35 տարի առաջՙ 1969 թ. հուլիսի 9-ին Հայաստանի Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց Երեւանի հեռակա մանկավարժական ինստիտուտը տեղափոխել Վանաձոր: Երեւանի հեռակա մանկավարժական ինստիտուտից Վանաձոր տեղափոխվեց 5 ֆակուլտետ: Այսօր Հովհ. Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում սովորում է 3700 ուսանող, իսկ երկրաշարժից հետո վթարային վիճակում հայտնված շենքը լիովին վերանորոգվել է, դեռ ավելինՙ կառուցվել են նոր մասնաշենք եւ 1000 քմ մակերեսով բաց խաղահրապարակ: «35 տարի առաջ ինստիտուտի կայացման համար բացի բարի կամքից ու ցանկությունից անհրաժեշտ էր կատարել ահռելի աշխատանք: Դժվարությամբ էին ընթանում գիտական կոչում ու աստիճան, բուհական մանկավարժական աշխատանքի փորձ ունեցող դասախոսական կազմի համալրումը: Ինստիտուտը չուներ առկա ուսուցման կազմակերպման փորձ եւ հմտություն: Այնուամենայնիվ, մեծ համառությամբ ձեւավորվեց ինստիտուտն իր հեռակա եւ առկա բաժիններով», նշում է ինստիտուտի ռեկտոր Ռաֆիկ Եդոյանը:
Ինստիտուտի 35-ամյա գործունեության կապակցությամբ ԿԳ նախարարությունը հուշամեդալներով եւ պատվոգրերով պարգեւատրեց ռեկտոր Ռ. Եդոյանին եւ դասախոսներին: «Այս ինստիտուտն իր տասնամյակներ տեւող կրթական գործունեությամբ ապացուցեց, որ ոչ միայն անհրաժեշտ, այլեւ հնարավոր է որակյալ բարձրագույն կրթություն ապահովել նաեւ մարզերում: Մեր քաղաքականության կարեւոր ուղղություններից է գիտական ներուժի հիման վրա մարզերում ապահովել մայրաքաղաքի հետ հավասար կրթություն», նշում է Սերգո Երիցյանը:
1988 թ. հոկտեմբերին փակվում է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը: Ինստիտուտի կոլեկտիվը շուրջ 1000 ուսանողներով եւ դասախոսներով տեղափոխվում է Վանաձորի ինստիտուտ: Դասախոսներն այդ ընթացքում աշխատում էին կրկնակի ուսումնական ծանրաբեռնվածությամբ: Ավերիչ երկրաշարժից հետո այդ ուսանողները տեղափոխվում են Ստեփանակերտ: Այնտեղ բացվում է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը: «Մեր եւ ՀՊՃՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի բազայի վրա ստեղծվում է Արցախի համալսարանը», պատմում է Ռ. Եդոյանը:
ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի հավաստմամբ, երկրաշարժի եւ պատերազմի տարիներին ինստիտուտն ապացուցեց իր կենսունակությունը, մինչդեռ մայրաքաղաքի բուհերից շատերը դժվար թե դիմանային նման փորձությունների: Ինստիտուտը մասնագետներ է պատրաստում առկա բաժնում 25, հեռակայումՙ 17 մասնագիտություններով: 35 տարվա ընթացքում ինստիտուտի շրջանավարտների թիվը կազմել է շուրջ 2 տասնյակ հազար:
35-ամյա հոբելյանի առթիվ ինստիտուտում բացվեց Հովհ. Թումանյանի կիսանդրին:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ