Շախմատային «Chess» ակադեմիայի նախաձեռնությամբ այսօր մեկնարկում է շախմատի ինտերնետային յուրօրինակ մրցաշարՙ նվիրված Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին: Այդ կապակցությամբ երեկ Արմենպրեսի մամուլի սրահում հանդիպում էր կազմակերպվել շախմատի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ, առողջապահության փոխնախարար Լեւոն Յոլյանի, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի, «Chess» ակադեմիայի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի, ակադեմիայի աշխատակից Արամ Հաջյանի եւ Երեւանում մրցաշարի գլխավոր մրցավար, չին Լին Ֆենգի մասնակցությամբ:
Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը հակիրճ ամփոփեց շախմատային տարինՙ նշելով, որ մրցաշրջան-2004-ը հայ շախմատիստները նշանավորեցին փառահեղ հաղթանակներով, ինչը մեկ անգամ եւս ապացուցեց, որ Հայաստանը շախմատային գերհզոր տերություններից մեկն է այսօր աշխարհում: Հայ շախմատիստների գլխավոր նվաճումներից է Կալվիայի շախմատային օլիմպիադայում մեր հավաքականի գրաված 3-րդ տեղը: Իրեն հիանալի դրսեւորեց նաեւ մեր ամենափորձառու գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, որն իր խաղատախտակի վրա ցույց տալով լավագույն արդյունքըՙ արժանացավ օլիմպիադայի ոսկե մեդալին: Տարին հաջող էր նաեւ Լեւոն Արոնյանի համար, որը Եվրոպայի անհատական առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Ֆիշերի ժամակարգով անցկացված աշխարհի առաջնությունում ճանաչվեց 2-րդը: Իր ավագ ընկերների հաջողությունները շարունակեց 19-ամյա Տիգրան Պետրոսյանըՙ Հնդկաստանում անցկացված մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում դառնալով արծաթե մրցանակակիր: Պատանի շախմատիստներից էլ իրենց գերազանց դրսեւորեցին Ռոբերտ Աղասարյանըՙ դառնալով մինչեւ 10 տարեկանների Եվրոպայի չեմպիոն եւ Սամվել Տեր-Սահակյանըՙ մինչեւ 12 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր:
Շարունակելով հայ շախմատիստների նվաճումների ցանկը, Գագիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանն ունի 19 գրոսմայստեր եւ ազգաբնակչության թվի համեմատ այսօր աշխարհում առաջին տեղն է գրավում (նախկինում լավագույն ցուցանիշը պատկանում էր Իսլանդիային), իսկ շախմատիստների անհատական գործակիցների միջին ցուցանիշով մեր հանրապետությունը կրկին աշխարհում առաջին տեղում է: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, ՖԻԴԵ-ն 2004 թ. հայտարարել է Տիգրան Պետրոսյանի տարիՙ նրա ծննդյան 75-ամյակի առիթով: Ի դեպ, սա երկրորդ դեպքն է: Առաջին անգամ Տիգրան Պետրոսյանի տարի է հայտարարվել 1989 թ.ՙ աշխարհի 12-րդ չեմպիոնի 60-ամյա հոբելյանի առթիվ:
Անցած տարեվերջին, Հայաստանի կառավարության որոշմամբ, ստեղծվել էր կառավարական հանձնախումբՙ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որը պետք է աջակցեր Տիգրան Պետրոսյանին նվիրված մրցաշարերի կազմակերպմանն ու անցկացմանը: Նման առաջին մրցաշարն այս տարի կազմակերպվեց Ստեփանակերտում, որի արդյունքները ՖԻԴԵ-ն պաշտոնապես հաստատել է: Հաջորդ մրցաշարը կայացավ Մոսկվայումՙ Տիգրան Պետրոսյանի եւ աշխարհի հավաքականների մասնակցությամբ: Հատկանշական է, որ Տիգրան Պետրոսյանի հավաքականում մրցախաղին մասնակցեցին Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Գարի Կասպարովը եւ Պետեր Լեկոն: Այնուհետեւ Երեւանում անցկացվեցին երկու մրցաշարերՙ կրկին նվիրված աշխարհի 12-րդ չեմպիոնի հոբելյանին: Գագիկ Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ հանճարեղ շախմատիստի հոբելյանին նվիրված մրցաշարեր են անցկացվել նաեւ Փարիզում, Վիեննայում, Լոս Անջելեսում, Բուենոս Այրեսում, Հալեպում, Սպահանում, Թբիլիսիում: Վերջերս էլ Դավիթաշեն թաղամասում Տիգրան Պետրոսյան փողոցում դրվեց նրա հուշարձանի առաջին քարը:
Պետրոսյանական միջոցառումների վերջին ակորդը կհնչի այսօր: Դեկտեմբերի 18-23-ը Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Չինաստանի հավաքականների միջեւ անցկացվելու է շախմատի ինտերնետային մրցաշար: Երեւանում Հայաստանի հավաքականն իր հանդիպումներն անցկացնելու է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, որտեղ այսօր ժամը 14:30-ին կկայանա մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ կես ժամ անց գործի կդրվեն շախմատային ժամացույցները: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը սպիտակներով կմրցի Ռուսաստանի ընտրանու հետ: Նույն օրը կմրցեն նաեւ Չինաստանի եւ Ֆրանսիայի շախմատիստները: Վաղը մեր շախմատիստները սեւերով կխաղան ֆրանսիացիների, իսկ հաջորդ օրը սպիտակներով կմրցեն Չինաստանի հավաքականի հետ: Դեկտեմբերի 21-23-ը նույն հերթականությամբ կկայանան երկրորդ շրջանի հանդիպումները:
Հայաստանի հավաքականում, ըստ խաղատախտակների, հանդես կգան Լեւոն Արոնյանը (2675), Սմբատ Լպուտյանը (2634), Գաբրիել Սարգսյանը (2611), Արտաշես Մինասյանը (2581): Ռուսաստանի հավաքականի կազմում են Պյոտր Սվիդլերը (2735), Ալեքսեյ Դրեեւը (2698), Ալեքսանդր Խալիֆմանը (2669), Վադիմ Զվյագինցեւը (2650): Ֆրանսիացիների թիմը գլխավորում է Լոթյեն (2682), որի թիմակիցներն են Ֆրեզինետը (2640), Բաուերը (2622), Նատաֆը (2565): Չինաստանի հավաքականը մրցախաղին կմասնակցի հետեւյալ կազմովՙ Բու (2615), Նի (2611), Ժանգ (2596), Վանգ (2536):
Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 55 հազար դոլար է: Հաղթողը կպարգեւատրվի 20 հազար դոլարով, երկրորդ եւ երրորդ տեղերը գրավածները կստանան համապատասխանաբար 15 եւ 12 հազարական դոլար, իսկ չորրորդ տեղը գրաված թիմըՙ 8 հազար դոլար:
Ասուլիսի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց չին միջազգային մրցավար Լին Ֆենգը, որը միաժամանակ Չինաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահն է: Նա երկրորդ անգամ է այցելում Հայաստան (առաջին անգամ Երեւանում էր 1996 թ., համաշխարհային օլիմպիադայի ժամանակՙ որպես Չինաստանի հավաքականի մարզիչ): Նա հաջողություն մաղթեց մրցաշարի կազմակերպիչներին, բոլոր մասնակիցներին եւ հավաստիացրեց, որ մրցումները կանցնեն մարզական ազնիվ պայքարում:
Սմբատ Լպուտյանը տեղեկացրեց, որ շախմատային աշխարհն այս յուրօրինակ մրցաշարի ընթացքին կարող է հետեւել www.petrosian2004.com ինտերնետային կայքում: «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի դահլիճում ցուցատախտակներին կցուցադրվեն բոլոր պարտիաները, իսկ մրցախաղերի ավարտից հետո արդյունքների մեկնաբանությամբ հանդես կգան Արսեն Եղիազարյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Տիգրան Նալբանդյանն ու Տիգրան Պետրոսյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ