«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2004-12-17 | #228, 2004-12-18 | #229, 2004-12-21


ՁՈՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

«Սիրկապ Արմենիա» ընկերությունը կատարում է ներդրումային իր պարտավորությունները

Ձորաղբյուրի մարզաբազայի շուրջ վերջերս իրարամերժ հրապարակումներ են եղել լրատվամիջոցներում, իրենց տեսակետներն են հայտնել սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանըՙ մեղադրելով սեփականատիրոջը պայմանագրային պարտավորությունների թերացման մեջ: Երեկ կազմակերպված մամուլի ասուլիսում այդ հարցի շուրջ իրենց մեկնաբանությունները ներկայացրին «Սիրկապ Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչ Արմեն Մամիկոնյանը, փաստաբաններ Հովհաննես Մելիքյանն ու Արա Զոհրաբյանը:

Կառավարության 2003 թ. հուլիսի 25-ի թիվ 910 որոշմամբ Ձորաղբյուրի մարզաբազան որպես սեփականություն վաճառվել է Լեռնային Ղարաբաղում գրանցված «Սիրկապ Արմենիա» ՓԲԸ-ին, որի բաժնետերերն են հայտնի գործարարներ, շվեյցարահայ Վարդան Սրմաքեշն ու ամերիկահայ Հրաչ Կապրիելյանը: Վերջիններս Արցախում եւ Հայաստանում զբաղվում են ադամանդագործության, ոսկերչության, ժամագործության եւ այլ ոլորտների բիզնեսով, ինչպես նաեւ «Արարատ» ֆուտբոլային ակումբի բաժնետերերն են: 33 հա սեփականաշնորհված տարածքում ընկերությունը պարտավորվել է մինչեւ 2007 թ. 4 մլն դոլարի ներդրում կատարել եւ ժամանակակից պահանջներին համապատասխանող մարզահամալիր կառուցել, որն իր մեջ կներառի ֆուտբոլային խաղադաշտեր, լողավազաններ, ֆուտբոլային մարզադաշտՙ ծածկած տրիբունաներով եւ այլ օժանդակ հարմարություններով: Մարզահամալիրը բաղկացած կլինի 2 մասից: Ընդհանուր սպասարկման մասից կօգտվեն բոլոր ցանկացողները, այդ թվում տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներն ու ֆուտբոլային թիմերը, իսկ մյուս մասը կհատկացվի «Արարատին»:

Արմեն Մամիկոնյանը նշեց, որ համաձայն պայմանագրի, այս տարի ընկերությունը պետք է 600 հազար դոլարի ներդրում կատարեր, ինչն իրականացվել է: Այդ գումարը հիմնականում ծախսվել է Ձորաղբյուրի մարզաբազայի հին շինությունների քանդման, մարզահամալիրի էսքիզային նախագծերի կազմման, սալիկապատման աշխատանքների, դռների, լուսամուտների ձեռք բերման վրա: Ըստ «Սիրկապ Արմենիա» ընկերության ներկայացուցչի, անհիմն են այն պնդումները, որ պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել: 2005թ. հունվարին կհրապարակվեն աուդիտորական ստուգումների արդյունքները, որոնք կհաստատեն ընկերության կողմից ներդրումային ծրագրի իրականացման փաստը: Նշվեց նաեւ, որ սկզբնական շրջանում շինարարությունն իրականացնում էր «Իտարկո Քոնսթրաքշն» ընկերությունը, իսկ սեպտեմբերից մարզաբազայի շինարարությամբ զբաղվում է «Սիրկապ Արմենիա» ընկերության երեւանյան մասնաճյուղը: Այսպիսով, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա եւ խստորեն կատարվեն պայմանագրային պարտավորությունները, ապա Ձորաղբյուրում կունենանք ժամանակակից պահանջներին համապատասխանող մարզահամալիր, որի ծառայություններից կօգտվեն ինչպես տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչները, այնպես էլ «Արարատի» ֆուտբոլիստները, որոնք վերջապես սեփական մարզաբազա կունենան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4