Ըստ Վահագն Մովսիսյանի
Ներդրումների գրավումը մնում է մեր երկրի առաջնային խնդիրներից մեկը: Այն լուծելի դարձնելու համար անհրաժեշտ են այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի նկատմամբ գործարարների հետաքրքրության մեծացմանն ու մեր երկրում ծրագրեր իրականացնելուն:
Սակայն միջազգային մի շարք կազմակերպությունների վերլուծությունների եւ հետազոտությունների տվյալներով գործարարությանը խոչընդոտող բազմաթիվ խնդիրներ կան:
Հայաստանում գործարարության խոչընդոտների, դրանց վերացման աշխատանքների մասին զրուցեցինք Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Վահագն Մովսիսյանի հետ:
Ըստ Վահագն Մովսիսյանի, դեռեւս 2001 թ.-ին հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված Գործարարության աջակցության խորհրդի հիմնական նպատակն է հայտնաբերել այն բոլոր խոչընդոտները, որոնք առկա են ներդրումային դաշտում:
Գործարարությանը վերաբերող հարցերի առնչությամբ մի շարք համաշխարհային կազմակերպություններ տարբեր հետազոտություններ են իրականացրել Հայաստանում: Հայտնի են ՖԻԱՍ-ի (Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական ծառայություն) զեկույցները, Համաշխարհային բանկի վերլուծությունները: Ըստ Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրենի, Հայաստանի կառավարության պատվերով եւս նման վերլուծություններ իրականացվել են:
«2001-2004 թթ. մենք բավականին մեծ աշխատանք կատարեցինք: Մոտ 30 հանդիպումներ տեղի ունեցան գործարարության աջակցության խորհրդում: Մենք ստեղծեցինք պրոբլեմների բանկ. հարկերի, օրենսդրության հետ կապված հարցերը համապատասխանեցվեցին դաշտին: Ներկայումս ՖԻԱՍ-ը 2004 թ.-ի նոր զեկույց է ներկայացրել, որը մենք հիմա դնելու ենք շրջանառության մեջ», նշեց պրն Մովսիսյանը:
Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրենի խոսքերով, արդեն իսկ պատվիրվել է զեկույցի մոտ 200 պատճեն լազերային սկավառակով: Եվ ինչպես հավաստեց պրն Մովսիսյանը, շահագրգիռ բոլոր կազմակերպություններինՙ թե՛ պետական, թե՛ մասնավոր, թե՛ շահույթ չհետապնդող, թե՛ հասարակական, կուղարկեն այս անկախ զեկույցի Հայաստանի ներդրումային դաշտի եւ ընդհանրապես գործարարությանը վերաբերող մասը:
«Զեկույցի հետ մենք ուղարկում ենք նաեւ նամակ, որպեսզի կազմակերպություններն արձագանքեն ՖԻԱՍ-ի այս զեկույցին եւ հայտնեն իրենց կարծիքը: Դրանից հետո անպայման կհայտնաբերվեն որոշ խոչընդոտներ եւ այդ 200 հասցեից ստացվող առաջարկությունները կհավաքվեն: Նպատակն է 2005 թ.-ի համար ստեղծել մի դաշտ, որտեղ կկարողանանք նոր հայտնաբերված բոլոր խոչընդոտները քննարկել»:
Ինչ վերաբերում է այդ խոչընդոտների վերացման աշխատանքներին, ապա պրն Մովսիսյանը նշեց. «2000 թ.-ից եմ ստանձնել այս աշխատանքները: Տարածաշրջանում մենք ունենք անհամեմատ մրցակցային առավելություններ ներդրումային դաշտի առումով: Ես չեմ ասի, թե մեզ մոտ ներդրումային դաշտը բալթյան երկրներից լավ է, բայց Իրաքի, Իրանի, Թուրքիայի, միջինարեւելյան որոշ երկրների, Վրաստանի, Ռուսաստանի հարավի համեմատ բավականին լավ է»:
Համաձայն տարբեր զեկույցների, գործարարության խոչընդոտների մեջ զգալի բաժին են կազմում վարչարարական խոչընդոտները:
«Շատ դեպքերում չինովնիկը դեռեւս ունի հնարավորություններ խոչընդոտելու մասնավոր բիզնեսի զարգացմանը: Վարչապետի գլխավորությամբ Գործարարության աջակցության խորհրդի նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի նման ոտնձգություններ բիզնեսի նկատմամբ կառավարությունը չիրականացնի:
Կառավարության դերն այսօր, ես սա շատ եմ կարեւորում, այն է, որ կարողանա երկրի մրցունակությունը բարձրացնի: Դա կարող է անել ինքնարժեքի պակասեցմամբ, որպեսզի բիզնեսի ինքնարժեքը մեզ մոտ ցածր լինի: Սա է երկրի մատչելիության ամենամեծ գրավականը»:
Վերջին ժամանակներս բավականին շատ են դժգոհությունները արտահանողներին ավելացված արժեքի հարկը չվերադարձնելու, այդ վերադարձն ապահովելու մեխանիզմների բացակայության կապակցությամբ: Գործակալության գլխավոր տնօրենը ասաց, որ Գործարարության աջակցության խորհրդի վերջին նիստում հենց այդ հարցի առումով քննարկումներ են եղել:
«Ես տեսնում եմ դրական միտումներ: Այն խոշոր ընկերությունները, որոնք այդ խնդիրն ունեին, ընդգծեցին, որ անհամեմատ վիճակը լավացել է: Պետությունը այդ հարցի կապակցությամբ կանոնակարգման խնդիրներ ունի: Այսօր Եվրոպայում հայտնի դեպքեր կան, երբ արտահանում չիրականացնելով որոշ ընկերություններ, այսպես ասած, հետ են ստացել ավելացված արժեքի հարկը: Որպեսզի մեզ մոտ նման հարցեր չծագեն, ներկայումս կառավարությունը կանոնակարգում է այս խնդիրները, որ դա հստակ իրականացվի», պարզաբանեց պրն Մովսիսյանը:
ԶՀԳ գլխավոր տնօրենը ավելացրեց, որ արդեն իսկ ամրագրվել է ժամկետ, որ 10 օրվա ընթացքում արտահանման մասով ավելացված արժեքի հարկը արտահանողը ստանա: Ներկայումս հստակեցվում են վերադարձման մեխանիզմները: «Ամեն դեպքում, մեր խորհրդի վերջին նիստում դրական արձագանք է եղել այդ կապակցությամբ: Արդեն կոնկրետ կանոնակարգեր են մշակվել, որոնցով ընկերությունները հետ են ստանում ավելացված արժեքի հարկը»:
Իսկ թե ինչպես է ընդհանուր առմամբ գնահատվում ներկայումս գործարարության մթնոլորտը Հայաստանում, պրն Մովսիսյանը նշեց, որ տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, Հայաստանում բարելավման միտում կա:
«Չի կարելի միանշանակ ասել, որ մենք արդեն ստեղծել ենք լիարժեք ներդրումային միջավայր, բայց միտումը կա եւ Հայաստան-2005-ը անհամեմատ կտարբերվի Հայաստան-1999-ից: Այսինքն` հիմա, իմ կարծիքով, ներդրումային դաշտն էլ ավելի մատչելի է օտարերկրյա ներդնողների համար: Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը ավելի մեծացել է»:
Գործարարության զարգացման կտրվածքով կարեւորվում են նաեւ այն ոլորտները, որոնցում օտարերկրացիները շահագրգռված կլինեն ներդրումներ կատարելու: Վահագն Մովսիսյանը այդ կապակցությամբ նշեց, որ իր ղեկավարած գործակալության հիմնական նպատակն է հայտնաբերել Հայաստանում այն ոլորտները, որոնք ունեն առաջնային մրցակցություն օտարերկրյա ներդնողների համար:
«Այսօր մենք ընտրել ենք 4 ոլորտ, որտեղ Հայաստանը ունի բավականին մեծ ներուժՙ նուրբ քիմիա, բիոտեխնոլոգիաների ոլորտ, ճշգրիտ ճարտարագիտություն, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ: Ցավոք այսօր տրանսպորտային խնդիրներ կան:
Այսօր Հայաստանում առաջնային են «փոքր ծավալ, մեծ արժեք» (ֆիզիկական առումով) ոլորտները, օրինակ, ոսկերչություն, էլեկտրոնիկա, դեղագործություն եւ այլն: Հումքային առումով ներդնողներ գրավելը շատ դժվար է:
Մենք պետք է այսօր ներդնողին ապացուցենք, թե ինչու պետք է ներդնել Հայաստանում եւ ոչ թե օրինակ Ղրղզստանում, Հայաստանը մրցակցային ի՞նչ առավելություններ ունի, այստեղ ավելի շո՞ւտ արդյունք կստացվի, թե՞ նույն ներդրումը, ասենք, Ռումինիայում իրականացնելու դեպքում»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ