«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2004-12-14 | #225, 2004-12-15 | #226, 2004-12-16


ԲԱՑ ԿՈԴՈՎ ԾՐԱԳՐԵՐ ՀԱՔԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Հայաստանում կգործի «Բաց կոդով ծրագրերի լաբորատորիա» ձեռնարկությունը: Երեկ դրա ստեղծման հուշագիր ստորագրեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, «Լայքոս Արմենիա» ընկերությունը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

Նոր ստեղծվող ձեռնարկությունը արժե ավելի քան 1 մլն դոլար: «Բաց կոդով ծրագրերի լաբորատորիա»-ի նպատակն, ըստ «Լայքոս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի, կլինի բաց կոդով ծրագրերի հետ կապված տարբեր նախագծերի իրագործման համար անհրաժեշտ ծրագրաշարերի մշակման ապահովումը: Նորաստեղծ լաբորատորիան կզբաղվի նաեւ բաց կոդով ծրագրերի բնագավառում հետազոտություններով եւ խորհրդատվությամբ: Հովհաննես Ավոյանի խոսքերով, «բաց կոդով» նախագծերը զարգացման լավ հեռանկարներ ունեն Հայաստանում` լինելով ավելի էժան, քան արտոնագրված ծրագրաշարերը:

Նման ծրագրերի մշակմամբ հնարավոր կլինի շուկայից դուրս մղել «ծրագրահենային» արտադրանքը:

Ամենայն հավանականությամբ, լաբորատորիան կսկսի գործել արդեն 2005 թ. հունվարից, եւ այնտեղ կաշխատեն մոտ 35-40 մասնագետներ:

«Բաց կոդով ծրագրերի լաբորատորիա» ստեղծող եւ ֆինանսավորող 3 կողմերն էլ կարեւորեցին նման ձեռնարկի նշանակությունը: Մասնավորապես, նախ նման ճանապարհով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները: Բացի այդ, հնարավորություն է ստեղծվում օգտագործելու երիտասարդ մասնագետների ներուժը:

Չնայած «Բաց կոդով ծրագրերի լաբորատորիա»-ն ստեղծվում է Հայաստանում, բայց աշխատելու է հիմնականում եվրոպական, նաեւ Միացյալ նահանգների եւ Կանադայի շուկաների համար:

Նման լաբորատորիան իր ծրագրերով մեծապես կարեւոր նշանակություն կունենա նաեւ Հայաստանում էլեկտրոնային կառավարման, Էլեկտրոնային բժշկության եւ կրթության բնագավառներում:

Այս լաբորատորիայի ստեղծմամբ ոչ միայն նոր աշխատատեղեր կբացվեն, այլեւ «ծովահենային» ծրագրաշարերը արգելող օրենքի գործելու դեպքում բաց կոդով ծրագրերը կդառնան մատչելի այլընտրանք արտոնագրված թանկ ծրագրերի համեմատությամբ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4