«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2004-12-17 | #228, 2004-12-18 | #229, 2004-12-21


ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսումնական եւ հետազոտական ծրագրերն ընդլայնելու համար նոր մասնաշենքի կառուցումը տեղիք է տվել բնապահպանական որոշ անհանգստությունների: Ավելի քան որեւէ այլՙ բնապահպանությանն առնչվող յուրաքանչյուր խնդրին «Ազգ» օրաթերթը ցուցաբերել է զգայուն վերաբերմունքՙ ելակետ ունենալով աշխարհը դիտել մարդ-բնություն ներդաշն համակարգում, մերժելով մարդու աշխարհի վերաստեղծագործական բանական ընթացքն ի հաշիվ կենդանական եւ բուսական աշխարհի:

Երեք տարի առաջ բոստոնահայ բարերար Էդուարդ Ավետիսյանը հանդես եկավ իր զոհված եղբորՙ Փարավազ Ավետիսյանի հիշատակին հայրենիքում կրթական հաստատություն հիմնելու մտադրությամբ: Նախատեսվեց 8 մլն դոլարի հատկացումներ ՀԱՀ-ի գիտաուսումնական նոր մասնաշենքի կառուցման համար: Շենքը նախագծվել է աշխարհի շատ երկրներում հայտնի Լոս Անջելեսի «Ալթուն ընդ Փորթեր» ճարտարապետական ֆիրմայի մասնագետների հեղինակությամբ:

XXI դարի չափանիշներով տարածաշրջանային նշանակությամբ այս կրթահաստատությունն իբրեւ գիտահետազոտական ուսումնական կենտրոն լինելու է օրգանական շարունակությունն ու լրացնողը ներկայիս համալսարանական կառույցի: Շենքն ունենալու է ճարտարապետական նոր լուծումներ, որի մասին մեր զրույցի ընթացքում տեղեկացրեց ՀԱՀ-ի վարչական տնօրեն Անահիտ Օրդյանը: Առաջին անգամ կիրառվող սեյսմակայուն տեխնոլոգիան, որ կոչվում է ճոպանային հետլարման ձգում, կառույցը դարձնում է ավելի թեթեւՙ ապահովելով բացարձակ սեյսմակայունություն: Բնապահպանական լուծումները հնարավորություն են տալու համալիրի ներսում արտանետվող գազերի ֆիլտրացման եւ մաքուր արտանետումների ձեւով դրանց մթնոլորտ դուրս գալուն: Կառուցապատման ՀԱՀ հիմնադրամի նախագիծը տարածքի բարեկարգման եւ կանաչապատման համալիր ծրագիր է, որը երաշխավորում է գեղագիտական ճաշակով յուրահատուկ մշակված կանաչ տարածքՙ 130 փոշի եւ աղմուկ կլանող ծառերով ու 5000 զանազան թփատեսակներով, ոռոգման համակարգով եւ լուսավորությամբ: Կանաչ այս գոտին առանց ցանկապատման դառնալու է հասարակության համար մատչելի հանգստավայր: Կանաչապատման համար հատկացված է 500 հազար ԱՄՆ դոլար եւ բարերարի պահանջով այստեղ բացառվելու է բիզնեսային որեւէ գործունեություն: Կանաչապատումն իրականացվելու է բնապահպան նախանձախնդրությամբ հայտնի «Հայաստանի ծառատունկ» ծրագրի պրոֆեսիոնալ մասնագետների համագործակցությամբ:

Վերոհիշյալ ծրագիրն իրականացվող 11.900 քմ հողատարածքի 2.600 քմ-ն անհատույց օգտագործման իրավունքով համալսարանին է հատկացվել Երեւանի քաղաքապետարանի 1129/Ա որոշումով: Մնացած 9.300 քմ տարածքը, ինչպես նշվեց վերեւում, կանաչապատվելու եւ դառնալու է հասարակական նշանակության վայր, որի խնամքն ու պահպանությունը եւս ստանձնում է համալսարանը:

Ի հատուցում կառուցապատման համար նախատեսված 0,3 հա տարածքի ծառերն ու թփերը վտանգվելուն, քաղաքային իշխանություններին ընդառաջելով եւ նրանց կամեցողությամբ բարերար Էդուարդ Ավետիսյանը սիրահոժար ստանձնեց եւ կատարեց Հաղթանակ գյուղի դպրոցի վերականգնման աշխատանքներըՙ տրամադրելով 225.000 դոլար: Լինելով բնապահպանական խնդիրներին նախանձախնդիր անձնավորություն, նա դպրոցականների հետ իրականացրեց ծառատունկ: Բացի այդ, այգու 10 հազար դոլարի սահմաններում իրականացրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքի մի հատվածի լուսավորության աշխատանքները:

2002-ի հոկտեմբերի 5-ին Երեւանի քաղաքապետի մասնակցությամբ կատարվել է նոր մասնաշենքի հիմնաքարի տեղադրումը կառուցապատման տարածքում: 2003-ին բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել, 2003-ին նախագիծն ուսումնասիրելուց հետո Արաբկիր համայնքը տվել է շինարարության թույլտվություն:

Ենթադրվում է, որ նման ծրագիրն օր առաջ պետք է իրականության կոչվեր, մանավանդ կրթության ոլորտում նման հիմնավոր ներդրումներ անողների սակավության պայմաններում: Երբ պարզվեց, որ այգու հարակից տարածքի բնակիչները բնապահպանական եւ սեփական տների ապահովության անհանգստություններ ունեն, ՀԱՀ-ի վարչական տնօրինությունը ընդառաջելով այդ մտահոգություններին, ուրբաթ օրը կազմակերպեց բաց քննարկում, որը փոխադարձաբար միմյանց լսելու եւ մոտեցումները հարգելու առողջ եւ ուսանելի փորձ էր:

Շինարարության ընթացքում ենթադրվելիք պայթյունների վերաբերյալ մի բնակչի հարցին շինարարությունն իրականացնող «Հորիզոն» կազմակերպության տնօրենը վստահեցրեց, որ կիրառվող նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ փոշիանման նյութերը անաղմուկ ճեղքում են քարը եւ պայթյուն կատարելու անհրաժեշտությունը վերանում է: Բնապահպանական հաճախ էմոցիոնալ մտահոգություններով բնակիչները երբեմն իրենց կարծիքների մեջ հասնում էին ծայրահեղությունների եւ անհիմն մեղադրանքների: Հնչած յուրաքանչյուր հարցին կամ անստույգ տեղեկությանը հետեւում էր ՀԱՀ-ի վարչական տնօրեն Անահիտ Օրդյանի, զուսպ, հիմնավորված եւ փաստարկված պարզաբանում- պատասխանները:

Մի բնակչուհի, որ 31 տարի ապրում էր այգու հարեւանությամբ, իր մոտեցումներով հակադրվեց մյուսների «համախմբված» ընդդիմադիր կեցվածքին, շիտակություն ունենալով ասելու, թե սրտացավ խոսքային այս վերաբերմունքը պետք էր ժամանակին գործնական դրսեւորում ունենարՙ այգին այդ վիճակին չհասցնելու համար. «Հատուկ նկատառումներով մարդիկ կան, եւ եթե նրանց տարածք տրամադրեն, կմոռանան ծառն ու թուփն էլ, թթվածինն էլ»:

Քննարկմանը մասնակից պետական պաշտոնյաներըՙ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանը, Արաբկիրի թաղապետ Լեւոն Հարությունյանը, ՀԲԸՄ-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, բնապահպան հասարակական մի քանի կազմակերպությունների նախագահներ Աիդա Իսկոյանը («Շրջակա միջավայրի իրավական պաշտպանություն»), Կարինե Դանիելյանը («Հանուն մարդկային կայուն զարգացման»), բնակիչների մտահոգությունները կիսելով հանդերձ, քննարկվող հարցին որոշակիացված մոտեցում ցուցաբերեցին. յուրաքանչյուր ծառի ու թփիՙ իբրեւ կենդանի շնչառու օրգանիզմի հանդեպ սրտացավություն, միաժամանակ ողջունելով ՀԱՀ-ի այս նոր ծրագիրը: Արտահայտվողները նշում էին, որ չնայած անմշակ, բարձիթողի, աղբակույտերի ու անօթեւան մարդկանց եւ թափառող շների ապաստանավայրի վերածված այգու ներկա վիճակին, ցավում են ամեն ծառ ու թփի համար: Առաջարկվեց կառուցապատումն իրականացնել նվազագույն վնաս հասցնելով կանաչ տարածքին (տեղափոխել ծառերը), իսկ վնասվածների փոխարեն պարտավորություն ստանձնել աճեցնելու կրկնակին կամ մեկ այլ կանաչ գոտի ստեղծել, կամ բարեկարգել:

Մեր աչքի առաջ են Օղակաձեւ, Հաղթանակի, Օպերայի, Պուշկինի այգիները, այժմ Զանգվի ձորը, վաղը գուցե Ծիծեռնակաբերդը, երբ լկտի արհամարհանքով սեփական շահին հետամուտ բիզնեսի նպատակով հարյուրավոր հաստաբուն ծառեր են անխնա ոչնչացնում առանց պատասխանատվության, վնասի դույզն-ինչ հատուցման: Այս պարագայում, երբ երաշխիքներ են տրվում բացառիկ ճաշակով կանաչ տարածքի, երբ կառույցը տարածաշրջանում իր նշանակությամբ եզակի եւ Հայաստանի հեղինակությունը բարձրացնող գիտաուսումնական կենտրոն է լինելու, պահանջվում է ստերեոտիպ մտածողությունից ավելի տարբեր մոտեցում եւ ըմբռնում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4