Ավանդույթի համաձայն մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով որոշվում են Հայաստանի 10 լավագույն մարզիկները: Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքներով 2004 թ. հանրապետության լավագույն մարզիկ է ճանաչվել միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Հարցման 38 մասնակիցներից 26-ը հարցաթերթիկներում առաջինը նշել էր Ռաֆայել Վահանյանի ազգանունը: Նա վաստակեց 356 միավոր: Փորձառու գրոսմայստերը հիանալի հանդես եկավ շախմատի համաշխարհային օլիմպիադայում, որտեղ Հայաստանի հավաքականի կազմում դարձավ բրոնզե մրցանակակիր, իսկ իր խաղատախտակի վրա ցույց տալով լավագույն արդյունքը, արժանացավ ոսկե մեդալի: Վահանյանը լավագույնն էր նաեւ Մոսկվայում անցկացված միջազգային մրցաշարում, 2-րդըՙ Մայնցի (Գերմանիա) ավանդական մրցաշարում: Հայ գրոսմայստերը Գերմանիայի թիմային առաջնությունում կրկին նվաճեց չեմպիոնի կոչումը:
2-րդ տեղը գրավել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի այս տարվա չեմպիոն Մարտին Բերբերյանը (277 միավոր): Լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Լեւոն Արոնյանը (264 միավոր), որը բրոնզե մեդալներ էր նվաճել Եվրոպայի անհատական առաջնությունում եւ շախմատի օլիմպիադայում: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ հրաձիգ Նորայր Բախտամյանը (232 միավոր), գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը (199), հունահռոմեական ոճի ըմբիշ Վահան Ջուհարյանը (181), սամբիստ Քրիստինե Նաջարյանը (170), ծանրորդ Արմեն Ղազարյանը (111), ձյուդոյիստ Արմեն Նազարյանը (96) եւ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը (58): Հարցաթերթիկներում նշվել են նաեւ Խաչիկ Շամիրյանի (ուշու, 32 միավոր), Վլադիմիր Հակոբյանի (շախմատ, 29), Ալեքսան Նալբանդյանի (բռնցքամարտ, 22), Սուրեն Մարկոսյանի (ազատ ըմբշամարտ, 21), Էդգար Մանուչարյանի (ֆուտբոլ, 18), Բենիամին Գալստյանի (շախմատ, 11), Կարեն Դոխոյանի (ֆուտբոլ, 10), Սարգիս Սարգսյանի (թենիս, 1), Տիգրան Մարտիրոսյանի (ծանրամարտ, 1), Վազգեն Ազրոյան-Անաստասիա Գրեբյոնկինա գեղասահքի զույգի (1) անունները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ