«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2004-12-17 | #228, 2004-12-18 | #229, 2004-12-21


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ԳՈՐԾՈՆՈՎ

Առաջիկա երեք ամիսներին չի բացառվում դրանց լուրջ իջեցումը

Միջազգային շուկայում նավթի գների տատանումներն ինչպիսի՞ ազդեցություն են ունենում Հայաստանի ներքին շուկայում բենզինի գների վրա: Այս հարցը թերեւս շատերին է հետաքրքրում եւ շատ հաճախ նաեւ քաղաքական շահարկումների տեղիք տալիս: Ուստի վառելիքի ներմուծման վրա ազդող տարբեր գործոնների, այդ թվում միջազգային շուկայի գների տատանումների, մեր շուկայում դրանց ազդեցության ու այլ մանրամասների վերաբերյալ առավել հիմնավոր տեղեկություններ ստանալու նպատակով դիմեցինք բենզին եւ դիզվառելիք ներկրող խոշորագույնՙ «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին:

«Ֆլեշի» նախագահի հավաստմամբ, բնական է, որ միջազգային շուկան եւ Հայաստանի շուկան կապված են, բայց ժամանակային տատանումների գործոնը կարող է ազդել այդ փոխկապակցվածության վրա: Միջազգային շուկայում նավթի գների վերջին տատանումները, երբ 1 բարելի գինը 47-48 դոլարից իջավ մինչեւ 38 դոլարի եւ ներկայումս նորից հասավ մինչեւ 44 դոլարի, տեւեցին 10-12 օր: Տարբեր պատճառներով պայմանավորված նման տատանումներին հաճախ մեր բենզին ներկրողները չեն էլ հասցնում արձագանքել: Այդուհանդերձ, Բարսեղ Բեգլարյանը հայտնեց, որ իրենք այդ էժանացման օրերին գնել են վառելիքի խմբաքանակ, որը շուտով կստանան եւ ներքին շուկայում արդեն դեկտեմբերի վերջերին կվաճառվի այդ օրերին ներկրված էժան բենզինը: Արդեն այս օրերին շուկայում վառելիքի գները իջել են մոտ 10-20 դրամով: «Ռեգուլյար» բենզինը 320 դրամից դարձել է 310 դրամ: 10 դրամով իջել են նաեւ բենզինի «սուպեր» եւ «պրեմիում» տեսակները: Դիզվառելիքը 280 դրամից իջել է մինչեւ 250 դրամի: Ավելին, առաջիկա երեք ամիսների համար «Ֆլեշի» նախագահը չի բացառում վառելիքի գների լուրջ իջեցում Հայաստանի ներքին շուկայում:

Անդրադառնալով բենզինի գների շուրջ շահարկումներին, Բարսեղ Բեգլարյանը իր տարակուսանքը հայտնեց այն փաստի առնչությամբ, երբ միջազգային շուկայում 8-10 ամիս շարունակ վառելիքի գները բարձրանում էին, իսկ մեր շուկայում դրանք կայուն էին մնում, բայց ոչ ոք այդ մասին չէր խոսում: Դրա պատճառը մեր շուկայում առկա լուրջ մրցակցությունն է: Բենզինի ներկրմամբ եւ մեծածախ վաճառքով զբաղվող առնվազն 7-8 ընկերություններ են («Ֆլեշ», «Գորպետրոլսերվիս», «Միկա», «Ռանօյլ», «Ագրոպետրոլսերվիս», «Գանձասար», «Մաքս գրուպ», «Ինկոմպետրոլ») գործում Հայաստանի շուկայում: Առկա է եւս մեկ հանգամանք: Մանրածախ շուկայում ներկրմամբ եւ մեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունները ներկայացված են ընդամենը 20-25 տոկոսով: Կան ընկերություններ, որոնք մեծածախ շուկայում դիրքեր չունեն, բայց ակտիվորեն գործում եւ իրենց պայմաններն են թելադրում մանրածախ շուկայում: Այսինքն, ինչպես նշեց «Ֆլեշի» ղեկավարը, մանրածախ շուկայում մեծածախ վաճառքով զբաղվողները էական դեր չեն կարող խաղալ:

Բենզինի սակագնի վրա կարող է ազդել անգամ այն հանգամանքը, թե ինչ նավերով է բենզինը ներմուծվում: Բարսեղ Բեգլարյանի հավաստմամբ, եվրոպական ծովային ավազանում վերջերս խստացվել են պահանջները: Հին նավերն արգելվել են, քանի որ ապահովագրության խնդիրներ կարող էին առաջանալ, իսկ նոր նավերով ներկրելն ավելի թանկ է: Բացի այդ, եթե բենզինը ներկրվում է փոքր նավերով, ապա թանկ է արժենում: Մեծ նավերով բերելու դեպքում դրա սպառման ժամանակ միջազգային գների տատանումներ են լինում, որի ժամանակ ներկրող ընկերությունները կարող են կորուստներ ունենալ: Հետեւաբար, Բարսեղ Բեգլարյանի հավաստմամբ, կարող են լինել ամիսներ, երբ գների ազդեցությունն անմիջականորեն չերեւա մեր շուկայում եւ ընդհակառակը:

Պատասխանելով մեր այն հարցին, թե ռուսական խոշորագույն նավթարդյունահանող ընկերությանՙ «Յուգանսկնեֆտգազի» վաճառքը կազդի՞ Հայաստանի շուկայի գների վրա, մեր զրուցակիցը քիչ հավանական համարեց նման ազդեցությունը, ասելով, որ հայկական ընկերությունները վառելիքը գնում են եվրոպական շուկայից, որտեղ ռուսական ընկերությունները, բացի «Լուկօյլից», լուրջ ազդեցություն չունեն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4