«Այս տանը 1920-1929 թվականներին ապրել է Ասքանազ Մռավյանը», գրված է լուսանկարում պատկերված Արամի 36 հասցեում գտնվող տան վրա, որից մնացել է միայն ֆասադը: Չնայած շենքը համարվում է պատմամշակութային արժեք եւ պահպանվում է պետության կողմից, սակայն ինչպես դրա, այնպես էլ Արամի փողոցի նույնատիպ մյուս տների ճակատագիրը դեռեւս հայտնի չէ: ՀՀ հուշարձանների պահպանության վարչության պետ Արտյոմ Գրիգորյանի ասելով, քաղաքապետարանն այդ շենքերի վերաբերյալ դեռ կոնկրետ որոշում չի կայացրել, հարցը քննարկման փուլում է:
Արամի փողոցում է գտնվում նաեւ այն տունը, ուր ապրել եւ մահացել է Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը, հարեւան տներից մեկում ապրել է Ստեփան Շահումյանը, այսպես կարելի է շարունակել, որովհետեւ այս փողոցը հարուստ պատմություն է ունեցել, որից այսօր գրեթե ոչինչ չի պահպանվել:
«19-րդ դարի Երեւանից, ցավոք, արդեն ոչինչ չի մնացել: Իհարկե, կարելի էր հին քաղաքը պահպանել, բայց մենք մեթոդապես քանդեցինք, որովհետեւ ժամանակին քաղաքի եզակիությունը պահպանելու որոշում չընդունվեց», մեծ ափսոսանքով նշում է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը կարծում է, որ Հյուսիսային պողոտայում այսօր կառուցվող եւ կառուցվելիք շենքերի կողքին մշակութային արժեք ներկայացնող հին տները օտար միջավայրում կհայտնվեն: Հենց այդ նկատառումով էլ դրանցից մի քանիսը 80-ականներին քանդվեցին եւ վերականգնվեցին Հանրապետության փողոցում, որովհետեւ, ըստ Երեւանի գլխավոր հատակագծի, Արամի եւ Բուզանդի փողոցների հատվածում պետք է լինի զբոսայգի: «Այսօր ամբողջ Գլխավոր պողոտան ենթակա է վերակառուցման: Նախագիծը ցույց կտա, թե պետության կողմից պահպանվող շենքերից որը կպահպանվի, որը կքանդվի: Այդ լայն փողոցը չի կարող այդ մասշտաբի շենքերով կառուցապատված լինել: Ի վերջո, քաղաքի կենտրոնը հարկավոր է վերակառուցել, ինչը երկար տարիներ ձգվել է, որովհետեւ կախված է եղել իրացման խնդիրներից: Այսօր ներդնողներն իրացման շնորհիվ կարողանում են կառուցապատել քաղաքը», ասում է նա:
Հին տների պահպանման լավագույն տարբերակը նա համարում է դրանց տեղափոխումը, բացառությամբ այն շենքի, որտեղ այժմ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտն է:
Պրն Մինասյանի կարծիքով ֆասադների տեղափոխումը հարցի ճիշտ լուծումը չէ, որովհետեւ այդ տները արժեքավոր են իրենց տեղում: Պետությունը դրանք պետք է քանդի միայն եզակի դեպքերում, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
«Երեւան նախագծի» տնօրենի ասելով, քաղաքի կենտրոնի կառուցապատման իմաստով այսօրվա առաջնային խնդիրներն են Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաները, կան եւս 5 ծրագրերՙ Կոնդը, 30-րդ թաղամասը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողքի թաղամասը, գինու գործարանի հարեւան տարածքը, որոնք մոտ ապագայում պետք է վերակառուցվեն:
Նա համոզված նշում է, որ Հյուսիսային փողոտայի կառուցապատվող տարածքում քաղաքաշինական նորմերի խախտում չկա, ինչի վերաբերյալ պրն Մինասյանը հակառակ կարծիքն է հայտնում. «Ամենաառաջին խախտումն այն է, որ ըստ նախագծի այդ շենքերը պետք է լինեին հինգհարկանի, մինչդեռ դրանք արդեն 10 հարկանի են եւ դեռ ավելի: Եթե մենք հարգում ենք մեր պատմամշակութային արժեքները, ապա չպետք է թույլ տայինք, որ դրանք օպերայի ու կառավարության շենքերից ավելի բարձր լինեին: Հյուսիսային պողոտայի նախագիծը հասարակական քննարկման չի դրվել, ինչն ինքնին քաղաքաշինության օրենքի խախտում է: Իրականում չկա համալիր նախագիծ, ներդնողներն իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում»:
«Գոյություն ունի՞ նոր Երեւանի կառուցապատման որոշակի հայեցակարգ, որը թույլ կտա խուսափել անճաշակությունից եւ խայտաբղետությունից», հարցին պրն Մուշեղյանը պատասխանում է. «Շենքերի տիպերը չեն պարտադրվում, քանի որ դա յուրաքանչյուր ճարտարապետի ստեղծագործության արդյունքն է: Դրա համակարգողը քաղաքի գլխավոր ճարտարապետն է, բացի այդ յուրաքանչյուր նախագիծ քննարկվում է քաղաքաշինական խորհրդում, որտեղ հավաքված են պրոֆեսիոնալ ճարտարապետներ»:
Առանց քաղաքաշինական հստակ հայեցակարգի ունեցանք այն, ինչ ունենք ու այսպես շարունակվելու դեպքում դեռ կունենանքՙ նոր Երեւան առանց յուրահատուկ ճարտարապետական դիմագծի: Բացառություններ, իհարկե, կան ու կլինեն, տվյալ դեպքում խոսքը քաղաքի ամբողջական ներդաշնակության մասին է:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ