«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2004-12-17 | #228, 2004-12-18 | #229, 2004-12-21


ՈՂՆԱՇԱՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈՒԺԵԼԻ ԵՆ ՄԻԱՅՆ ՄԱՆՈՒԱԼ ԹԵՐԱՊԻԱՅՈՎ

«Ժամանակակից գիտությունը ցույց է տալիս, որ ողնաշարի հիվանդությունների բուժման ամենալավ միջոցը մանուալ թերապիան է: Դա նոր գյուտ չէ, հայտնի է եղել դեռեւս Հերոդոտի ժամանակներից եւ տարբեր անուններով հասել է մինչեւ մեր օրերը: Որպես բուժման արդյունավետ մեթոդ այսօր բավականին տարածված է աշխարհում, հարուստ գիտելիքներով եւ հմտությամբ աչքի են ընկնում հատկապես Չեխիայի եւ Սլովակիայի մասնագետները», ասում է Հայկական ավանդական բժշկության ասոցիացիայի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարության մանուալ թերապիայի գլխավոր մասնագետ, առողջապահության ազգային ինստիտուտի ավանդական բժշկության ամբիոնի դոցենտ Սամվել Քոչինյանը:

Նա նշում է, որ աշխարհում ամենատարածված հիվանդություններից մեկըՙ օստեոխոնդրոզը, Հայաստանում լայն չափերի է հասնում մի քանի հիմնական պատճառներով: Նախՙ հայաստանցիներս դինամիկ չենք, սպորտը մեզանում մասսայական չէ, առավելապես նախընտրում ենք հանգստի պասսիվ ձեւերը, երկրորդՙ Հայաստանի աղբյուրներից եկող սառնորակ ու համով ջուրը հարուստ է աղերով, եւ քանի որ խմելու ջուրը չի ֆիլտրվում, հետեւաբար մեր ջրին յուրահատուկ համ տվող աղերը եւս նպաստում են աղերի կուտակման առաջացմանը: Երրորդ պատճառը կախված է այն բանից, թե որքանով են ծնողները ուշադիր իրենց երեխաների նկատմամբ հատկապես սեռական զարգացման շրջանում: Ծնողներն, իհարկե, շատ են ուրախանում, երբ իրենց երեխաներն այդ շրջանում միանգամից բարձրահասակ են դառնում, մազաչափ անգամ չկասկածելով դրա վտանգավոր հետեւանքների մասին: Բանն այն է, որ երբ ոսկորները արագորեն աճում են, իսկ մկանային համակարգը չի հասցնում զարգանալ այդ աճին համապատասխան, առաջանում է ողնաշարի ձեւափոխում: Ծնողի անուշադրության դեպքում հիվանդությունը սրվում է, եւ ողնաշարը ստանում է լատինական S տառի ձեւը:

«70-ական թվականներին, երբ զբաղվում էի ասեղնաբուժությամբ, Չեխոսլովակիայում ականատես եղա, թե ինչպես է մանուալ թերապիայի մասնագետը ուղղում հիվանդի ողնաշարը: Այն ժամանակվանից համոզվեցի, որ իշիասների ու ռադիկուլիտների դեպքում ասեղնաբուժությունը որպես բուժման մեթոդ հաճախ բավարար չէ, որովհետեւ նյարդի բորբոքումը հնարավոր չէ բուժել առանց ողնաշարն ուղղելու: Նյարդաբանը կարող է ժամանակավորպես մեղմել կամ հանգստացնել նյարդի բորբոքումը, բայց երբ ողնաշարի թեքման հետեւանքով նյարդը խիստ ճնշված է, ոչ միշտ է հաջողվում բորբոքումը վերացնել, որովհետեւ նյարդն անընդհատ գրգռված վիճակում է: Դա գրեթե նույնն է, թե մարդը ձեռքը դնի ծանր քարի տակ ու անընդհատ դեղ խմի: Ավելին, երբ նյարդը սեղմված է, նույնիսկ ամենաուժեղ ցավազրկող դեղամիջոցներով չենք կարողանում հիվանդի ցավերը հանգստացնել: Դրա համար էլ շատ կարեւոր է նախեւառաջ նյարդը ազատել ճնշվածությունից եւ միայն դրանից հետո բորբոքվածությունը վերացնել տարբեր միջոցներովՙ ասեղնաբուժությամբ, ֆիզիոթերապիայով, լազերային բուժմամբ եւ այլն: Ամբողջ հարցն այն է, որ նյարդի ճնշվածությունը կարող է վերացնել միայն մանուալ թերապեւտը, որը նախ ուղղում է ողնաշարը, հետո կիրառում մյուս մեթոդները բորբոքումը բուժելու համար», հավելում է պրն Քոչինյանը:

«Մոր եւ մանկան առողջապահական» կենտրոնի պոլիկլինիկայի ավանդական բժշկության լաբորատորիայում 30-ամյա փորձ ունեցող բժիշկ Քոչինյանն ամեն օր ընդունում է բազմաթիվ հիվանդների, որոնց գերակշիռ մասը երիտասարդ ու միջին տարիքի են: Բժշկի ասելով, այդ ընթացքում չի եղել ռադիկուլիտով տառապող գոնե մեկ հիվանդ, որը ողնաշարի թեքում չունենա: Եթե ողնաշարը խախտված է, ապա մրսելու դեպքում նյարդը բորբոքվում է, լարում մկանը, որն իր հերթին ազդում է ողնաշարի վրա, վերջինս էլՙ սեղմված նյարդի վրա: Այսպես անընդհատ մեկը մյուսի վրա ազդելով հիվանդի վիճակը հասնում է այն կետին, որ նա կարողանում է արագ շարժել միայն աչքերը:

Բժշկին խորապես անհանգստացնում է այն երեւույթը, որ վերջին տարիներին հեռուստատեսությամբ որպես մանուալ թերապեւտներ են հանդես գալիս առանձին մերսողներ ու բուսաբուժությամբ զբաղվողներՙ մարդկանց գցելով թյուրիմացության մեջ:

«Մեր երկրում այսօր չկա մի լծակ, որը վերահսկի ոչ պրոֆեսիոնալ բժիշկների գործունեությունը: Այս ոլորտում, կարելի է ասել, ոչ մի օրենք չի գործում, այդ վտանգավոր երեւույթի դեմ պայքարելու համար չկա իրավական դաշտ եւ մնում է ապավինել մարդկանց աչալրջությանը: Ոչ պրոֆեսիոնալ մասնագետը կարող է հեշտությամբ վնասել հիվանդին, կան մի շարք ախտորոշումներ, որոնց դեպքում չի կարելի մանուալ թերապիա կիրառել: Օրինակ, օստիոպորոզների դեպքում, երբ ոսկորները փխրուն են դառնում, կարող են կոտրվել, չպետք է բացառել նաեւ, որ հիվանդի ողնաշարի մեջ կարող է ուռուցք լինել եւ այլն», նկատում է պրն Քոչինյանը:

Հենց այդպիսի մասնագետների մի քանի տարվա անհաջող բուժման հետեւանքով ռադիկուլիտով տառապող հիվանդները, ըստ նրա, այդ հիվանդությունը համարում են անբուժելի եւ հուսահատվում: Բժիշկը զգուշացնում է, որ հիվանդները պետք է զգույշ լինեն հատկապես ծանրություն բարձրացնելիս, քաշն այստեղ նշանակություն չունի: Անգամ ոչ մեծ ծանրությունից մարդը կարող է վնասել ողնաշարը, եթե ճիշտ չի բարձրացնում: Ամենահասարակ գաղտնիքներից մեկը դա է, նույնիսկ լիքը թեյամանը կարող է վնասել ողնաշարը, եթե կողքից ենք վերցնում:

Այս մասնագիտությունը նույնիսկ անվանում են մանուալ բժշկություն: Մանուս նշանակում է ձեռք, այսինքնՙ բուժում ձեռքով:

Առողջապահության ազգային ինստիտուտում դոցենտ Քոչինյանի ղեկավարած ավանդական բժշկության ամբիոնում բժշկական ինստիտուտն ավարտած ուսանողները 1 տարի սովորում են ՙ դառնալով մանուալ թերապեւտներ: Գլխավոր մասնագետի ասելով, Հայաստանում մանուալ թերապեւտները գործում են բավականին արդյունավետ, իր պատրաստած բժիշկների թիվը հասնում է 10-ի: Այսօր կան բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանում մանուալ թերապիան զբաղեցնի իր արժանի տեղը ժամանակակից բժշկության հնարքների շարքում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4