Միջին օղակները բացասական ֆոն են ստեղծում իշխանությունների համար
Դեկտեմբերի 16-ին ԼՂՀ քաղաքական իշխանությունները հրավիրել էին ընդարձակ կազմով խորհրդակցություն, որին, բացի հանրապետության խորհրդարանի եւ կառավարության անդամներից, հրավիրվել էին նաեւ շրջվարչակազմերի, հասարակական-քաղաքական ուժերի, մտավորականության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Հանդես գալով ծրագրային ելույթով, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը անդրադարձավ երկրի տարբեր ոլորտներում տիրող իրավիճակինՙ գնահատական տալով կատարված աշխատանքներին եւ նախանշելով անելիքների շրջանակը: Հանրապետության ղեկավարը վերստին հավաստելով ԼՂՀ իշխանությունների ջանքերը ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործում, ընդգծեց բանակցություններում ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտությունը: Այս համատեքստում քննադատելով կարգավորման գործում Ադրբեջանի միտումնավոր խուսանավումները եւ նրա ռազմատենչ քաղաքականությունը, Ա. Ղուկասյանը նշեց, որ այս իրավիճակում ավելի է կարեւորվում ԼՂՀ պաշտպանունակության ամրապնդման խնդիրը: Միեւնույն ժամանակ նախագահը կարեւորեց այն փաստը, որ միջնորդ երկրները եւ կարգավորմամբ շահագրգիռ միջազգային կազմակերպությունները շրջանցելով Ադրբեջանի խոչընդոտումներըՙ պարբերաբար շփումներ են ունենում ԼՂՀ-ի հետ, ինչը վկայում է Ղարաբաղի նկատմամբ նրանց ունեցած դրական վերաբերմունքի մասին: Նման վերաբերմունքը, Ա. Ղուկասյանի բնութագրմամբ, ձեւավորվել է ԼՂՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների շնորհիվ: Ժողովրդավարությունը երկրում այլընտրանք չունի, եւ այդ ուղուց շեղվելը ոչ մի արդարացում չի կարող ունենալ:
Ա. Ղուկասյանը անդրադարձավ նաեւ ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, մատնանշելով այս ոլորտներում առկա առաջընթացը: Իր գնահատականը փաստելով օրինակներով, հանրապետության ղեկավարը հատկանշեց սփյուռքի աջակցությունը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օժանդակում են ԼՂՀ-ում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, հիշատակելով վերջերս կայացած հեռուստամարաթոնը, որի արդյունքները շատ գոհացուցիչ են, Ա. Ղուկասյանը մարաթոնն անվանեց ուղղակի վստահության քվե ԼՂՀ իշխանություններին: Սփյուռքի վստահությունը պարտավորեցնում է անմնացորդ հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնք կազմում են երկրի կայուն զարգացումն ապահովող հիմքը: Իշխանությունները մշտապես ձգտում են դրան, եւ պետք է որ հասարակությունը հավատա ու զորակցի այդ ձգտումներին:
Ցավոք, այս հարցում վիճակը բնավ մխիթարական չէ, իշխանությունների ու հասարակության միջեւ ստեղծվել է որոշակի անվստահություն, ինչը նախագահը բացատրեց իշխանական միջին օղակների բացասական աշխատանքով: Մի շարք չինովնիկական օղակներ, քողարկելով իրենց անգործունակությունը, սեփական թերությունները բարդում են բարձր իշխանությունների վրա: Նրանցից շատերը խուսափում են նույնիսկ իրենց գործունեության վերաբերյալ հասարակությանը իրազեկելուց, ինչը անհանդուրժելի է:
Էժան պոպոլիզմ համարելով այսպիսի գործելակերպը, Ա. Ղուկասյանը հայտարարեց, որ այդպիսի չինովնիկներին երկրի իշխանությունները խիստ կվերաբերվեն: Նախագահը քննադատեց նաեւ դատական մարմինների գործունեությունը, նշելով որ այս ոլորտում կան բավականին թերություններ: Ժողովուրդը, չվստահելով դատական ատյաններին, դրանով իսկ անվստահության վերաբերմունք է դրսեւորում իշխանությունների նկատմամբ:
Ըստ նախագահի, ներքին անփոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը նպաստում են նաեւ ընդդիմադիր կեցվածք ընդունած որոշ ուժեր, որոնք կարծես թե շահագրգռված են իշխանությունների սխալներով եւ չարախնդալովՙ փորձում են ապակողմնորոշել հասարակությանը: Երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է համարժեք լինի այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում ժողովրդավարության ընդարձակ սպեկտրում:
Այս տեսանկյունից Ա. Ղուկասյանը կրկին հատկանշեց միջազգային կառույցների արտահայտած դրական գնահատումները, ի մասնավորի շեշտելով այն փաստը, որ չճանաչված երկրներից միայն ԼՂՀ-ն է, որը փաստացի ֆինանսական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից:
Ժողովուրդը վճռական քայլեր է սպասում նախագահից, որոնք անպայման կարվենՙ կադրային ու կառուցվածքային փոփոխություններ իրականացվելով, վստահեցրեց Ա. Ղուկասյանը:
Խորհրդակցությունում կարճատեւ ելույթ ունենալով վարչապետ Անուշավան Դանիելյանը նշեց, որ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը բացառիկ շանս է համախմբվելու եւ երկրում առկա հիմնախնդիրները միասնաբար լուծելու համար:
Խորհրդակցությունը նախագահող ԱԺ խոսնակ Օլեգ Եսայանը պաշտպանեց այս տեսակետը եւ խորհրդարանի անունից հավաստիացրեց, որ օրենսդիր մարմնի անդամները կձգտեն ամեն կերպ նպաստել նախագահի ծրագրային ելույթում հնչած բոլոր խնդիրների լուծմանը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ