Կարոտի արցունքներն աչքերին մի երեխա է նայում Զավեն Խաչիկյանի լուսանկարներից մեկում, որին մոր հետ 1992-ին Շուռնուխում հանդիպում է լուսանկարիչը: Երեխայի հորը նախորդ գիշեր գերի էին վերցրել եւ լուսանկարչական ապարատով մարդուն նա թշնամու տեղ է դնում. «Թող իմ հայրիկին վերադարձնի», լաց լինելով ասում է նա: Սա մի լուսանկարի պատմություն է «Մենք գալիս ենք մանկությունից» խորագրով Զավեն Խաչիկյանի լուսանկարչական ցուցահանդեսիցՙ կազմակերպված Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից, նվիրված իրենց 10-ամյա գործունեությանը:
Զ. Խաչիկյանը ներկայացրել էր երեխաների լուսանկարների մի շարք: Պատերազմի եւ երկրաշարժի տարիներից նա այցելել է Հայաստանի տարբեր գյուղեր, հանդիպել երեխաներին, զրուցել նրանց հետ. «Այս լուսանկարներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, եւ փաստագրական լուսանկարչությունն առանց դրա կիսատ է: Միշտ պարտքի զգացումով եմ վերադարձել նրանց մոտիցՙ ինչ-որ բան անելու մտադրությամբ: Միակ բանը, որ կարողացա անել, նրանց լուսանկարելն էր, դրանցով հասարակության ուշադրությունը կդարձնենք այն երեխաների վրա, ովքեր օգնության կարիք ունեն»: Լուսանկարներում տխրությունն ավելի շատ է, երեխաները մտահոգ են, տագնապած, չկա մանկությանը բնորոշ անհոգությունը, թեթեւությունը: «Նկարները լացացնող չեն, բայց դե լացը չի պակասել, չէ՞, մեր երկրից», ասում է լուսանկարիչը:
Մեկ ամիս առաջ Հ. Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպված Զ. Խաչիկյանիՙ արտագաղթին նվիրված ցուցահանդեսը նույնպես դժվարին իրավիճակներում հայտնված, այս տարիներին Շվեյցարիա եւ Կրասնոդար գաղթած հայերի մասին էր: Ցուցահանդեսը հունվարի 6-ին ներկայացվելու է Լոզանում:
«Մոսկվա» կինոթատրոնում երեկվա կազմակերպված միջոցառմանը ներկայացվեցին նաեւ Զ. Խաչիկյանի «Մենք գալիս ենք Մանկությունից, դուք...» բրոշյուրը եւ Մանկական հիմնադրամի «Սոցիալական դիտորդ» 2004-ի հրատարակությունը:
Մ. Բ.