«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2004-12-14 | #225, 2004-12-15 | #226, 2004-12-16


ՁԱՅՆԵՐ ԱՆՑՅԱԼԻՑ

Մհեր Մկրտչյանի, Բաբկեն Ներսիսյանի, Վլադիմիր Աբաջյանի, Հրաչուհի Ջինանյանի եւ ուրիշների կատարումներով Պարույր Սեւակի բանաստեղծությունների ձայնագրությունները «Հայրենինֆո-Արտագերս» հրատարակչատան տնօրեն Վարուժան Խաստուրն ազգային ֆիլմադարանի եւ անհատների արխիվներից մոտ 1 տարվա ընթացքում դուրս է բերել եւ մշակելՙ բանաստեղծի երկրպագուներին հանձնելով լազերային ձայնասկավառակը: Այն սկսվում է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հիշատակի խոսքով, որն ասվել է Պարույր Սեւակի հոգեհանգստի արարողության ժամանակ: «Պատարագի արարողությունը տեւում էր 20 րոպեից ավելի: Մենք սահմանափակվել ենք 5 րոպեի շրջանակում: Ձայնագրությունը կատարվել էր անմիջապես եկեղեցուց եւ որակն այնքան էլ գոհացուցիչ չէր», ասում է Վարուժան Խաստուրը: Կատարումներն ուղեկցվում են հոգեւոր երաժշտությամբ, Լուսինե Զաքարյանի կատարումներով, ինչպես նաեւ Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ: Ձայնասկավառակի ողջ խմբագրական աշխատանքը կատարել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուրեն Սահակյանը: «Արխիվներից դուրս էի բերել մոտ 10 ժամ տեւող ձայնագրություններ: Դրանք Սեւակի հանդիպումների ձայնագրություններն են, «Անլռելի զանգակատան» կատարումները: Սակայն մեր նպատակն էր ձայնասկավառակում ընդգրկել Սեւակի քնարական բանաստեղծությունները», նշում է Վարուժան Խաստուրը: Այս ձայնասկավառակը «Ձայներ անցյալից» մատենաշարի առաջին թողարկումն է, այժմ թողարկման փուլում է 1954 թ. Վահրամ Փափազյանի կատարմամբ «Համլետի» ձայնագրությունը: Վ. Խաստուրի հավաստմամբ, հրատարակչատունը ԳՄ հետ համատեղ ստեղծելու է գրական ստուդիա, որի նպատակն է լինելու պահպանել, մշակել եւ թողարկել գրողների, մտավորականների ձայնային գոհարները: «Արխիվներում բավականին հարուստ ձայնագրություններ կան, մասնավորապես «Սամվելի», «Գեւորգ Մարզպետունու» բեմադրությունների ձայնագրությունները», ասում է նա` նկատելով, որ այդ ձայնասկավառակները կօգնեն նաեւ ուսուցիչների աշխատանքին, իսկ դպրոցականները կարող են լսել առանց իրենց խաղերից կտրվելու:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4