Էնդոկրինոլոգներից ոչ ոք գաղափար չունի նոր դեղամիջոցի մասին
Տարբեր հաշվարկներով այսօր Հայաստանում 20-25 հազար ինսուլինակախյալ հիվանդներ կան, որոնցից 600-ը երեխաներ են: Հայտնի է, որ այս դեղամիջոցի նույնիսկ մի քանի ժամ ուշացումը կարող է ճակատագրական դառնալ շաքարախտով հիվանդների համար: «Ազգը» մի քանի անգամ անդրադարձել է դեղորայքի ուշացումների կամ վատ կազմակերպված բաշխումների հետեւանքով առաջացած լարվածությանը, որի մեջ տարին գոնե մեկ անգամ հայտնվում են այս հիվանդները:
Անկախացումից հետո շաքարախտով հիվանդներին պետական գնումների միջոցով մատակարարվում էր բացառապես կենդանական ինսուլին: Մարդկային ինսուլինի համեմատ այն ավելի էժան է եւ մեր նորանկախ երկրի համար առավել մատչելի: Այս տարվանից հանրապետություն ներկրվեց բացառապես մարդկային ինսուլին: Մասնագետներից ոմանք խոստովանեցին, որ շաքարախտի զանազան բարդությունները մինչ այժմ պայմանավորված են եղել կենդանական ինսուլինի կիրառմամբ, եւ մարդկային ինսուլինն ավելի նախընտրելի է: Ոմանք էլ տագնապ արտահայտեցին, որ, այնուամենայնիվ, ինսուլինի մի տեսակից մյուսին անցումը բացասական ներգործություն կունենա հիվանդների վրա: Այնուամենայնիվ, առանց լրացուցիչ հետազոտությունների ներդրվեց նոր տեսակի ինսուլինի զանգվածային կիրառումը, եւ հիվանդները հայտնվեցին յուրօրինակ փորձաճագարի վիճակում:
Այս պահին նույնպես թե՛ էնդոկրինոլոգները, թե՛ նրանց հիվանդները կանգնած են հերթական փորձարարության առաջ: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն ի լուր բոլորի հայտարարեց, որ հանրապետություն է ներկրվել եգիպտական ծագման կասկածելի ինսուլին, որը գրանցված է միայն Պաղեստինում ու Նիգերիայում, եւ երրորդ երկիրը, որտեղ գրանցվում է, Հայաստանն է: Պատգամավորի տվյալներով, այդ ինսուլինի միայն 2 տոկոսն է օգտագործվում մայր երկրում:
Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի տեղեկատվությամբ, սակայն եգիպտական ինսուլինը միջազգային սերտիֆիկատ ունեցող դեղամիջոց է եւ իր բոլոր հատկանիշներով համապատասխանում է մարդկային ինսուլինին ներկայացվող պահանջներին: Ըստ նախարարի, այդ ինսուլինի 60 տոկոսն օգտագործվում է հենց Եգիպտոսում, նաեւ Պակիստանում, եւ մոտ 250 մլն մարդ սպասարկվում է այդ տեսակով:
Ավելի ուշ Նապոլեոն Ազիզյանը «Ազգին» տեղեկացրեց, որ նախարարի խոսքերի հավաստիությունը իրեն այդպես էլ չի հաջողվել ճշտել, եւ բժշկական ոչ մի տեղեկագրում այդ ինսուլինի միջազգային գրանցման մասին ոչ մի տեղեկություն չի գտել: Պատգամավորը հավաստում է, որ զրուցել է տասնյակ էնդոկրինոլոգների հետ, եւ «նրանցից ոչ ոք գաղափար չունի այդ դեղի մասին: Ինչպե՞ս կարելի է 100 դրամ եկամտի համար 1 մլն-ի վնաս տալ ժողովրդին», ասում է նա:
Ըստ ամենայնի, անհայտ է, թե Հայաստանում մինչ այժմ երբեւէ չօգտագործված նոր ինսուլինը ինչպիսի ազդեցություն կունենա հիվանդների առողջության ու ճակատագրի վրա:
Փորձեցինք տեղեկանալ, թե Հայաստանի էնդոկրինոլոգները որքանով են տեղյակ նոր ինսուլինի մասին: Նրանց իսկ խնդրանքով անուններ չենք տալիս: Ահա հանրապետությունում հայտնի մասնագետներից մեկի խոսքը. «Եգիպտական ինսուլինի մասին ես որեւէ տեղ, որեւէ ժամանակ չեմ կարդացել: Այժմ Հայաստանում մեր հիվանդներն օգտագործում են ոչ միայն մեր երկրում գրանցված ինսուլինը, այլեւ արտերկրի իրենց բարեկամների ու ծանոթների միջոցով հայթայթած ամենատարբեր ինսուլիններ, բայց երբեւէ որեւէ հիվանդ չեմ ունեցել, որ այդ ինսուլինն է օգտագործել: Հայաստանում փնտրեք մի հիվանդի, որ երբեւէ օգտագործել է այդ ինսուլինը: Բժշկական որեւէ տեղեկագրում եւս չկա այդ ինսուլինը: Ընդհանրապես դրա մասին առաջին անգամ եմ լսում, մինչդեռ տասնյակ միջազգային կոնգրեսների ու կոնֆերանսների եմ մասնակցել, ուր ներկայացվում ու ցուցադրվում են աշխարհի բոլոր ֆիրմաների ինսուլինները»:
Մեկ այլ մասնագետի վկայաբերմամբ, «Մի բան, որ ոչ մի տեղ ոչ ներկայացվել, ոչ էլ նշվել է, դա արդեն խոսում է նրա մասին, անգամ ինտերնետում փնտրել եմ, ոչ մի տեղ ոչ մի տեղեկություն չկա, եւ չկա մի մասնագետ, որը տեղյակ է»:
Հանրապետության գլխավոր էնդոկրինոլոգ Աշոտ Մամիկոնյանն ընդհանրապես խուսափողական պատասխաններ տվեց, պատճառաբանելով, որ խնդիրը ոչ թե իր, այլ դեղագործակալության իրավասության շրջանակներում է: Եվ որեւէ կարծիք չի կարող հայտնել դեղամիջոցի որակական հատկանիշների մասին, եթե չի տեսել ու գաղափար չունի դրա մասին:
Պարզաբանեցինք նաեւ, որ կանխավ մեր մասնագետները մտավախություն են հայտնել անհայտ ինսուլինի ներկրման վտանգի վերաբերյալ, բայց նրանց կարծիքը ոչ ոք հաշվի չի առել:
Ի դեպ, բժշկական տեղեկագրերում մենք եւս փորձեցինք փնտրել եգիպտական ինսուլինը, բայց դարձյալ անարդյունք:
Ինչպես մարդկային ինսուլինի պարագայում, այս անգամ էլ նոր դեղորայքն առանց փորձնական կիրառման շրջանառության մեջ է դրվում:
Տեղեկացնենք նաեւ, որ տենդերի միջոցով օրերս պիտի պարզվի, թե որ կազմակերպությունն այն Հայաստան բերելու իրավունք կստանա:
Ինսուլինը ներմուծելու հավակնող կազմակերպությունը «Արմվակ» ՍՊԸ-ն է, մատակարարը` եգիպտական «Վակսերա» ընկերությունը: Որոշ տվյալների համաձայն, այդ ընկերությունն ընդհանրապես կապ չունի այս դեղամիջոցի հետ, եւ պարզապես տարայավորում է լեհական ծագման ինսուլինը: Լեհաստանն էլ ամենեւին հայտնի չէ իբրեւ ինսուլին արտադրող երկիր:
Եվ ամենակարեւոր հանգամանքը` «Վակսերան» նորահայտ ինսուլինի համար կրկնակի էժան գին է առաջարկում:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ