Որոշման գինը վճարում է Կիպրոսի Հանրապետությունը
Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում Եվրոմիության գագաթաժողովը, չնայած տարակարծություններին, Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու որոշում ընդունեց, նշանակելով դրանց սկզբնավորումը 2005 թ. հոկտեմբերի 3-ին: Դա լայն արձագանք գտավ ինչպես համաշխարհային, այնպես էլ թուրքական մամուլում: Քանի որ արձագանքների հետ շարունակվում են նաեւ ԵՄ անդամ երկրների տարակարծությունները, ուստի գագաթաժողովի որոշումը տեղիք է տալիս տարաբնույթ մեկնաբանությունների:
Տարակարծությունների պարագայում խոսքը վերաբերում է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերին, որը երկրի վարչապետ Վոլֆգանգ Շուսսելից հետո միանգամ եւս հայտարարել է «Թուրքիայի անդամակցության առնչությամբ ԵՄ անդամ երկրներում համընդհանուր հանրաքվե անցկացնելու» մասին: Նրա հայտարարությունն առիթ էր տվել Հոլանդիայի արտգործնախարար Բեռնարդ Բոթին կասկածի տակ դնելու ԵՄ-ին Թուրքիայի լիարժեք անդամակցությունըՙ պատճառաբանելով, թե անդամակցության առնչությամբ Ավստրիայում եւ Ֆրանսիայում անցկացվելիք որեւէ հանրաքվե, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի բացասական արդյունքի:
«Իրան նյուս» թերթն այս տարակարծությունները պայմանավորում է Թուրքիայի մահմեդական լինելու հանգամանքով, մարդու իրավունքների հարցում բացասական դիմանկարով, տնտեսական անկայունությամբ, երկրի քաղաքական կյանքում բանակի եւ անվտանգության ծառայությունների առ այսօր շարունակվող ազդեցությամբ:
Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա անգլիական «Դեյլի թելեգրաֆը» կարծիք է հայտնում, որ Թուրքիան ռազմական հզոր ուժ է, նրա անդամակցությամբ ԵՄ-ը կստանա ինքնուրույն բեւեռ ձեւավորելու լայն հնարավորություն, իսկ «Գարդիանը» գրում է. «Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծանր գին վճարեց Բրյուսելում»: Թուրքական «Հյուրիեթը» կարծես հիմնավորելու համար գնի մասին անգլիական թերթի հետեւությունը, նշում է, որ Էրդողանի կառավարությունը լռակյաց ազգային փոքրամասնություններին է վերադարձնում նրանց կալվածքները, որոնք ներառում են 296 անշարժ գույք եւ համայնքներին շնորհում է գույք գնելու, կալվածքները վաճառելու, ինչպես նաեւ համաձայն կտակիՙ ժառանգություն ստանալու իրավունք:
Չնայած ԵՄ անդամ երկրների տարակարծություններին եւ համաշխարհային մամուլի տարաբնույթ արձագանքներին, Թուրքիայի անդամակցության բանակցություններն սկսելու ԵՄ գագաթաժողովը պետք է համարել թուրքական կառավարության հաջողությունը: Այն առումով, որ վարչապետ Էրդողանը Բրյուսել էր մեկնել գագաթաժողովում բանակցությունների սկզբնավորման որոշումն ապահովելու առաջադրանքով:
ԵՄ գագաթաժողովը ոչ միայն որոշում ընդունեց, այլեւ բանակցությունների սկզբնավորման համար ժամկետ նշանակեց: Ընդ որում, առանց պարտադրելու Թուրքիային, որ նա ստանձնած պարտավորություններից կատարի գոնե Կիպրոսի Հանրապետության ճանաչումը: Ըստ ամենայնի, պարտավորության հարցում ԵՄ-ն ու Թուրքիան եկել են փոխհամաձայնության, որ Կիպրոսի նախագահ Թասոս Պապադոպուլոսը փաստի առջեւ է կանգնել եւ կիրակնօրյա հեռուստաելույթով փորձել է արդարանալ կիպրացիների առջեւ, ասելով. «Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու ԵՄ գագաթաժողովի որոշման վրա վետո չենք դրել, որովհետեւ գիտեինք, որ դա չի նպաստի Կիպրոսի հիմնահարցի լուծմանը: Խորիմաստ քայլ ենք կատարել»:
Ամենայն հավանականությամբ, Պապադոպուլոսը նկատի ուներ մինչեւ 2005 թ. հոկտեմբերի 3-ը Կիպրոսի Հանրապետությունը ճանաչելու Էրդողանի բանավոր երաշխիքը ԵՄ գագաթաժողովում: Հատկանշական է, որ դեկտեմբերի 19-ին, երբ Պապադոպուլոսն արդարանում էր կիպրացիների առջեւ, արտգործնախարար Գյուլն էլ իր կուսակիցների առջեւ ելույթ ունեցավ եւ հայտարարեց. «Քանի դեռ չի լուծվել կիպրական հարցը, մենք չենք ճանաչի Կիպրոսի Հանրապետությունը»:
Գյուլի ինքնավստահությունը պետք է հիմք ունենա: Սա նշանակում է, որ Թուրքիան մինչեւ 2005 թ. հոկտեմբերի 3-ը, այսինքնՙ ԵՄ-ի հետ բանակցությունների սկզբնավորումը չի պատրաստվում կատարել նաեւ Կիպրոսի առնչությամբ Էրդողանի խոստումը: Հետեւաբար ապահովելով Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններն սկսելու որոշումը, Էրդողանի կառավարությունը ԵՄ գագաթաժողովում հասավ նպատակին: Թերեւս այդ առումով պատահական չէ, որ դեկտեմբերի 18-ին, վերադառնալով Բրյուսելից, վարչապետ Էրդողանն օդանավակայանից ուղեւորվեց Անկարայի կենտրոնական հրապարակՙ մասնակցելու գագաթաժողովի որոշման առթիվ կազմակերպված «ԵՄ տոնախմբություններին»:
Նա որոշումը համարեց պատմական, դա պայմանավորեց թուրքական կառավարության հաղթանակով, նախազգուշացրեց ընդդիմադիրներին, որ անհնար է մթագնել այս հաղթանակը, քանի որ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում շրջադարձ է կատարվել: Անկարայի այս տոնախմբությունն ավարտվեց հրավառություններով:
Այլ կերպ, վարչապետ Էրդողանի կառավարությունը կատարել է ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունների սկզբնավորման համար ժամկետի նշանակման առաջադրանքը: Ավելին, նա կարողացել է դիմակայել Կիպրոսի Հանրապետությունը ճանաչելու համար գործադրվող բոլոր ճնշումները: Կհաջողվի՞ Թուրքիային խուսափել նաեւ մյուս պարտավորությունների կատարումիցՙ դժվար է ասել: Բայց որ բանակցություններն սկսելու ԵՄ գագաթաժողովի որոշման համար ծանր գին է վճարել ոչ թե Թուրքիան, այլ Կիպրոսի Հանրապետությունը, ակնհայտ է:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ