Հայաստանի ներկայիս քաղաքական, սոցիալական եւ բարոյական ներկա իրավիճակում հնարավո՞ր է ունենալ իրապես անկախ եւ անաչառ լրագրություն, լրագրողական հանրությունը կարո՞ղ է ապահովել մասնագիտական բարոյականության ավելի բարձր մակարդակ, լրատվամիջոցների ինքնակարգավորման ինչպիսի՞ համակարգ է անհրաժեշտ ստեղծել` այս եւ շատ այլ հարցերի վերաբերյալ լրագրողական հանրության կարծիքների մասին հստակ պատկերացում ունենալու նպատակով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ Երեւանի մամուլի ակումբը կատարել է «Հայաստանում զանգվածային լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգի ձեւավորման հեռանկարները» հետազոտությունը, որում ներառված են սոցիոլոգիական հարցման արդյունքները: Իբրեւ հարցվողներ ընտրվել են 109 հոգի. որոնցից 31-ը համազգային տպագիր մամուլից են, 9-ըՙ լրատվական գործակալություններից, 26-ըՙ համազգային եւ կենտրոնական հեռարձակվող ԶԼՄ-ներից, 10-ըՙ երեւանյան լրագրողական հասարակական կազմակերպություններից, 13-ըՙ արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներից, 20-ըՙ մարզերի ԶԼՄ-ներից եւ լրագրողական կազմակերպություններից:
Հարցման արդյունքները երեկ ամփոփվեցին ու քննարկվեցին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած սեմինարում, որին հիմնականում հրավիրված էին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Հանրությանը անբարեխիղճ լրատվությունից պաշտպանելու, մամուլի ազատություն ապահովելու, մասնագիտական էթիկայի եւ համերաշխության խնդիրները լուծելու նկատառումով հարցվողների գերակշիռ մասը նախապատվելի է համարել մամուլի խորհրդի ստեղծումը: Հետազոտության վերաբերյալ սեմինարի մասնակիցներն ընդհանուր առմամբ արտահայտեցին դրական կարծիքներ, այն անվանելով առաջին էսքիզային քայլը ինքնակարգավորման համակարգի ստեղծման ճանապարհին: Սոցիոլոգ Նելսոն Շահնազարյանը նշեց, որ հասարակության ներկայիս խիստ ընդգծված անտարբերության ֆոնի վրա լրագրողները, ըստ հարցումների, դրսեւորել են նկատելի լավատեսություն եւ վստահություն ինքնահաստատման եւ հետագա զարգացման առումներով: Դրանք, իհարկե, տեսական արդյունքներ են, որոնց գործնական իրականացումը մեծապես կախված է տարբեր հանգամանքներից:
Առաջիկայում Երեւանի մամուլի ակումբը կշարունակի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ապահովել ինքնակարգավորման մեխանիզմների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ, քանի որ հետազոտությունները ցույց են տվել գիտելիքների մակարդակի ոչ լիարժեք պատկեր: Մամուլի խորհուրդ ստեղծելու համար կարեւորվեց լրատվամիջոցների ղեկավարների համախմբումը. «Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ մամուլի խորհուրդը արդյունավետ է աշխատում, եթե դրա ստեղծմանը մասնակցում են լրատվամիջոցներ հիմնած ընկերակցությունները, անհատները: Կարեւոր է նաեւ, որ խորհուրդն իր աշխատանքում ընդգրկի անբարեխիղճ լրագրողներից հանրությանը պաշտպանելու կարողություն ունեցող հեղինակավոր մարդկանց: Ներկա պահին այդպիսի խորհրդի ստեղծումը կախված է լրատվամիջոցների ղեկավարների եւ առաջատար լրագրողների ցանկությունից ու կամքից», ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ