 կետով այս ոլորտին հատկացումները քիչ են: Հանձնաժողովի նախագահը, համենայն դեպս, կառավարությանը հորդորեց առաջիկա 10 օրերին վերանայել այդ դիրքորոշումը եւ ավելացնել գումարները:

2004 թվականի բյուջեի քննարկումները երեկ ընթանում էին խաղաղ, առանց ցնցումների որեւէ նախանշանի: Վարչապետը դա էլ բնական համարեց, քանի որ «բյուջե միանգամից չի ընդունվում, այլ նախարարություններում, գերատեսչություններում, կոալիցիայում, հանձնաժողովներում երկարատեւ քննարկումներից հետո», եւ երեկ ընդամենը այդ աշխատանքների վերջնական ամփոփումն էր:

Ավանդների հարցով արտահերթ նստաշրջան չի լինի

«Ոչ, չի լինի ավանդների հարցով արտահերթ նիստ, իսկ եթե ստորագրահավաք են անելու (ակնարկը վերաբերում է Հմայակ Հովհաննիսյանին, որն այս նպատակով մտադիր է ստորագրահավաք կազմակերպել), թող անեն, Հանրապետական կուսակցությունը այդ գործընթացին չի մասնակցի», այսպիսի կտրուկ վերաբերմունք արտահայտեց վարչապետն ավանդների չարչրկվող խնդրին երեկ խորհրդարանում:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4